«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Չիրականացված խոստումներ տալուց եւ տնտեսության շուրջ տեսական դատողություններ անելուց զատ, ի վերջո ե՞րբ պիտի կառավարությունը սկսի կոնկրետ գործով զբաղվել։ Այս հարցի պատասխանը առայժմ բաց է մնում։
Որքան էլ փորձ արվի վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության անմխիթար վիճակը պայմանավորել քաղաքական անորոշություններով, միեւնույն է, դա չի արդարացնում այն կառավարությանը, որը կես տարում ոչինչ չկարողացավ անել երկրում կայունություն հաստատելու եւ վիճակը շտկելու համար։
Ընդհակառակն, իր կարճատեւ գործունեության ընթացքում կառավարությունն ամեն ինչ արեց երկրում խորացնելու լարվածությունը։ Զարմանալ կարելի է, որ այս ամենից հետո տնտեսության անմխիթար վիճակի համար կառավարությունը փորձում է մեղավորներ փնտրել այլ տեղում, երբ դրա հիմնական պատասխանատուն ինքն է։
Իշխանափոխությունից անցել է յոթ ամիս, բայց տնտեսությունը շարունակում է մնալ սպասումային վիճակում։ Այս հատվածի մասնակիցները չեն կարողանում կողմնորոշվել, թե ընդհանրապես որն է կառավարության տնտեսական քաղաքականության ուղենիշը։ Գուցե կես տարին իսկապես քիչ ժամանակ էր շոշափելի արդյունքների հասնելու համար։ Բայց որ դա միանգամայն բավարար էր դնելու զարգացումների հիմքերը, անկասկած է։
Չնայած դրան, ինչպես իշխանափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ հիմա, բացակայում են տնտեսության զարգացման հեռանկարները։ Այս ընթացքում կառավարությունը չկարողացավ իրականացնել ինստիտուցիոնալ որեւէ փոփոխություն, որը պիտի ամրապնդեր հեղափոխության նվաճումները։ Մինչդեռ առանց նման հիմքերի, անիմաստ է խոսել հեռանկարային ձեռքբերումների մասին։ Պատահական չէ, որ տնտեսության լարվածությունը գնալով խորանում է։
Չկա առաջընթաց հասարակության սոցիալական կյանքում։ Այս ընթացքում չհաջողվեց կատարել որեւէ խոստում, որը պիտի թեթեւացներ երկրում սոցիալական ծանրաբեռնվածությունը։ Տեղին չէ դրա համար այլ մեղավորներ փնտրել։ Նամանավանդ կառավարությունն ուներ հասարակական աջակցության բացարձակ ռեսուրս եւ լծակներ՝ իրականացնելու խոստացած փոփոխությունները։
Չընդունելով նախկին իշխանությունների ձեւավորած տնտեսական մոդելը եւ համարելով, որ այն չի նպաստում ներառական տնտեսական աճի ապահովմանը, կառավարությունն այդպես էլ որեւէ այլ բան չառաջարկեց։ Զարմանալի չէ, որ տնտեսության առանձին ոլորտներ կանգնած են հետագա գործունեությունը շարունակելու երկընտրանքի առաջ։
Այդ պայմաններում տարօրինակ կլիներ, եթե ներդրումներ արվեին, կամ տեղի ունենար արտադրական գործունեության ընդլայնում։ Զավեշտն այնտեղ է հասել, որ սեփական սխալներն ընդունելու եւ շտկելու փոխարեն՝ տնտեսության մեջ վերջին ամիսներին դիտարկվող անցանկալի երեւույթները կառավարության տարբեր պաշտոնյաներ փորձում են վերագրել նախկին իշխանություններին։ Իսկ թե իրենք ինչ են արել այս ընթացքում նման խնդիրներից տնտեսությունը զերծ պահելու համար, ոչ մի խոսք։
Այլ բան հազիվ թե կարելի էր սպասել, քանի որ իրականում ոչինչ էլ չի արվել։
Անգամ մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ այս փուլում կառավարությունը գրեթե ամբողջովին տապալել է տնտեսական քաղաքականությունը։ Որեւէ ոլորտում չկա հայեցակարգային մոտեցում։
Լավատեսական այն սպասումները, որ ձեւավորվել էին իշխանափոխության սկզբնական շրջանում, այլեւս մնացել են անցյալում։ Շատերը դադարել են հույս փայփայել, որ կառավարության խոստումները մոտ ժամանակահատվածում կարող են իրականություն դառնալ։ Հայաստանի տնտեսությունը արագորեն մոտենում է անկումային փուլին։ Այն երբեւէ այսպիսի անտեր վիճակում չէր եղել։
Կարծես որեւէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ։ Կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները բացահայտ անգործության են մատնված։ Եթե նույնիսկ այդպես չէ, ապա նրանց աշխատանքի արդյունավետությունը խիստ ցածր է։
Այս ամենը շատ լավ տեսնում են բոլորը, թեեւ քչերն են խոսում այդ մասին։ Որքան էլ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը փորձում է հասարակությանը մոլորեցնելու միջոցով շեղել ուշադրությունը տնտեսական խնդիրներից կամ դրանք մեկնաբանել իր հայեցողությամբ եւ ընկալումների սահմաններում, միեւնույն է, դրանից շատ բան չի փոխվում։ Տնտեսության վիճակը լավ չէ եւ գնալով վատանում է։
Պետք է լուծումներ գտնել դրա համար։ Բայց կառավարությունը կարծես դրա կարողությունն ու ժամանակը չունի։ Այն լիովին տարված է քաղաքական գործընթացներով՝ չնայած գործադիր իշխանության հիմնական գործառույթը տնտեսությունն է ու տնտեսական քաղաքականության իրականացումը։
Մինչ կառավարությունն անտարբեր է տնտեսության նկատմամբ, այն մոտենում է հատակին։ Եթե հաշվի չառնենք թաքնված տնտեսության հայտարարագրումները, ապա վաղուց Հայաստանում անհնարին կլիներ խոսել դեռեւս արձանագրվող չնչին ակտիվության մասին։ Պատահական չէ, որ վերջին ամիսներին տնտեսական աճին քիչ թե շատ նպաստող հիմնական ոլորտները դարձել են երկուսը՝ ծառայություններն ու առեւտուրը։
Հասարակության ցածր եկամուտների պայմաններում սա անշուշտ տարօրինակ է։ Բայցեւ ունի իր պատճառները. Աճը կապված է ոչ այնքան իրական տնտեսական ակտիվության եւ պահանջարկի ավելացման, որքան չհարկվող շրջանառությունների հայտարարագրման հետ։ Դա ժամանակավոր երեւույթ է, որ շուտով սպառվելու է»։
Նյութն ամբողջութամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը