06 11 2018

Ղարաբաղի հարցը նորից չոքելու է մեր դռանը․ «Հայոց աշխարհ»

Ղարաբաղի հարցը նորից չոքելու է մեր դռանը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 2-ը տեւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ղարաբաղյան բանակցային գործընթացն ինտենսիվացնելու համար ներկայումս աննկատելիորեն իրականացվող նախապատրաստական աշխատանքների շրջագծում էր։  

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ցույց էր տալու ինչպես Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում, ձեռք բերված պայմանավորվածությունների, այնպես էլ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի ազդեցությունը բանակցային գործընթացի մասնակիցների վրա։   

Ակնհայտ է, որ Ադրբեջանում ավելի ու ավելի են հակվում Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունները շարունակելու տարբերակին, ինչի ցայտուն վկայությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս հաստատված համեմատաբար հանգիստ կացությունն է։ Այս համատեքստում ռուսական քաղաքագիտական շրջանակներում արդեն խոսվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի կամ բանագնացի ինստիտուտի վերականգնման մասին, որպիսին գոյություն ուներ 1990-ական թվականներին։  

Անվիճելի է, որ Ռուսաստանն իբրեւ տարածաշրջանի տերություն շատ ավելի կոնկրետ ու գործուն լծակներ ունի կողմերին բանակցային սեղանին նստեցնելու համար, ուստի Բաքվում որոշակի հույսեր են ծագել, որ հայաստանյան մոտալուտ ընտրություններից հետո հենց այդպես էլ տեղի կունենա։  

Հետընտրական շրջանում Հայաստանի առջեւ կանգնելու է Ղարաբաղյան բանակցային գործընթացի կառավարման տարբեր մոդելների միջեւ ընտրություն կատարելու հարցը, որտեղ անհրաժեշտ ճկունություն դրսեւորելու մեր ռեսուրսները սահմանափակ են։ Գործող իշխանությունը կանգնել է Դուշանբեի գործընթացի շարունակման եւ Ջոն Բոլթոնի վերջին այցի հետեւանքով ուրվագծվող՝ հակամարտության կառավարման ամերիկյան լծակներին նախապատվություն տալու երկընտրանքի առջեւ։   

Արտաքուստ Հայաստանի իշխանությունները ցույց են տալիս, թե իրենք ոգեւորված են առաջին տարբերակով, սակայն խորքում ամեն ինչ անում են Հայաստանը դանդաղորեն երկրորդ դաշտ տեղափոխելու համար։ Այդ գործընթացի կարեւորագույն հանգրվանը լինելու են հենց դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները։  

Դրանց ընթացքում լուծվելու է Ջոն Բոլթոնի ակնարկած՝ այն վստահության մանդատի հարցը, որը թույլ կտա բացել Ղարաբաղի հարցում իրենց իրական ծրագրերը։ Ու քանի որ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերին, ապա խաղաքարտերի բացման ժամանակը լինելու է 2019 թվականի գարունը։ Եվ մեր առջեւ դրված ժամանակային այս սահմանափակ պատուհանի փակվելու հարցում կարեւոր նշանակություն է ձեռք բերելու նաեւ Իրանի շուրջը ներկայումս ձեվավորվող բարդ իրավիճակը։

Այստեղ նույնպես Հայաստանի համար կարող է ստեղծվել մի այնպիսի դրություն, որն իր ուղղակի ազդեցությունը կգործի նաեւ Ղարաբաղյան բանակցային գործընթացի վրա։   

Տարածաշրջանի իրադրությունն էլ ավելի է բարդանում Նախիջեւանում Թուրքիայի կողմից վերջերս դրսեւորվող աննախադեպ ակտիվության պատճառով։ Իրանի ներսում հնարավոր ցնցումների պարագայում Թուրքիան կարող է ձեռքերի ազատություն ստանալ նաեւ այս ուղղության վրա։  

Եթե այժմ մեծ տերություններն ամեն ինչ անում են ռազմական հակամարտության նոր բռնկումը կանխելու համար՝ յուրաքանչյուրն իր շահերից ելնելով, ապա վաղը նման մոտեցումները կարող են փոխվել։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը մինչեւ առաջիկա գարուն պետք է ունենա ոչ միայն բանակցային սեղանին դրվելու համար նախատեսված հստակ հայեցակարգ, այլեւ Ղարաբաղյան ճակատում հակառակորդի անխուսափելի ակտիվացումը կանխելու ներուժ-կարողականություն։   

Ավելին՝ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում պարտադիր պետք է պահպանվի ու ընդլայնվի այն քաղաքական ուժերից բաղկացած բեւեռը, որը կարող է հակակշռել ու լրացնել նոր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմն ու արտաքին-քաղաքական ուղեգծի խիստ կասկածելի անորոշությունը։  

Այս ամենը ցույց է տալիս, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված նախընտրական պայքարի սահմանափակ ժամանակամիջոցում մեր երկրի քաղաքական ուժերը պետք է հստակություն մտցնեն ոչ միայն ներքաղաքական խնդիրների, այլեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրենց մոտեցումների մեջ։   

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը, տարբեր երկրների քաղաքական գործիչների ու քաղաքագետների հայտարարությունները փաստում են, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ղարաբաղի հարցով նախապատրաստվում են լուրջ արագացումներ, որոնց դիմակայելու գործին պատրաստ չեն ինչպես Հայաստանի նոր իշխանությունները, այնպես էլ հետհեղափոխական ընդարմացման մեջ հայտնված մեր հասարակությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ