Նոյեմբերի 1-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում այս տարի արդեն 5-րդ անգամ քննարկվեց վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված 1 ժամն այս անգամ որոշեց օգտագործել տնտեսության վերջին շրջանի զարգացումները մեկնաբանելով: Նա 10 փաստեր ներկայացրեց՝ փորձելով «ապացուցել», թե տնտեսությունում դրական տեղաշարժեր են լինում, ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է: Այս մասին գրում է 168․am-ը։
Ողջունելով վերջապես փաստերով խոսելու մոտեցումը, այնուհանդերձ, պետք է արժանին մատուցենք այն մարդկանց, ովքեր պատրաստել էին այս ելույթի բովանդակությունը, որովհետև այն ակնհայտ հանրային կարծիքի արտացոլումն էր: Այսինքն՝ այն քննարկումները, քննադատությունները, որոնք հնչեցվում էին տարբեր փոձագետների և վերլուծաբանների կողմից, վերջապես տեղ է հասել, և Փաշինյանը դրանք ներկայացրեց տնտեսության «տրասֆորմացիայի» լույսի ներքո:
Փաշինյանն այդ ուղղվածության 10 փաստ նշեց, սակայն այդ 10 փաստերի մեջ նա առնվազն 10 անգամ ստեց կամ մանիպուլյացիա բանեցրեց՝ շարունակելով իր որդեգրած մոլորեցնող քաղաքականությունը:
Մինչ կանդրադառնանք Փաշինյանի կողմից հնչեցված 10 փաստերին և հատ առ հատ բացահայտենք դրա մեջ եղած մանիպուլյացիան ու սուտը, արձանագրենք, որ հնչեցված 10 փաստարկներն իրենց մեջ պարունակում են 10-ից ոչ պակաս ստեր, ու Փաշինյանն ասես հրաձգարանում լինի, և 10-ից՝ 10 սուտ է խփում, կամ, ավելի դասական խոսքով ասված՝ ինչքան ուզում՝ այդքան խփում է: Եվ այսպես, ստորև ներկայացվող «փաստերը» Փաշինյանինն են, ստերի բացահայտումը՝ մեր կողմից։
Փաստ 1. Կառավարությունն ունի գործիք, որով գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող, աշխատատեղեր ստեղծող, որոշ չափանիշերին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից և ԱԱՀ-ի վճարումը երկարաձգում: Այս գործիքի շրջանակներում իրականացված ներդրումների վերլուծությունը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ, եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումները ոչ թե 5, այլ 9 ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող ներդրումներն աճել են 30 տոկոսով: Դրանք վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիաների և մրցունակ արտադրանքի թողարկմանը: Այդ սարքավորումներն աշխատացնելու համար անհրաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:
Սուտ 1: Առաջին մանիպուլյացիան, որը Փաշինյանը հրամցնում է հասարակությանը, դա պետական ներդրումները և օտարերկրյա ներդրումներն իրար խառնելն է: Պարոն վարչապետի պաշտոնակատար, արդեն մի ամիս է՝ ահազանգում ենք, որ շուրջ 11 անգամ կրճատվել են օտարերկրյա ներդրումները, իսկ դուք այստեղ խոսում եք պետական ներդրումների մասին:
Ինչ վերաբերում է պետական ներդրումներին, ապա վարչապետն իրավացի է, այս տարվա ընթացքում տրված հարկային արտոնությունները գերազանցում են նախորդ բոլոր տարիների ցուցանիշները: Այստեղ տեղին է նաև հիշեցնել ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Ձեր բոցաշունչ ելույթները, որ արտոնությունն օլիգարխներին են տալիս, սակայն ձեր վարչապետության առաջին արտոնություններից մեկը հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլին» տվեցիք: Ինչ վերաբերում է հնչեցված տոկոսներին, պետք է ոտքի կանգնել և գոչել՝ «էվրիկա», քանի որ անգամ դպրոցականն է հասկանում, որ, օրինակ, 10 դոլարի 70 տոկոսը ընդամենը 7 դոլար է, ուստի բարի եղեք հնչեցնել նաև իրական թիվը, ոչ թե մանիպուլյացրեք այն տոկոսների միջոցով: Իսկ վերջին զավեշտն ակնկալվող ներդրումների 30 տոկոս աճն է: Պարոն Փաշինյան, մոռացել եք, որ ամենասկզբի ձեր ակնկալիքներն ավելի խոշոր թվեր էին, կամ, առհասարակ, դա ի՞նչ ցուցանիշ է՝ ակնկալվող ներդրումներ: Միգուցե նկատի ունեք, որ ակնկալում եք, բայց չե՞ն իրականանա:
Փաստ 2. 2017թ. առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով, խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է, և վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերում հանքարդյունաբերության ոլորտին, 2018-ի ընթացքում հումքի ներկրումն աճել է շուրջ 29 տոկոսով, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ: Սա ցույց է տալիս, որ մեր մոտ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա: Գյուղատնտեսության ոլորտում տեսնում ենք միտում տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության:
Սուտ 2: 5 ամսում տեսնում եք գյուղատնտեսության տրանսֆորմացիա դեպի ժամանակակից և տեխնոլոգիական գյուղատնտեսության: Դուք սա լո՞ւրջ եք ասում, թե՞ հերթական իջևանյան միամտությունն է: Այն էլ՝ տարվա կեսին: Եթե գարնանը գյուղացին ցանել է կարտոֆիլ, որի բերքը հասունանալու է սեպտեմբերին, ամառվա ընթացքում ինչպե՞ս կարող է տեխնոլոգիական զարգացում լինել: Կարո՞ղ է կարտոֆիլն էլ է հայտնի եղջերավոր անասունների պատմության նման որոշել ինքնատրանսֆորմացվել: Ու մի բան էլ, ըստ հենց ձեր հրապարակած վիճակագրության՝ գյուղատնտեսական մթերքի թողարկման ծավալները նվազել են, ու փաստորեն, եթե անգամ միրգ-բանջարեղենն ինքնատրանսֆորմացվել է, ապա դա բացասական է ազդել թողարկման վրա, ու կարծես թե առանց Ձեր տրանսֆորմացիայի ավելի լավ էր, մի փչացրեք ամեն ինչ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը