22 01 2022

Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն անփոփոխ կմնան

Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքներն անփոփոխ կմնան

Քննարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ամասիա խոշորացված համայնքի ավագանիների՝  Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած դիմումը՝ թիվ 30 Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում ավագանու ու համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ԿԸՀ-ն ստացել էր Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ավագանիներից, ԿԸՀ-ն էլ դիմումը ներկայացրել էր ՏԸՀ:

Տարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ տվյալ որոշման ընդունումը վեր է ՏԸՀ լիազորություններից, իսկ ՔՊ նախկին ավագանիների պահանջը՝ ժամանակավրեպ՝ ընտրություններից շուրջ մեկ ու կես ամիս անց: «Մենք նման որոշում կայացնելու իրավունք չունենք: Կուսակցությունը օրենքով ներկայացված ժամանակահատվածում ոչ մի բողոք ընտրական հանձնաժողով չէր ներկայացրել, ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ այսպիսով ընդունելով ընտրությունների արդյունքները»,-նշում է Արթուր Խաչատրյանը՝ տեղեկացնելով որ բողոքարկող կողմի ԿՀԸ ներկայացված դիմումը կարող է քննվել վարչական դատարանում, իսկ մինչ այդ Ամասիա խոշորացված համայնքի ավագանին կշարունակի գործել :

«Ընդհանուր 15 մանդատ է բաշխվել, որքան և պահանջվում է ըստ օրենքի»,-նշել է ՏԸՀ նախագահը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում, Ամասիայում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Արփի-Ամասիա» դաշինքը հավասար՝ վեցական մանդատ էին ստացել, իսկ ՀՀԿ-ն՝ 3-ը։ «Արփի-Ամասիա» դաշինքն ու ՀՀԿ-ն միավորվելու որոշում էին կայացրել՝ հայտարարելով, որ պատրաստ են Ջեմմա Հարությունյանի գլխավորությամբ ղեկավարել համայնքը։ Այնուհետեւ «Արփի-Ամասիա» դաշինքը որոշել էր միանալ ՔՊ-ին, սակայն մերժում էր ստացել, քանի որ «Արփի-Ամասիա»-ն միավորվելու իր նախապայմանն էր դրել՝ ղեկավարը Ջեմմա Հարությունյանն է լինելու։ՔՊ-ի թեկնածուներն ինքնաբացարկ ներկայացրին՝ հույս ունենալով, որ նոր ընտրություններ կանցկացվեն՝ հիմք ընդունելով այն, որ ավագանու կազմը լիարժեք ձևավորված չէ՝ չի ձևավորվել ավագանու անդամների 2/3-ը և անհրաժեշտ է ևս 2 ավագանու ներկայություն ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ