«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ, Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, որոշեցի գործել անօրինակ քաղաքացիական սխրանք։ Մտքովս անցավ կարդալ իշխանական մամուլում տպագրված վարչապետի պաշտոնակատարի նախընտրական ելույթները Թալինում, Մարալիկում, Անի համայնքում։
Միգուցե, մտածեցի ես, ելույթներն այդ իմաստության եւ երջանկության աղբյուր լինեն։ Հատու խոսքերի հետ մեկտեղ տոնը մուտք կգործի նաեւ իմ քարացած հոգու մեջ եւ վաղվա օրվա հանդեպ վստահություն կսերմանի այնտեղ։ Որքա՜ն իրավացի էին իմ ենթադրությունները։ «Ինչու եմ ես ակնկալում այդ քվեն ձեզանից. պատկերացնո՞ւմ եք, ես հիմա ասեի՝ ես վարչապետի թեկնածու չեմ ու չեմ առաջադրվում ու չեմ լինելու վարչապետ, դա կլիներ փախուստ, դա կլիներ ճանապարհի կեսից դավաճանել ժողովրդին»,- հայտարարեց Թալինում Փաշինյանը։ Որքա՜ն իրավացի է պաշտոնակատարը, Աստված իմ, որքա՛ն իրավացի է նա։ Չէ՞ որ վարչապետ չառաջադրվելը՝ դա նույնը կլիներ, թե հրշեջները, հրդեհը դեռ չմարած, հավաքեն խողովակներն ու ասեն. «Տղերք, հիմա մյուսների հերթափոխն է։ Ոչ մի իրավունք չունենք ոտնահարելու մեր ընկերների իրավունքները, որոնք նույնպես ուզում են մի քիչ հրդեհ մարել»։ Ու թողնեն հեռանան։ Իսկ մյուս հրշեջները դեռ պիտի զգեստափոխվեն, հագնեն սաղավարտները, պատրաստեն դույլերն ու կացինները։
Նույնիսկ եթե պաշտոնակատարը որոշեր գնալ դավաճանության ու չառաջադրվել, մենք, միեւնույն է, նրան բաց թողնելու իրավունք չէինք ունենա։ Չէ՞ որ գործն ավարտին հասցված չէ. մերթ այստեղ, մերթ այնտեղ դեռ նշմարվում են «սեւ ուժերի» ներկայացուցիչների ստվերները, թաքնվել են թփուտներում կոռուպցիոներների մնացուկները, դեռ ոչ բոլորն են պառկել ասֆալտին կամ ծեփվել պատերին, դեռեւս կյանքի նշույլներ է ցուցաբերում տնտեսությունը, դեռ բարձր պաշտոններ չեն ստացել թաղի մի քանի գժեր...
Կլուծի այդ խնդիրները, կհասցնի գործն ավարտին, թող հեռանա ուր ուզում է։ Իսկ մինչ այդ որեւէ խոսակցություն չառաջադրվելու մասին իսկապես փախուստ ու դավաճանություն կլինի։ Մենք հրաժարվում ենք այդ խոսակցությանը մասնակցելուց։ Անչափ տպավորիչ էր նաեւ հանրապետականների քննադատությունը բարոյականության դիրքերից։
Նկատենք, որ բարոյական պահվածքի չափորոշիչների մշակմամբ մինչեւ Փաշինյանը շատ են զբաղվել Հիսուս Քրիստոսը, հռոմեական սուրբ ինկվիզիցիան, Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը, կարմիր կխմերների համերաշխ կոլեկտիվը եւ էլի հարյուր հիսունութ հազար մասնավոր անձինք ու կազմակերպություններ։
Բարոյականության հարցերը հուզել են մարդկությանը միշտ։ Վարքի կանոնների եւ նորմերի գիտությանը հայտնի առաջին ժողովածուներից մեկը Բաբելոնի արքա Համմուրապիի կոդեքսն է (Ք.ա. XVIII դար)։ Այն ստեղծվել է Մովսեսի օրենքներից 500 տարի առաջ։
Հին եգիպտացիների պատկերացումների մասին, թե ինչը համարել բարոյական, ինչը՝ անբարո, կարող ենք իմանալ հանրահայտ «Մեռյալների գրքի» (Ք.ա. XXIV-XVIII դդ.) 125-րդ գլխից, որտեղ գրի է առնված մահացած մարդու հոգու գնահատման ընթացակարգը ստորերկրյա թագավորության աստվածների կողմից։
Աստվածաշնչի մասին ընդհանրապես չենք խոսում։ Դա բարոյականության իսկական դասագիրք է, որը պիտի յուրացնի յուրաքանչյուր քրիստոնյա։
Ըստ երեւույթին, հենց որպես մարդկության այդ ջանքերի պսակ էլ Մարալիկում աշխարհին ներկայացավ Նիկոլ Փաշինյանը։
Թեեւ, մյուս կողմից, ինչպես սրամտորեն նկատել է ժամանակին Միխայիլ Ժվանեցկին. «Այն, ինչը մենք անվանում ենք թթվասեր, թթվասեր չէ»։
Շատ հաճախ է պատահում, որ տեսությունը մի բան է լինում, իսկ պրակտիկան՝ միանգամայն այլ։ Համենայն դեպս մեզանում՝ հայոց աշխարհում, հենց որ սկսում են փորձել տեսությունը պրակտիկայով, անմիջապես սատանան գիտե, թե ինչ է ստացվում։ Կլիման է հավանաբար այդպիսին եւ ազգային բնավորության յուրահատկությունները։ Դե, իսկ տեսությունը այդ գործոնները, չգիտես ինչու, հաշվի չի առնում։
Ահա ուրեմն, պրակտիկան ցույց է տալիս, որ հանձին վարչապետի պաշտոնակատարի՝ մենք գործ ունենք ծայրաստիճան ագրեսիվ մարդու հետ, որը հանուն սեփական իշխանության պահպանման եւ ուժգնացման կանգ չի առնի ոչ մի բանի առջեւ ու հեշտությամբ կխախտի բարոյականության բոլոր նորմերը։
Թեեւ մի անչափ սիրելի կինոկերպար ուսուցանում էր, որ «Պատերազմը պոկեր չէ, այն չի կարելի հայտարարել երբ մտքովդ անցնի», Փաշինյանը մշտապես պատերազմի առիթ է փնտրում։ Նա ամեն մի իրավիճակ դիտարկում է որպես casus belli-ի սպասում (ֆորմալ առիթ պատերազմ հայտարարելու համար)։
Ի դեպ, երբ հակասություններն անհրաժեշտ աստիճանի հասունացել են, եւ կողմերը պատրաստ են համարում իրենց վճռական մարտին, casus belli-ն գտնվում է ինքնաբերաբար, իսկ եթե չի էլ գտնվում, ապա ստեղծվում է։ Երբ չկա բացահայտ առճակատման գնալու կամք կամ հնարավորություն, տասը casus belli-ի հասնող միջադեպն անգամ համեստորեն կասեցվում է արգելակներով։
Առճակատման գնալու ցանկությունը Փաշինյանի մոտ անսպառ է ամեն մի իրավիճակում, իսկ դա նշանակում է, որ պատերազմներ կընթանան անդադար, քանի դեռ նա իշխանության ղեկին է։ Այսօր դա կարող է լինել պատերազմ ՀՀԿ-ի դեմ, վաղը՝ «Սասնա ծռերի», վաղը չէ մյուս օրը՝ էլի ինչ-որ մեկի, եւ այդպես շարունակ։ Միշտ կգտնվեն նոր «սեւ ուժեր», որոնց հարցերը պետք է լուծել։
Երկրի ղեկավարի ագրեսիան ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։ Հանրահայտ հոգեբան Ռոբերտ Բերոնը բնորոշում է ագրեսիան որպես «պահվածքի յուրաքանչյուր ձեւ՝ ուղղված այլ կենդանի արարածին վնաս կամ կորուստ պատճառելու նպատակին, որը կամենում է խուսափել նման վերաբերմունքից»։
Բացառապես ագրեսիվությամբ երկիր չես ղեկավարի։ Կյանքը այնուամենայնիվ միայն պատերազմ չէ։ Վերցնենք թեկուզ ընտրությունները։ Դրանք հանրությունների, հասարակական խմբերի, կազմակերպությունների, կուսակցությունների երկխոսություն պետք է լինեն։ Եվ երկխոսությունն այդ պետք է ընթանա բոլորի դեմ բոլորի տոտալ պատերազմի օրենքներից տարբերվող կանոններով։
Պատերազմը վերջին փաստարկն է։ Վերջին փաստարկը պահում են վերջին ծայրահեղության համար. եւ որտե՞ղ եք տեսնում ներկայումս այդ ծայրահեղությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը