20 11 2018

Խնդիրը միայն կորուստների չափի մեջ է․ «Հայոց աշխարհ»

Խնդիրը միայն կորուստների չափի մեջ է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Բազմիցս ենք անդրադարձել նորաթուխ իշխանավորների այն անհաշվենկատ քայլերին, որոնց հետեւանքով ծնունդ առավ Հայաստանին ժամանակից շուտ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկելու գաղափարը եւ մտավ սկզբում ռուսական, ապա բելառուսական ու ղազախական դիվանագիտության օրակարգ։  

Հատուկ ենք ընդգծում «սկզբում՝ ռուսական» բառակապակցությունը, քանի որ ներկայումս մեզանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե իբր Բելառուսին ու Ղազախստանին սանձելու համար Ռուսաստանին ձեռնտու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում Հայաստանի ղեկավարության դրսեւորած անզիջում կեցվածքը։   

Միգուցե նախկինում առաջ եկած հարցերի հետ կապված՝ դա այդպես էր, բայց Յու.Խաչատուրովի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո պարզ դարձավ, որ մեր երկրի նոր ղեկավարությանը ստիպելու են գին վճարել իր անհաշվենկատ քայլերի համար։   

Այն, որ ներկայումս դրանից առաջին հերթին ցանկանում են օգտվել Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարները, հարցի էությունը չի փոխվում։ Նրանք նպատակ ունեն հնարավորինս սրել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը Հայաստանին անկյուն մղելու համար։ Ուստիեւ առաջնորդվում են «եթե ձեռք ես տվել՝ պետք է խաղաս» շախմատային սկզբունքով՝ պարտիան հաղթական ավարտի հասցնելու նպատակադրումով։  

Այդ պատճառով եթե ՀԱՊԿ-ում Փաշինյանը խաղը սկսվել է կոպիտ սխալով, ապա նման պարտիայում հաղթանակի հասնելու որեւէ շանս չունի. խնդիրը կորուստների չափը չէ։ Կարծում ենք, որ հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել ՀԱՊԿ Աստանայի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի դեսպանին իր մոտ հրավիրելու եւ նրան այդ գագաթնաժողովի վերաբերյալ «հրապարակային հաշվետվություն տալու» Բելառուսի նախագահի սադրիչ քայլը։   

Նա լավ է հասկանում, որ հենց սկզբից Հայաստանի անփորձ ղեկավարը սխալվել է, ուստի նպատակադրված սրում է իրավիճակը՝ Ն. Փաշինյանին նորանոր սխալների դրդելու համար։ Վերջինս էլ կուլ է տալիս խայծը՝ ճիշտ չհաշվարկելով իր քայլերի հետեւանքները։  

Ըստ էության, նույնն է նաեւ Նազարբաեւի նպատակադրումը՝ Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ժամանակից շուտ զրկելու հարցը դարձնել նրան անկյուն մղելու եւ նորանոր սխալների դրդելու հարմար առիթ։ Այստեղ նույնպես սպասարկվում է Ադրբեջանի եւ նրա միջոցով համաթյուրքական ընդհանուր շահը։ Որովհետեւ Յու.Խաչատուրովի հետ կապված պատմությունից առաջին դժգոհողը եղել է Ռուսաստանը եւ եթե նրա ղեկավարությունը հետ կանգնի իր նախորդ հայտարարություններից, ապա անհարմար վիճակում կհայտնվի հենց Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարների առջեւ։  

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է հենց Ադրբեջանին ու նրա բացահայտ լոբբիստներին, բայց ո՛չ Ռուսաստանին ու նաեւ Հայաստանին։ Որովհետեւ այդ պարագայում Բաքվին կհաջողվի սեպ խրել ոչ միայն Բելառուսի ու Ղազախստանի հետ մեր երկրի հարաբերություններում, ինչն արդեն իսկ կատարված փաստ է, այլեւ պղտորել հայ-ռուսական հարաբերությունների կարծես թե հանդարտված ջրերը։ Բաքվի ու նրա լոբբիստների բուն խնդիրը հենց դա է, մանավանդ որ նրանք լավ գիտեն Հայաստանի նոր ղեկավարի «դուխով» բնավորությունը։   

Այդ պատճառով, համոզված ենք, որ մինչեւ դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակամիջոցում Բաքվի բելառուսական, ղազախական ու նաեւ ռուսական լոբբիստները, որոնք ամենեւին էլ կրեմլյան շրջանակներից չեն, բայց անկասկած գոյություն ունեն, շարունակելու են սրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի առաջիկա նշանակման հարցը՝ մեր «դուխով» ղեկավարին նորանոր անհաշվենկատ քայլերի դրդելու համար։ Խնդիրը Ն.Փաշինյանին անկյուն մղելն ու «թասիբի գցելն» է. մի հարցում, որն, ըստ էության, հեղինակությունից բացի ոչինչ է։  

Ի վերջո՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կատարում է միայն այն որոշումները, որոնք ընդունվում են նրա նախագահների գագաթնաժողովներում։ Այսինքն՝ սա ձեւական պաշտոն է, որի կորուստը միայն ու միայն հեղինակության հարց է։  

Բայց ով մեղավոր է կատարված սխալի համար, նա էլ մեղավոր է մեր հեղինակության կորստյան համար։ Ու նա էլ պետք է հնարավորինս փոքր կորուստներով շտկի այն եւ ոչ թե Ադրբեջանի կողմից հունավորվող սադրանքներին ենթարկվելով՝ աչքը շինելու փոխարեն՝ հոնքն էլ վնասի։  

ՀԱՊԿ-ն մեզ հետաքրքրում է որպես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդհանուր հարթակ, ոչ թե Լուկաշենկոյի կամ Նազարբաեւի հետ մերձամարտերի ռինգ։ Ուրեմն այսուհետ հարկավոր է հնարավորինս զսպվածություն ցուցաբերել նրանց սադրանքների հանդեպ եւ ամեն ինչ նախապես համաձայնեցնել Ռուսաստանի ղեկավարության հետ վերջում կոտրած տաշտակի առաջ չհայտնվելու համար։   

Հակառակ դեպքում Փաշինյանի «հերոսական» կեցվածքը կօգտագործվի ոչ միայն նազարբաեւների ու լուկաշենկոների, այլեւ նրանց թիկունքին կանգնած ալիեւների ու էրդողանների կողմից սկզբում ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին մեկուսացնելու, իսկ հետագայում էլ դուրս մղելու համար։   

Եթե Փաշինյանը գիտակցում է այս ակնհայտ իրողությունը, ապա մինչեւ ՀԱՊԿ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովը ճիշտ հետեւություններ կանի։ Հակառակ պարագայում կարող ենք եզրակացնել, որ այս դառը ճաշը «եփվել» է ոչ միայն Փաշինյանի նախկին խորհրդական Ա.Խառատյանի, այլեւ հենց իր կողմից՝ հեռու տանող քաղաքական նպատակադրումներով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ