24 11 2018

Հողմաղացների վրա գրոհը շարունակվում է․ «Հայոց աշխարհ»

Հողմաղացների վրա գրոհը շարունակվում է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ ««Իմ քայլը» դաշինքի արդեն իսկ սկսված քարոզարշավի պաշտոնական մեկնակետն է դառնալու այսօրվա երթը Երեւանի փողոցներով, որը առանց այդ էլ ծանրաբեռնված հանրային տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու սպառնալիքից զատ, քաղաքական բովանդակության առումով, կոնկրետ որեւէ բան չի խոստանում Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին։  

Քայլելով իշխանության եկած անձինք ընտրությունների միջոցով իրենց իշխանությունը երկարաձգելու համար անցած 7 ամիսներին նստելու, խորհելու, երկրի տնտեսական ու սոցիալական դրության բարելավման համար ինչ-որ բան ձեռնարկելու լայն հնարավորություն են ունեցել։ Սակայն բացի պոպուլիստական կարգախոսներից ու ժողովրդին ուղղված սիրային մեսիջների անվերջ կրկնություններից, այդ ընթացքում ոչինչ չեն արել՝ գարնանը ծագած հույսերն ու վստահությունն արդարացնելու համար։   

Բայց իշխանությանը տիրացած «հեղափոխության ասպետները» այդ ողջ ընթացքում ժողովրդի շրջանում արմատավորել են այն գաղափարը, որ Հայաստանում իշխանությունը մասամբ է միայն փոխվել, ուստի ամբողջապես փոխելու համար հարկավոր է արագացնել խորհրդարանական ընտրությունները։ Թե այդ ինչ հեղափոխություն է տեղի ունեցել մասնակի իշխանափոխության պայմաններում՝ միայն իրենք գիտեն, քանի որ քաղաքագիտության ողջ պատմության մեջ նման փաստ դեռ չի արձանագրվել։  

Քայլելով իշխանության եկած անձինք որոշել են մեկ անգամ էլ քայլել, բայց այս անգամ ոչ թե որպես հեղափոխական, այլ իբրեւ նախարար ու պատգամավոր։ Սակայն իրենց ներկա կարգավիճակով նրանք արդեն ոչ թե պահանջատեր են, այլ պահանջները կատարող, ուստի պետք է բացատրեն, թե վերջին 7 ամիսներին կոնկրետ ի՞նչ խոչընդոտի են հանդիպել իշխանության իրացման գործընթացում, որը փողոց դուրս գալով ճգնում են վերացնել։  

Առավել եւս, որ խոչընդոտների վերացման համար արդեն ունեն համապատասխան իշխանական լծակներ եւ, ամենակարեւորը, ամենազոր ԱԱԾ-ն։   

Ավելին՝ նկատի ունենալով սոցիոլոգիական հարցումները՝ «Իմ քայլ»-ականները որեւէ խոչընդոտ չունեն ոչ միայն երկիրը կառավարելու, այլեւ ապագա խորհրդարանում հայտնվելու առումով։ Այսինքն՝ նրանք ընտրություններից հետո նույնպես պոպուլիզմով զբաղվելու հնարավորություն են ունենալու։  

Բացարձակապես անհասկանալի է, թե Նիկոլն ու նրա թիմը այսօր ո՞ւմ են պատրաստվում մերժել, երբ, ըստ էության, մերժելու բան չի մնացել ո՛չ գործադիր, ո՛չ էլ օրենսդիր իշխանության մեջ. կառավարությունն իրենցն է, խորհրդարանն ինքն իրեն լուծարել է՝ երկու անգամ կառավարության ղեկավար չընտրելու միջոցով։ Մնացել են Փաշինյանն ու ժողովուրդը, որը դեռ հավատում է, թե խորհրդարանը վերցնելուց հետո է միայն «հեղափոխության ասպետը» հնարավորություն ստանալու կատարել խոստումները։   

Առաջնորդն էլ Դոն Կիխոտ Լամանչեցու նման օրնիբուն սեր է խոստովանում ժողովրդին՝ անընդհատ հիշեցնելով, թե կարոտել է նրան, ուստի այլեւս չդիմանալով իր սերն արտահայտելու համար, պատրաստվում է ընկնել ժողովրդի գիրկը՝ կաթվածահար անելով ողջ մայրաքաղաքը։ Այդ նպատակով նրա ընտրած երթուղին անցնելու է Նորքի զանգվածից՝ Կոմիտասի պողոտայով Դավիթաշեն, այնտեղից էլ Արշակունյաց պողոտայով քաղաքի կենտրոն։   

Եթե առանձին վերցրած՝ քաղաքի ներսում ողջ երկրով մեկ կատարվածի կրկնության իմաստը սոսկ իշխանությանը տիրանալու փաստի երկարաձգումն է, ապա կառավարության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը պետք է իրենց համար հստակեցնեն Սերվանտեսի անմահ հերոսին անհրաժեշտ բացասական ու դրական թիրախները։  

Առաջին՝ ովքե՞ր են հիմա ընտրվելու իբրեւ «սեւ ուժերի» մարմնացում՝ հողմաղացների վրա հերթական գրոհը հավաստի դարձնելու համար։   Երկրորդ՝ ինչպե՞ս է տեղի ունենալու հանդիպումը իրենց ասպետական երազների առարկա «անկրկնելի» Դուլսինեայի, այսինքն՝ ժողովրդի հետ։  

Դատելով ամենից՝ երկրի ներսում սպառվել է պոտենցիալ հողմաղացի վերածվելու համար անհրաժեշտ կերպարների ցանկը՝ «Մերժ՛իր Սերժին» կամ «Քոչարյան-հանցագործ» կարգախոսները այլեւս արդիական չեն։ Իրենց «թիրախային գրավչությունը» կորցրել են նաեւ անհագ օլիգարխներն ու ժողովրդին հարստահարող պաշտոնյաները, քանի որ նրանք արդեն նոր իշխանության հովանու տակ են հայտնվել։   

Պոտենցիալ հողմաղացի վերածվելու թեկնածուների շարքում այսօր Նիկոլի համար թերեւս ամենահարմարը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է, որի խորհրդանիշն անկասկած այդ երկրի բրենդը հանդիսացող համանուն տրակտորն է։ Ուստի խորհուրդ կտայինք վարչապետի պաշտոնակատարին՝ շուտափույթ տրակտորներ մտցնել Երեւանի փողոցներ, որպեսզի միտինգային ատելության նոր սերմանումը համարժեք թիրախ ունենա։  

Ինչ վերաբերում է իր ասպետական երազների առարկա Դուլսինեա Տոբոսացու դերում հայտնված մեր խեղճ ժողովրդին իր նվիրվածությունը խոստովանելու Փաշինյանի ցանկությանը, ապա այստեղ ընտրության լայն հնարավորություն կա՝ բարձրախոսից սկսած մինչեւ համբույրներն ու սիրո զանազան եղանակները։ Առաջնորդը պետք է մինչեւ վերջ վայելի ժողովուրդի՝ իր հանդեպ տածած սերը, որպեսզի ժողովուրդն էլ կշտանա նրանից, քանզի որքան արագ տեղի ունենա երկկողմանի «լիցքաթափումը», այնքան կարագանա նաեւ փոխադարձ հիասթափությունը։   

«Իմ քայլը» դաշինքի երթի իմաստը հենց սա է. նա կանգնած է իր ատելության ու սիրո զույգ կերպարները հավասարապես արժեզրկելու նախաշեմին։ Ուստի որքան ավելի տպավորիչ լինի Փաշինյանի ներկա հաղթարշավը, այնքան արագ են սպառվելու այն ատելության ու սիրո լիցքերը, որոնք նա կրկին պատրաստվում է փոխանցել հասարակությանը։   

Իսկ առանց ատելության ու սիրո կառավարելու միակ տարբերակը՝ բանականությունը, անիմաստ է փնտրել Նիկոլի ու նրա թիմի մոտ։ Այն պետք է առկայծի ոչ թե դատարկ պոպուլիստների, այլ իսպանացի գեղջկուհի Դուլսինեա Տոբոսացու վիճակում հայտնված մեր ժողովրդի գիտակցության մեջ։   

Շատ սիրելու վերջը ատելությունն է, որից խուսափելու համար օր առաջ պետք է ունկնդրել բանականության ձայնին։ Իսկ վերջինս մեզանում համառորեն տարրական տրամաբանություն է փնտրում նոր իշխանությունների պոպուլիստական գործունեության մեջ, բայց ամենավերջում պարզ հողմաղացների դերում հայտնվող «չար հրեշներից» ու ասպետական սիրո առարկայից պարզ գեղջկուհու վերածվող Դուլսինեաներից ոչինչ չի գտնում։   

Ուրեմն այսօր երեւանյան Դուլսինեաները պետք է վայելեն իրենց ասպետին, որպեսզի վերջում առաջնորդին ուղարկեն այնտեղ, որտեղ ուղարկեց Սերվանտեսի անմահ հերոսուհին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ