05 12 2018

Մեր և արևմտյան արևմտամետները․ «Հայոց աշխարհ»

Մեր և արևմտյան արևմտամետները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դուք նկատե՞լ եք, թե իշխանափոխությունից հետո որքան են մեզանում շատացել արեւմտամետ ժողովրդավարները, ավելի ճիշտ՝ իրենց այդպիսին հորջորջող գործիչները։ Ավելի շատ, քան ագռավները մայրաքաղաքի աղբանոցներում։ Բայց որքանո՞վ են նրանք իրականում արեւմտամետ ժողովրդավար։ Փորձենք պարզել այս հարցը։  

Հայրենի արեւմտամետ ժողովրդավարների քաղաքական հռչակագրերը բերում են զարմանալի եզրահանգման. իրականում մեր ժողովրդավարները չեն ընդունում արեւմտյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը։ Այն է՝ որ ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքականությունը ինքնուրույն եւ հենց այդ պատճառով էլ հասարակական կյանքի կարեւորագույն գործոն է։   

Քաղաքականությունը բնավ «կեղտոտ» կամ «մաքուր» չէ, ոչ էլ «մուտիլովկա» կամ «ժողովրդին ծառայություն», այլ քաղաքական գործունեության որոշակի տեսակ, «հնարավորի արվեստ» եւ գլխավորապես փոխզիջումների արվեստ։  

Ժողովրդի, նրա հոգսերի եւ իղձերի վկայակոչումը դարձել է մեր արեւմտամետների սիրելի մոտիվը, սակայն հարգել ժողովրդի կարծիքը հենց այն vox populi-ն, որը քաղաքական մարտերի ավարտը նախորոշող «սրբազան կովն» է արեւմտյան ժողովրդավարությունների համար, դժվարությամբ է նրանց հաջողվում։  

Հայրենի արեւմտամետ ժողովրդավարները, «ապրելով ժողովրդի համար», ամենուրեք վերաբերվում են նրան արհամարհանքով՝ համարելով ապաքաղաքական ամորֆ զանգված։  

Իշխանության նկատմամբ էլիտաների վերաբերմունքը Արեւմուտքում պրագմատիկ ու ռացիոնալ է։ Արեւմտյան մոտեցումը հետեւողականություն է եւ կառուցվածքայնություն. բացահայտել խնդիրը, նկարագրել այն, պարզել լուծման մեթոդներն ու ժամկետները, զեկուցել իրականացման մասին։   

Արեւմտյան քաղաքական գործիչը չի մտածում «ազգի խղճի» չափանիշներով, նրա քաղաքական հեղինակությունը ձեւավորվում է պառլամենտում, կառավարության կազմում անցկացրած տարիների քանակով, նրա նախաձեռնած բարեփոխումների եւ օրենքների կարեւորությամբ։  

Իսկ մեր արեւմտամետ ժողովրդավարի մոտեցումը առավել հաճախ ընդհանուր դատողություններն են առ այն, թե ինչպես անել, որ բոլորի համար լավ լինի՝ չզբաղվելով կոնկրետ ոչ մի բանով, բացի սեփական շահերի պաշտպանությունից։  

Միայն մի հարցում են հայրենի արեւմտամետները համահունչ արեւմտյան գործիչների հետ՝ ազգային ավանդույթների քննադատության։ Բայց եթե վերջիններս անում են դա հազվադեպ ու զուսպ, ապա հայկական արեւմտամետները՝ մշտապես ու առանց չափավորելու վիրավորական արտահայտությունները։ Ասես խոսքը վերաբերում է ինչ-որ թշնամական երկրի։  

Այսպիսով հայկական արեւմտամետ ժողովրդավարը իր էությամբ հակաարեւմտյան երեւույթ է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ