«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «ԱԺ հատուկ նիստը, որի ընթացքում պետք է խաղարկվեր ժողվարչապետի պաշտոնակատար Փաշինյանին վարչապետ չընտրելու երկրորդ՝ եզրափակիչ գործողությունը, նույնքան կանխատեսելի ընթացք եւ ավարտ ունեցավ, ինչ նախորդը. խորհրդարանը 0 կողմ, 0 դեմ, 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատեց թեկնածուի «չընտրությունը»՝ ազդարարելով իր վերջի սկիզբը։
Վարչապետի աթոռն էս գլխից սեփականաշնորհած, բայց հայրենի քաղաքական կրկեսում ծավալվող քվազիքաղաքական գործընթացի այս հանգրվանում չընտրվելու համար առաջադրված թեկնածուն այս անգամ էլ լիուլի օգտագործեց երկրիս թիվ մեկ քաղաքական ամբիոնը՝ դեկտեմբերյան ընտրություններին ընդառաջ ներկայացնելու իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։
Միակ տարբերությունը թերեւս այն էր, որ ԱԺ կանոնակարգով նախատեսված 60 րոպեանոց ելույթում թեկնածուն «սենսացիոն նոր բացահայտումներ» չարեց, չսպառնաց կալանավորել պատգամավորներին, «հակահեղափոխության» ռեւանշի նոր դեպքեր չմատնանշեց, այլ կենտրոնացավ բացառապես «տնտեսական բլոկի» հիմնախնդիրների վրա՝ փորձելով հակադարձել մեղադրանքներին, թե այսօրվա կառավարությունը տնտեսական քաղաքականություն, որպես այդպիսին, ոչ ունեցել է, ոչ ունի։
Ընդ որում, եթե մի շաբաթ առաջ ժամանակ գտավ թեկուզ հպանցիկ անդրադառնալու արտաքին քաղաքականության խնդիրներին եւ մեկ-երկու նախադասությամբ ներկայացրեց իր մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հիմա դա էլ չարեց։
Միայն հարցերին ի պատասխան անորոշ, ոչ այնքան հոդաբաշխ մերկապարանոց հայտարարություններ արեց՝ փորձելով ցրել ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած «անհասկանալի» շեշտադրումների հետ կապված մտահոգությունները։ Մասնավորապես տարակուսանք հայտնեց, որ մարդիկ մեկնաբանում են ամերիկացի պաշտոնատար անձանց արտահայտած մտքերը՝ անգամ պարզաբանումների համար չդիմելով իր մամուլի քարտուղարին. «Երբ որեւէ օտարերկրյա պաշտոնյա որեւէ հայտարարություն է անում, այնպիսի տպավորություն է, որ բոլորը եզրակացություններ են անում, բոլորի համար ամեն ինչ պարզ է։
Մենք հարգանքով ենք վերաբերվում յուրաքանչյուր երկրի ազգային շահերին, բայց Հայաստանն ունի իր ազգային ու պետական շահերը, որոնք միշտ չէ, որ կարող են համընկնել որեւէ երկրի շահերին: Կառավարությունը ելնում է, ելել է ու շարունակելու է ելնել Հայաստանի շահերից»։
Ինչ վերաբերում է Իրանի հետ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների ցանկություններին հարմարեցնելու մասին թափանցիկ ակնարկներին, ապա, ըստ նրա, «կան պրոցեսներ, որոնք ոչ այսօր են սկսվել, ոչ երեկ: Նախորդ տարի դեկտեմբերին ես խորհրդարանական պատվիրակության կազմով եղել եմ Իրանում: Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր միջազգային գործընկերների պատկերացումներին եւ հույս ունենք, որ նույնքան հարգանքով մյուսները կվերաբերվեն մեր շահերին: Մենք բոլոր իրավիճակներում կլինենք համարժեք»։
Ինչպե՞ս է վերաբերվում հայկական կողմը «պատմական կաղապարներից» հրաժարվելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու հեռանկարին, որի մասին Բոլթոնը բարձրաձայնեց վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո։
Միջազգային փորձագետների հետ շփումների ժամանակ կարելի է լսել, թե Հայաստանի 4 սահմաններից 2 փակ են, որովհետեւ Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ։
«Ես ասում եմ, որ ունենք 2 սահման, որոնք թվում է, թե բաց են, բայց կիսաբաց են: Հայ-իրանական սահմանը կարող է ամեն պահի փակվել ԱՄՆ քաղաքականության հետեւանքով, հայ-վրացական սահմանը կարող է փակվել, օրինակ, վատ եղանակի պատճառով: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Խնդրում եմ չմեկնաբանել սա, որ մենք այսպիսով նսեմացնում ենք 1915թ. Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Այն մեզ համար հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ, անվտանգության խնդիր է:
Սահմանը փակ է Թուրքիայի կողմից՝ մեր կողմից, ըստ էության, այն փակ չէ: Եթե որեւէ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին կարող է հարկադրանքի ճանապարհով մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, սխալվում է»,- վստահեցրեց Փաշինյանը՝ շրջանցելով. Բոլթոնին ասե՞լ է այդ մասին։ Եթե այո՝ ինչպիսի՞ն է եղել արձագանքը։
Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ Բոլթոնը, համառորեն փորձում են առաջ տանել այն թեզը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «ամրապնդելով իր դիրքերը»՝ Նիկոլ Փաշինյանը կարող է «վճռական քայլերի» գնալ Ղարաբաղի հարցում, անթաքույց ակնարկելով Հայաստանի (Ղարաբաղի) կողմից տարածքային զիջումների մասին։
«Զարմանում եմ, երբ որեւէ մեկը ՀՀ ներկայացուցչին հարցնում է՝ դուք Ղարաբաղի հարցում որեւէ փոխզիջման պատրա՞ստ եք: Ես ասում եմ՝ կներեք, էդ հարցը դուք Ադրբեջանին տվե՞լ եք, թե՞ ոչ: Եթե տվել եք ու ստացել պատասխան, կպատասխանեմ, եթե չեք տվել՝ մեզ նույնպես էդպիսի հարցերով մի դիմեք»,- նկատեց վարչապետի «չթեկնածուն»՝ այս դեպքում էլ լռության մատնելով. եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն պաշտոնական Երեւանը գոնե արտգործնախարարության խոսնակի մակարդակով չի հակադարձում անդրօվկիանոսյան այդ «մեսիջներին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը