24 11 2018

Նախընտրական դեժավյու․ «Հրապարակ»

Նախընտրական դեժավյու․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Որքան էլ ասեն, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, եւ այլեւս օրենքի ու օրինականության երկիր ենք դարձել, նախընտրական շրջանում մենք բոլորս դեժավյու ենք ապրում՝ վերհիշելով նախընտրական անօրինականությունները։ Նորից մարզային պաշտոնյաները՝ մարզպետներ, համայնքապետեր, իրենց մոտ են կանչում մարդկանց եւ խստիվ հրահանգում ձայներ բերել իշխանական կուսակցությանը։ Ընդ որում՝ մեկին վախեցնում են, թե «ԱԱԾ-ն ու վերահսկողականը կթակեն դուռդ», մյուսին խոստանում են տարածքում լավ թվեր «խփելու» դեպքում պաշտոն ու արտոնություններ, երրորդին ուղղակի հորդորում են, որ իրենց պատվի հարցն է եւ ապագա անդարդ ապրելու գրավականը։

Նորից պաշտոնական քարոզարշավը չսկսված՝ բուռն քարոզչություն է ընթանում․ նախընտրական հավաքներ, այցեր, անգամ քարոզչական պաստառներն են նոյեմբերի 26-ից՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկից օրեր առաջ փակցվել քաղաքում։ Նորից պաշտոնյաներն արձակուրդ են ձեւակերպում եւ գլխովին թաղվում ընտրական գործընթացների մեջ։ Նորից «ձայներ ունեցող» մեծահարուստներն ու թաղային հեղինակությունները հավաքներ ու քննարկումներ են կազմակերպում, ընտրությունների «ճանապարհային քարտեզ» գծում, գրում ու ջնջում։

Նորից գլուխ են բարձրացրել տարբեր փորձագետներ ու սոցիոլոգներ, որոնք խիստ «հավաստի» կանխատեսումներ են անում եւ ընտրությունների ելքը գուշակում։ Իսկ համացանցը լի է նախընտրական քարոզչությամբ, պաստառներով, լուսանկարներով, աջակցության խնդրանքներով։ Միայն պակասել են փող բաժանելու մասին խոսակցությունները, բայց դրանք էլ, ասում են, լատենտ բնույթ են ստացել՝ աշխատավարձերի, համայնքներին ուղղված օգնությունների եւ այլ տեսքով։ Բայց, մեծ հաշվով, ընտրակաշառքը փողի տեսքով կլինի, թե խոստումների՝ ոչ մի տարբերություն չկա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ