21 11 2018

Ժողովրդի «դանդաղաշարժ» կարծրատիպերը․ «Առավոտ»

Ժողովրդի «դանդաղաշարժ» կարծրատիպերը․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Երբ եվրոպացին նրա (այսինքն՝ հայի-Ա. Ա.) դուռը կբախե, նա… անպատճառ կաշխատե իր անվերջ տրտունջներով, իր լացուկոծով ձանձրացնել իր հյուրին… Դարավոր ստրկությունը սովորեցրել է նրան վիզը ծռել ու խնդրել: Նա չի կարող իր դժգոհությունը հայտնել առանց ստորացնելու իր անձնավորությունը: Նա կա՛մ այդպես կվարվե, կա՛մ բոլորովին կլռե, ամեն ինչ թողնելով նախախնամության կամքին»,- մեր ժողովրդի վարքագիծն այսպես է բնութագրում Րաֆֆու «Կայծեր» վեպի հերոսը:

Վեպը գրվել է, ինչպես հայտնի է, ավելի քան 130 տարի առաջ. ասել, թե ոչինչ չի փոխվել, անարդար կլինի: Բայց փոխվել եւ փոխվում է շատ դանդաղ, եթե հաշվի առնենք այն քաղաքական եւ տնտեսական սրընթաց զարգացումները, որոնք նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել Հայաստանում ու տարածաշրջանում՝ ցեղասպանություն, պատերազմներ, հեղափոխություններ, երեք հանրապետություններ եւ այլն: Ժողովրդի մտածողությունն ունի ինչ-որ կարծրատիպեր, որոնք ձեւավորվում են դարերի ընթացքում եւ փոխվում են շատ դանդաղ՝ մեծ ուշացումով, կասեի անգամ՝ մեծ դժվարությամբ արձագանքելով «արտաքին» աշխարհի հարափոփոխ ընթացքին:

Դա վերաբերում է, բնականաբար, ոչ միայն հայ ժողովրդին: Ֆրանսիացիները մեծամասամբ կաթոլիկ են. 18-րդ դարի «լուսավորիչների» եւ վերջիններիս ազդեցության տակ գտնվող հեղափոխականների աթեիզմը մեծ հաշվով չկարողացավ սասանել այդ հիմնական, առանցքային կարծրատիպը: Նույն ֆրանսիացիները դարերով դաստիարակվել էին միապետության ավանդույթներով, հեղափոխականները եկան հանրապետական իդեալներով, այնուհետեւ Նապոլեոնն իրեն «կայսր» հռչակեց, բայց տասնամյակներ տեւող այդ «տուրբուլենտ» վիճակից հետո նրանք կրկին վերադարձան «հին եւ բարի» միապետությանը: Եվ պահանջվեցին դարձյալ դրամատիզմով լի տասնամյակներ՝ մինչեւ որ այդ ժողովուրդն ընդունեց հանրապետության գաղափարները:

Մեր ժողովուրդը նույնպես ունի կարծրատիպեր, որոնք դժվար են «տեղից» շարժվում: Երբ մենք ասում ենք «թագավոր» կամ «թագավոր ախպեր», նկատի չունենք միապետությունը՝ դրա համար պետք էր պետություն ունենալ: «Թագավորը» մեզ համար այն տեղական իշխանն է կամ իշխանիկը, որը պետք է մեզ հովանավորի, կարգավորի մեր կյանքը: Իմ կյանքի օրոք բոլոր «թագավորները», ժողովրդի ընկալմամբ, «չար էին», ժողովրդին «լավ չէին նայում»: Վերջին «վատ թագավորին» գահընկեց արեց «բարի թագավոր» Նիկոլը: Բայց նրա «բարությունը» նույնպես ժամանակավոր է՝ 1-2 տարուց ժողովուրդը ճիշտ նույն ձեւով բողոքելու է ներկայիս վարչապետից:

Հիմա կուսակցությունները գնալու են հանդիպելու ժողովրդի հետ, որը, ենթադրում եմ, իր «անվերջ տրտունջներով, իր լացուկոծով» ձանձրացնելու է հյուրերին: Թե՞ ես սխալվում եմ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ