24 11 2018

Արդյո՞ք Հայաստանի ուսուցիչների թիվը շատ է․ «168 Ժամ»

Արդյո՞ք Հայաստանի ուսուցիչների թիվը շատ է․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում ուսուցիչների թիվը 10 հազարով ավելի է։ Որպես հիմք՝ վերցվում է այն հանգամանքը, որ Հայաստանում կա ուսուցչի շուրջ 25 հազար դրույք, մինչդեռ ուսուցիչների թիվը շուրջ 37 հազար է։ Նաև ուսուցիչների թվի ավելցուկն է համարվում պատճառ, որ շատ քիչ ուսուցիչներ են ստանում ֆինանսական փաստաթղթերում նշվող 152 հազար դրամ աշխատավարձը։

Թվերի վերլուծության միջոցով փորձենք հասկանալ ուսուցիչների թվի ավելցուկի խնդիրը։ Նշենք, որ Հայաստանում մեկ դրույք ունեն այն ուսուցիչները, ովքեր դասավանդում են շաբաթական 22 ժամ (1990-ականներին այդ թիվը 18 ժամ էր)։ Նախ, նորմալ է, որ ուսուցիչների թիվն ավելին է, քան դրույքի թիվը։ Բանն այն է, որ դպրոցներում կան առարկաներ, որոնց ժամերը մեկ դրույքից ցածր են։

Օրինակ՝ Քիմիան։ Այս առարկայի դասավանդումը սկսվում է 7-րդ դասարանից։ Եթե դպրոցը հիմնական է, այսինքն՝ ունի 1-9-րդ դասարաններ, և յուրաքանչյուր դասարանից ունի երկուական, ապա Քիմիայի ուսուցիչը կարող է ունենալ շաբաթական մոտ 10 ժամ ծանրաբեռնվածություն։ Եթե դպրոցը միջնակարգ է, այսինքն՝ ունի 1-12-րդ դասարաններ, և յուրաքանչյուր դասարանից ունի մեկական, ապա Քիմիայի ուսուցիչը կրկին կարող է ունենալ շաբաթական 10 ժամ ծանրաբեռնվածություն։

վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վերջին տարիներին արձանագրվել է ուսուցիչների ներդպրոցական օպտիմալացում։ Իհարկե, օպտիմալացման տեղ դեռ կա, բայց դա կարելի է անել թոշակի գնացողների կամ աշխատանքից ազատվողների հաշվին։ Բայց Հայաստանում ուսուցիչների թվի մեծ ավելցուկ չկա, քանի որ մի շարք առարկաների դասաժամերը մեկ դրույքից քիչ են։ Եթե մենք այդ ուսուցիչներին վստահենք հարակից առարկաների դասավանդումը, որպեսզի դրույքների և ուսուցիչների թիվը հավասարեցնենք, ապա ուսուցման որակի անկում կունենանք։

Ամենևին պարտադիր չէ, որ բոլոր ուսուցիչները դասավանդեն շաբաթական 22-25 ժամ։ Դա շատ մեծ ծանրաբեռնվածություն է և կարող է բերել ուսուցչի գերհոգնածության։ Մասնագետների կարծիքով՝ 20 ժամ դասավանդելը մարդուց տանում է այնքան էներգիա, որքան 40-ժամյա գրասենյակային աշխատանքը։ Եթե սրան գումարեք նաև գրավորներ ստուգելը, մատյաններ լրացնելը, հաշվետվություններ գրելը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչքան ծանրաբեռնված է չնչին աշխատավարձ ստացող հայաստանցի ուսուցիչը։

Այդուհանդերձ, դպրոցների հաստիքացուցակը վերանայման կարիք ունի։ Պետք է վերանայել ոչ մանկավարժական աշխատողների ցանկը։ Այստեղ կարելի է և կրճատումներ անել, և նախկինում կատարված կրճատումների վերանայումներ անել։ Օրինակ՝ կան դպրոցներ, որոնք այգեպան ունեն, բայց այգի չունեն։ Կան դպրոցներ, որոնք այգի ունեն, բայց այգեպան չունեն, տնտեսվար չունեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ