21 11 2018

Խմբագրությունները «ջրի ճամփա» են դարձել․ «Հայոց աշխարհ»

Խմբագրությունները «ջրի ճամփա» են դարձել․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը, որպես քաղաքական գործիչ, «եփվել» ու ձեւավորվել է լրատվական դաշտում ու լրագրողական-խմբագրական գործունեությամբ, նրա իշխանության կես տարվա ընթացքում մամուլի, լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը նկատելիորեն վատացել է:   

Որքան էլ որ Փաշինյանը, արդեն որպես վարչապետ կամ վարչապետի պաշտոնակատար, հայտարարի, թե իբր մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես հիմա դա այնքան էլ այդպես չէ: Եվ դա՝ դեռ շատ մեղմ ասած:   

Կոնկրետ: Դեռ թարմ է ու ամենեւին «մարսված», անցած-գնացած պատմություն չէ այն, որ իրավապահ մարմինները, ԱԱԾ տնօրենի գաղտնալսման գործի պատրվակով, ներխուժեցին «Երեւան թուդեյ» լրատվամիջոցի խմբագրություն՝ տանելով կամ, այսպես ասած, առգրավելով համակարգչային կրիչները:   

Այս պատմությունը դեռ երկար է շարունակվելու: Մանավանդ որ «հեղափոխական իշխանությունների» նման կոշտ ճնշումների առջեւ հիշյալ լրատվամիջոցը կարծես չի ընկրկում:   

Եվ նման պայմաններում երեկ եւս մեկ միջադեպ արձանագրվեց: Այս անգամ մի փոքր ավելի «նուրբ» դրսեւորմամբ:   

Բանն այն է, որ ոստիկանության ԿՀԴՊ (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) վարչության, նույն ինքը՝ «շեստոյի» աշխատակիցները երեկ առավոտյան այցելել են Aysor.am կայքի խմբագրություն եւ ներկայացրել գրություն, որով խնդրում էին տրամադրել «02.11.2018 թվականին «Այսօր» լրատվական ծառայությանը Սիլվա Համբարձումյանի կողմից տրված հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:  

Առհասարակ մեր տեղեկատվահաղորդակցական դարաշրջանում փոքր-ինչ տարօրինակ է նման այցը: Մանավանդ որ հանգիստ կարող էին զանգահարել խմբագրին, սովորական կամ էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել, ու առհասարակ, սա ո՞ր թիվն է, ո՞ր դարը: Մանավանդ, նման «խնդրանքով»՝ տրամադրել տեսաձայնագրության օրինակը:  

Առհասարակ պետք է որ նշվեր՝ բնօրինակը, բայց էլի մի տեսակ զարմանալի է հնչում, քանզի կարելի է կարծել, թե տեսաժապավենի մասին է խոսքը, այն դեպքում, երբ երեւի բոլորն անցել են թվային տեխնիկայի: Ինչեւէ:   

Ոստիկաններին փոխանցած պատասխան նամակում Aysor.am-ը նշել է, որ ոստիկանության գրության մեջ մատնանշած օրը՝ նոյեմբերի 2-ին, գործարար Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլ մամուլի ասուլիս էր հրավիրել «Հայացք» մամուլի ակումբում, որին մասնակցել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:  

Ավելին՝ Համբարձումյանի ասուլիսը լուսաբանել են գրեթե բոլոր լրատվամիջոցները, իսկ տեսագրությունը հասանելի է google որոնողական համակարգում:   

Լրատվամիջոցի խմբագիրը նաեւ ներկայացրել էր թեթեւակի որոնմամբ «բերված» հղումները, որտեղ խնդրո առարկա տեսաձայնագրությունն է: Կայքը հրապարակել էր թե՛ ոստիկանության «6-րդ վարչության», թե՛ կայքի նամակները:   

Ի դեպ, հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այն անձնավորությունն է, որ, ըստ տարբեր լրատվամիջոցների հրապարակումների, «հիմնական վկան» է նաեւ Հ2 հեռուստաընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի դեմ ներկայացված մեղադրանքի գործով:  

Տարօրինակ տպավորություն է թողնում, այնուամենայնիվ, իշխանությունների, կոնկրետ՝ ոստիկանության պահվածքը:   

Հեռու ենք այն մտքից, որ «շեստոյում» չգիտեն «գուգըլ» որոնիչի տեղը, կամ էլ ոստիկանությունում չկան աշխատակիցներ, որոնք գիտեն ու հասկանում են լրատվամիջոցների հետ նամակագրության նրբերանգները: Առավել եւս, չենք պատկերացնում, թե ոստիկանության, այն էլ՝ «6-րդ վարչության» աշխատակիցները չգիտեին, որ Սիլվա Համբարձումյանը նշված օրը ասուլիս է տվել, կամ էլ չեն հասկանում ասուլիսի ու առանձին լրատվամիջոցի հարցազրույց տալու տարբերությունները:   

Ու հատկապես այդ հանգամանքները նկատի ունենալով, միանգամայն տրամաբանական հարց է ծագում, թե այդ ինչո՞ւ էին հապա ոստիկանության ԿՀՊԴ աշխատակիցներն այցելել նշված լրատվամիջոցի խմբագրություն: Որ ի՞նչ, էլի:   

Մենք, օրինակ, կարծում ենք, որ այդ այցը կոնկրետ քողարկված նպատակ ուներ՝ հոգեբանական ահաբեկության ենթարկել մեր գործընկերներին: Ավելին՝ դա, կարծում ենք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների ակցիան կարող է լինել անհնազանդ, այսպես ասենք՝ օրնիբուն «թավշյա» իշխանավորներին ու նորահայտ պաշտոնյաներին չգովաբանող, դեռ մի բան էլ՝ նրանց բացերը հանրությանը ներկայացնող լրատվամիջոցներին ճնշելու կամ բացասական ակնարկներ փոխանցելու նպատակով:   

Հատկապես ընտրարշավի նախօրեին դժվար էլ է այլ հետեւություն անել, բացի դրանից, որ կետային թիրախավորմամբ հետապնդումներ են իրականացվում իշխանության կողմից չվերահսկվող լրատվամիջոցների նկատմամբ:   

Ծաղր է կարծես, բայց նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում իրավապահ, ուժային մարմինների համար խմբագրություններ գնալը «ջրի ճամփա» է դարձել:   

Ի դեպ, դրանք նույն այն «դուխով» իրավապահ մարմիններն ու իրենց նույն այն ներկայացուցիչներն են, որոնք գունատվում ու դողդողում էին ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսավորմամբ գործող, հիմա արդեն ամենից իշխանականը համարվող մի ռադիոկայանի ու նրա ներկայացուցիչների առջեւ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ