«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Ի՞նչ է այնուամենայնիվ հարկավոր ընտրություններում հաղթելու համար։
Ոմանք ասում են՝ վարչական ռեսուրս, մյուսները՝ փող, երրորդները՝ խելացի ու խորամանկ պիար։ Իհարկե այդ ամենը հաջողության պարտադիր բաղադրամասերն են։ Սակայն չպետք է մոռանալ, որ շատ բան կախված է նրանից, թե ճի՞շտ է ընտրված ընտրությունների գլխավոր մեղեդին։ Չէ՞ որ ընտրություններից յուրաքանչյուրը ունենում է իր գլխավոր մեղեդին՝ թեմա, որը հիմնականն է դառնում քարոզարշավի ընթացքում։
Իշխանությունների պարագայում դա կարող է լինել կատարված աշխատանքը երկրի բարեկարգման ուղղությամբ, արդյունավետ բարեփոխումները, քաղաքացիների կյանքի որակի եւ մակարդակի բարձրացումը։ Կառավարման ընթացքում մեզ հաջողվել է հասնել այսինչ ու այնինչ բանին, արդյունքներն ակներեւ են, եւ եթե դուք կրկին ընտրեք մեզ, ապա աշխատանքը կշարունակվի։
Գլխավոր մեղեդի կարող են լինել նաեւ ապագայի ծրագրերը։ Ոչ թե դատարկ պոպուլիստական խոստումներ, այլ հանգամանորեն մշակված ու հիմնավորված գործողություններ։ Տվյալ ոլորտում մենք մտադիր ենք հասնել այսինչ բանին, ստանալ այսպիսի արդյունք, իսկ դրա համար կամենում ենք անել ահա այսպիսի քայլեր եւ այլն։ Եթե ծրագիրը ձեզ գոհացնում է, տվեք մեզ վստահութան քվե։
Ի՞նչ կարող է առաջարկել Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին գործող իշխանությունը։ Վեց ամսվա ընթացքում ամենեւին ոչ մի աշխատանք չի տարվել երկրի բարեկարգման ուղղությամբ, քաղաքացիների կյանքի որակն ու մակարդակը միայն վատթարացել են։ Ապագայի որեւէ ծրագրի մասին (ընդգծում ենք. հանգամանորեն մշակված ու հիմնավորված ծրագրի, այլ ոչ թե պոպուլիստական փուչ խոստումների) խոսելն ընդհանրապես անիմաստ է։ Ինչի՞ մասին է խոսքը, եթե մինչ օրս ոչ ոք չի կարողանում բացատրել, թե որն է կառավարության տնտեսական քաղաքականությունը, ինչ է ցանկանում իշխանությունը արտաքին քաղաքականության, կրթության, առողջապահության եւ ընդհանրապես որեւէ ոլորտում։
Ուրեմն ո՞ր մեղեդին է իշխանության համար գլխավորը դառնալու առաջիկա ընտրություններում։ Ճիշտ է. ատելության բորբոքումը «սեւ ուժերի» նկատմամբ։ Դա կլինի իշխանության համար ե՛ւ գլխավոր մեղեդին, ե՛ւ հիմնական զենքը, ե՛ւ միակ հույսը։
Իհարկե, քաղաքականությունն ամենեւին էլ բալետ չէ, այլ դաժան զբաղմունք։ Սակայն ներկայիս իշխանության գործողություններում ատելությունը չափազանց շատ է։ Ձեռքն արհամարհալից թափ տալով ողջամտության վրա, ինչպես աներես ճանճի, երեկվա փողոցային ակտիվիստները բռունցքներով հարձակվում են հակառակորդների վրա, որպեսզի «խելքի բերեն» նրանց։
«Հեղափոխականների» վարքագիծը ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ եւ հեշտությամբ հերքվում է Նոր Կտակարանի ամբողջ էջերով։ Բայց այդ հեթանոսական կայթպարի մեջ արդեն ոչ մեկին հետաքրքիր չէ Նոր Կտակարանը։
Ընթանում է բութ, զավեշտական մրցում, թե ով ավելի մեծ ատելություն կդրսեւորի «սեւ ուժերի» նկատմամբ, ով ավելի շատ թունավոր լեղի կթքի շրջապատող իրականություն, ով ավելի բարձր կհայհոյի ու ավելի սարսափազդու կմռնչա։
Բայց ամեն ինչ սահման ունի, եւ ինչպես որ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կարող է դիմանալ թույնի սոսկ որոշակի քանակի, այնպես էլ յուրաքանչյուր սոցիալական օրգանիզմ կարող է դիմանալ ատելության որոշակի չափաբաժնի։ Այդ սահմանագծից անդին սկսվում է հասարակության քայքայում, համատեղ գոյության անհնարինություն, հոգու մահ, հյուսվածքների նեկրոզ։
Ճիշտ է, մեզ մինչ օրս շարունակում են կերակրել «սիրո եւ հանդուրժողականության» մասին շուտասելուկներով, բայց ո՞ւմ կարող է դա արդեն խաբել։ Պատմում են, որ մի անգամ քաղաքի գիժ Վասիլի Երանելին քար վերցրեց ու շպրտեց Տիրամոր սրբապատկերի վրա։ Դա Մոսկվայում էր, մի քանի դար առաջ։ Ժողովուրդը նետվեց խելագարին քոթակելու, իսկ նա գոռում էր. «Նե՛րկը քերեք, նե՛րկը»։
Մարդիկ դադարեցրին ծեծն ու թեթեւակի քերեցին սրբապատկերի ներկը։ Վասիլին իրավացի էր. արտաքին շերտի՝ Տիրամոր դեմքի տակ սատանայի մռութ էր պատկերված։
Սա մտացածին պատմություն չէ սրբերի մասին գրքերից, այդօրինակ սրբապատկերներ իսկապես գոյություն ունեին, կոչվում էին դժոխագիր։ Մարդիկ, աղոթելով այդպիսի սրբապատկերների առջեւ, իրենք էլ անտեղյակ, աղոթում են սատանային։ Ինչպես ներկայիս ակտիվիստները։
Հետաքրքիր է, որ «հեղափոխական» իշխանավորները ագրեսիվ են տրամադրված ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների, այլեւ հաճախ միմյանց հանդեպ։ Հատկապես աստիճանակարգում ավելի ցածր կանգնածների։ Եվ ահա թե ինչպիսի զուգահեռ է այստեղ առաջանում։ Ժամանակին Սթենֆորդի համալսարանի գիտնականները, պրոֆեսոր Ռոբերտ Սապոլսկու ղեկավարությամբ, ուսումնասիրելով մարդու մերձավոր ազգականներին՝ աֆրիկյան բաբուիններին, հանգեցին չափազանց հետաքրքրաշարժ եզրակացության։ Այդ կենդանիներն ունեն հոտի չափազանց խստորոշ սոցիալական կառուցվածք։ Հիերարխիայի ստորին աստիճանները զբաղեցնող արուները քրոնիկական ստրես են ապրում հոտի վերնախավին պատկանող ցեղակիցների մշտական ագրեսիայի պատճառով։ Զարմանալի չէ, որ էլիտայի շարքերում չընդգրկված արուների արյան մեջ անհամեմատ ավելի շատ են ստրեսի հորմոնները. դրանց մակարդակի մշտական վերելքը մեծացնում է հիվանդությունների վտանգը։
Սապոլսկին կապում է ստրեսը հոմեոստատիստիկ հավասարակշռության՝ օրգանիզմի կայուն վիճակը պահպանող ֆիզիոլոգիական պրոցեսների կոորդինացիայի խաթարման հետ։ Սակայն կենդանիների մեծ մասի պարագայում այդ վիճակը կարճատեւ է։
«Մոլորակի կենդանիների 99 տոկոսի համար ստրեսը երեք րոպե տեւողության ճիչ է, որից հետո կա՛մ դու ինչ-որ մեկին կհոշոտես, կա՛մ քեզ կհոշոտեն»,- բացատրում է գիտնականը։
Բայց բաբուինների հոտում առաջանում են այլ հնարավորություններ։ Ապրելով այնտեղ, կարելի է օրական ընդամենը երեք ժամ ծախսել սննդի որոնման համար եւ առանձնապես չվախենալ գիշատիչներից։ Ի՞նչ է դա նշանակում։
«Դու ստանում ես օրական ինը ազատ ժամ, որպեսզի հոգեբանական ստրես ստեղծես հոտի մյուս կենդանիների համար,- բացատրում է Սապոլսկին։- Այդ հարցում բաբուինները նման են մարդկանց։ Նրանք իսկը ասես մենք լինենք։ Նրանց սպառնում են բնավ ոչ սովն ու գիշատիչները։ Իրենք են սպառնում մեկմեկու»։
Եթե հարգարժան պրոֆեսորը ծանոթ լիներ Նոր Հայաստանի իշխանավորներին, ապա պարզապես չէր կարող չհանգել աներկբա եզրակացության. բաբուինները նախեւառաջ նման են մերոնց։ Նույն ագրեսիան, անիրավահավասարությունը, մշտական ստրեսը. լիովին ոչ մի տարբերություն։
Ինչեւէ, ինչպես արդեն նշվեց, գլխավոր մեղեդին իշխանության համար առաջիկա ընտրություններում կդառնա ատելության բորբոքումը։ Պարզապես չունեն նրանք այլ մեղեդիներ։ Հենց այդ մեղեդու օգնությամբ կփորձեն իրենց լիակատար իշխանության տակ առնել նաեւ խորհրդարանը։ Իշխանությունը հմայում ու ձգում է։ Այն երբեք շատ չի լինում, այստեղ է իշխանության հանրահայտ ու գռեհիկ գաղտնիքը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը