07 11 2018

Վաղը չէ մյուս օրը ԱԺ-ն կարող է և չարտացոլել օրվա տրամադրությունները․ «Հայոց աշխարհ»

Վաղը չէ մյուս օրը ԱԺ-ն կարող է և չարտացոլել օրվա տրամադրությունները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մի կողմից, իհարկե, հետաքրքրական է, որ իրավիճակում, երբ 6-րդ գումարման Ազգային ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված, երբ խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, մարդիկ արդեն պնդում են, որ այդ հաջորդ ԱԺ-ն էլ, այսպես ասած, երկար չի ձգի:   

Կարծում ենք, կոռեկտ ձեւակերպումն այն է, որ այո, առաջիկայում արտահերթ ընտրություններով ձեւավորվելիք Ազգային ժողովի լիազորություններն էլ կարող են ժամկետից վաղ ավարտվել: Եվ հետաքրքիր է, որ երբ երեկ այս թեմայով հարց ուղղեցին իշխանական ուժի՝ «Քաղպայմանագրի» ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին, նա հակադարձեց. «Նման տրամադրվածություն եւ քաղաքական պլան չկա: Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»:   

Ասել կուզի՝ իշխանության ներկայացուցիչը համոզված է, թե հաջորդ Ազգային ժողովը կգործի 5 տարի, ինչպես սահմանված է ու այլեւս խորհրդարանական արտահերթ ընտրություններ չեն լինի: Դե, գոնե Ալեն Սիմոնյանի ընկալմամբ՝ չեն լինի: Ինչո՞ւ: Ասում է՝ նման տրամադրվածություն չկա:   

Բայց ի՞նչ ասել է՝ նման տրամադրվածություն եւ, նկատենք, քաղաքական պլան չկա:   

Այո, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չունի նման տրամադրվածություն ու քաղաքական պլան: Բայց, որքան էլ այս տեղեկությունը ցավալի հնչի մեր որոշ հայրենակիցների համար, այնուամենայնիվ, հարկ է ասել, որ Արեգակն ու Լուսինը չեն պտտվում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կուսակցության շուրջը եւ շրջակայքում: Հակառակը, բավական ուշագրավ անձինք են պտտվում նրա ու իր կուսակցության շուրջը, բայց դա՝ հետո:   

Ալեն Սիմոնյանին կարելի է թերեւս հիշեցնել, որ ընդամենը մեկ տարի առաջ եւս ԱԺ արտահերթ ընտրությունների տրամադրվածություն ու քաղաքական պլան չկար: Ընդհանրապես այն օրերին միակ բանը, ինչին երկիրն ու հասարակությունը պատրաստվում էր՝ ձմեռնամուտն էր, ջեռուցման ու կոմունալ ծախսերով հանդերձ, գումարած՝ Նոր տարին:   

Իսկ դեկտեմբերի 9-ին Հայաստանում առաջին անգամ են տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ու դրանով արդեն իսկ նախադեպ է ստեղծվում, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ դժվարը առաջին անգամն է:   

Իսկապես, նախադեպ է ստեղծվում, որ կառավարության գործունեությունից կամ որեւէ կարեւոր որոշումից դժգոհ, այն չընդունող ուժերն ու հասարակական շրջանակները հարուցեն ու զարգացնեն գործընթացներ, որոնք կհանգեն խորհրդարանական արտահերթ ընտրությունների, այն է՝ կառավարող մեծամասնությանը փոխելու պահանջի: 

Այ, օրինակ, Ալեն Սիմոնյանն ասում է կամ ավելի ճիշտ՝ վստահ է, թե լինելու է ԱԺ այնպիսի կազմ, որն արտացոլելու է ներկա իրողությունները: Այսօրվանը՝ միգուցե: Ու ավելի շուտ, արտացոլելու է հասարակության մեջ եղած տրամադրությունները: Բարի: Իսկ վա՞ղը:   

Վաղը, էլ չենք ասում՝ վաղը չէ մյուս օրը այդ՝ արտահերթ ընտրությամբ ձեւավորված ԱԺ-ն կարող է եւ չարտացոլել վաղը չէ մյուս օրվա տրամադրությունները եւ իրողությունները: Եվ եթե այդ հիմնավորմամբ մեր երկիրն այսօր գնաց խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ապա վաղը ոչ պակաս պատճառներ կարող են ծագել նման ընտրությունների պահանջ առաջադրելու եւ դրան հասնելու համար:

Նախադեպը, քավ լիցի, ունենք, եւ այն բոլորիս աչքի առաջ է:   

Ինչ վերաբերում է «Քաղպայմանագրի» շուրջը շրջողներին, ապա այս օրերին ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ, լուրեր, որ այս կամ այն անձինք ձգտում են հայտնվել ՔՊ թեկնածուական ցուցակում, էլ չենք խոսում՝ ՔՊ-ին անդամագրվելու հանկարծահաս ցանկություն ունեցածների եւ այն արդեն դրսեւորած հայրենակիցների մասին:   

Ալեն Սիմոնյանն ասում է. «Իմ քայլը» դաշինքը շատ լավ ցուցակով է գնալու ընտրությունների։ Որեւէ օդիոզ դեմք, որեւէ գործարար, որեւէ մեկը, ով տանիք է փնտրելու, չի լինելու մեր ցուցակում»:   

Հայտարարեց նաեւ, որ «Քաղպայմանագրում» ցուցակի հետ կապված խմորում չկա. «Նախ, ցուցակը բերված չէ վերջնական տեսքի, ուստի խմորումներ չեն կարող լինել։ Բացի դրանից՝ մենք մի անգամ արդեն մասնակցել ենք ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին, եւ խմորումներ, կարծում եմ, չեն էլ լինի։ Մեր քաղաքական թիմը մասնակցելու է ընտրություններին։ Միգուցե լինեն մի քանի անկուսակցականներ, բայց որեւէ անակնկալ չսպասեք, ցուցակը կլինի ժամկետների մեջ»:   

Դե, հակառակ դատողությունն էլ գոյության իրավունք ունի: Իսկ գուցե խմորումներ կան ու հենց ա՞յդ պատճառով ցուցակը չկա: Իսկ խմորումներ, ի դեպ, չեն կարող չլինել, այն էլ՝ իշխանական ուժի, այն էլ՝ երաշխավորված մեծամասնության հավակնող իշխանական ուժի թեկնածուական ցուցակի շուրջ: Ինչքան էլ չլինի՝ միշտ էլ դժգոհողներ ու դժգոհներ, իրենց չգնահատված զգացողներ կլինեն: Դա ընդհանուր իշխանական «հիվանդություն» է, որով թերեւս բոլոր ուժերն են վարակվում՝ անխուսափելիորեն:   

Բայց կոնկրետ ՔՊ-ի կամ «Իմ քայլի» դեպքում որքան էլ խմորումներ լինեն-չլինեն, այն առաջիկա ընտրություններին մասնակցող թերեւս միակ ուժն է լինելու, որի դեպքում մարդիկ ընտրելու են ոչ թե ցուցակը, այլ այն գլխավորող Նիկոլ Փաշինյանին: Այսինքն՝ բացառապես անհատականացված ընկալումն է տիրապետելու՝ ՔՊ-ի օգտին քվեարկել-չքվեարկելու պարագայում, անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս, իսկ ում՝ ոչ այնքան:   

Այնպես որ, «Իմ քայլի» ցուցակում կարող են անգամ մի 5-10 տարի առաջվա նախընտրական կատակներում հաճախ հիշատակվող Չակ Նորիսին էլ նշեն ու ընդհանրապես՝ ում պատահի: Կողմնորոշված ընտրազանգվածը քվեարկելու է սիրելի առաջնորդի օգտին ու բացառապես նրա՝ տվյալ ցուցակը գլխավորելու իրողությունը նկատի ունենալով:   

Իսկ «օդիոզ դեմքեր» ՔՊ ցուցակում, երբ այն հրապարակվի, դեռ առիթ կունենանք տնտղելու՝ կա՞ն, թե՞ չկան: Եվ ընդհանրապես բովանդակային ու որակական առումներով «օդիոզների»՝ ՔՊ ցուցակում լինել-չլինելն այնքան էլ էական չէ: Նրանք, հնարավոր է, իրենց ներդրումն այս անգամ այլ կերպ կանեն, առանց անմիջական ցուցակային ներկայության»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ