31 10 2018

Անորոշություն․․․անորոշությանց․ «Հայոց աշխարհ»

Անորոշություն․․․անորոշությանց․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այո, սահմանադրությամբ նախատեսված է նման աննորմալ իրավիճակ, նշված է, որ այդ պարագայում գործում են նախորդ տարվա բյուջեով սահմանված համամասնությունները: Այսինքն՝ իրավափաստաթղթային առումով ոչ մի սարսափելի բան չկա, որ եկող տարվա բյուջեն դեռ ընդունված չէ:   

Բայց պետության կառավարման, ընդհանրապես քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացումների բնականոն ընթացքում, կարծում ենք, կունենանք որոշակի որակական կորուստ: Ի վերջո, միայն չընդունվելը չէ հարցը, այլեւ ընթացիկ տարվա բյուջեի կատարողականի հարցերը կան: Եվ էլի նմանօրինակ, սովորաբար փոխկապակցված խնդիրներ, որոնք ուռռա-հեղափոխականներին անկարեւոր մանրուքներ են թվում:  

Բայց այլ հարցեր էլ կան: Միայն բյուջեն չէ:   

Ինքնին հասկանալի է, որ նոյեմբերի 1-ից հետո ներքաղաքական անցուդարձը գերազանցապես պայմանավորված է լինելու սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններով, գրեթե ամեն ինչ ենթարկվելու է նախընտրական տրամադրությունների ու տրամաբանության թելադրանքին:  

Ի լրումն, նախընտրական այդ արտահերթ զարգացումները ծավալվելու են օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ արտաքին լրջագույն մարտահրավերների, մեր տարածաշրջանի շուրջ իրավիճակի որոշակի լարվածության աճի, տնտեսական ու սոցիալական վիճակի ոչ այնքան հուսադրող, իսկ իրականում չափազանց մտահոգող իրողությունների պայմաններում:   

Բայց վատը խնդիրների նման կուտակումը չէ: Ավելի ճիշտ, դեռ դա չէ ամենից վատը:   

Վատն այն է, որ չեն երեւում, չեն նշմարվում այդ խնդիրների թեկուզ մի մասը հաղթահարելուն ուղղված իրատեսական ու ձեւակերպված կոնկրետ մոտեցումներ, քայլեր, պատկերացումներ, գաղափարներ: Ընդհանուր առմամբ, բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը իրագործում է ամբողջ իշխանությունը, այսինքն՝ գործադիրից հետո նաեւ օրենսդիրը վերցնելու իր նպատակադրումը, որոշակի այլ բան չկա:   

Եթե մակերեսից հեռացնես ժողովրդահաճո կամ պոպուլիստական արտահայտությունների, հեղափոխառոմանտիկ կոչերի բառափրփուրը, ապա մնացյալ գրեթե բոլոր առումներով բավական ճնշող տպավորություն ես ստանում՝ տեսնելով, որ «անորոշութիւն անորոշութեանց» վիճակ է, անուրախ սպասումներով, լինի տնտեսական կացությունը, սոցիալական դրությունը, արտաքին-քաղաքական իրադրությունը թե հասարակության բարոյահոգեբանական վիճակը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ