24 10 2018

Ի՞նչ սաբոտաժ, եթե չեք կարողանում աշխատել․ «Հայոց աշխարհ»

Ի՞նչ սաբոտաժ, եթե չեք կարողանում աշխատել․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ մեկեն իշխանասեր ու վարչապետասեր դարձածներից ով չէր ալարում, սաբոտաժից էր խոսում: Դեռ նախօրեի երեկոյից սկսվեց այդ «սաբոտաժային», եթե կարելի է ասել՝ խոսակցությունը: Մեկնարկը Նիկոլ Փաշինյանը տվեց, հայտարարելով, թե Ընտրական օրենսգրքի նախագիծը խորհրդարանում չընդունվելը «սաբոտաժային քաղաքականություն» է։ Այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե ինչի՛ մասին է խոսքը:   

Գործող իշխանությունը խորհրդարան է բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ «արագի մեջ» կազմված նախագիծ: Շտապողականության շարժառիթը նույնպես հայտնի է՝ ԱԺ արտահերթ ընտրությունները, որ, Նիկոլ Փաշինյանի ու իր մերձավոր զինակիցների համոզմամբ, անպայման պետք է հենց այս տարվա դեկտեմբերին անցկացնել:

Բայց...   Հանրապետական կուսակցությունը եւ ՀՀԿ խմբակցությունը հստակ հայտնել էին իրենց քաղաքական դիրքորոշումը, այդ թվում՝ նման արագությամբ խորհրդարան բերված հիշյալ նախագծի վերաբերյալ: Չեն ասել՝ այն ընդունելի է, չեն գովերգել, այլ, հակառակը, քննադատել են նման ափալ-թափալ մոտեցումները եւ բերված նախագիծն այդ թվում: Եվ ըստ իրենց քաղաքական դիրքորոշման էլ վարվել են:   

Դա սաբոտա՞ժ է: Այսինքն՝ նենգադուլ, էլի: Ո՛չ, ոչ մի դեպքում սաբոտաժ չէ:    Ավելին: Այսօր ՀՀԿ-ն մի՞թե խորհրդարանական մեծամասնություն է: Էլի՝ ո՛չ:   

Իր հետեւողական ճնշումների, այլոց զանգվածաբար պիտակավորելու եւ պախարակելու եւ նմանօրինակ այլ քայլերի միջոցով Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դեռ գործող խորհրդարանում, կարելի է ասել՝ խայտաբղետ մեծամասնություն ունի:   

Էական փաստն այն է, որ ՀՀԿ-ն արդեն մի որոշակի ժամանակ է, ինչ գործող ԱԺ-ում մեծամասնություն չէ: Առնվազն վեց տասնյակ մանդատավորներ անցել են Փաշինյանի թրի տակով, երեւի նաեւ հավատարմության երդում են տվել, մի խոսքով՝ «միացել են ժողովրդին»: Եթե նրանց գումարենք Փաշինյանի սեփական «Ելք» խմբակցության անդամներին, կստացվի արդեն համարյա 70 «վարչապետական» մանդատավոր:   

Է՜հ, եթե այդ նախագծի ընդունումը Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ուժին իսկապես խիստ անհրաժեշտ էր, թող բարի լինեին ու կազմակերպչական ջանքեր գործադրեին, որպեսզի իրենց թրի տակով անցած պատգամավորները ներկայանային նիստերի դահլիճ ու վարչապետի պաշտոնակատարի քմահաճույքին համահունչ՝ սեղմեին քվեարկության կոճակները:   Ո՞վ է մեղավոր, որ իրենք, այսպես ասենք՝ չեն աշխատել: Այնքան չեն աշխատել, որ «ժողովրդի ու վարչապետի կողքին» մշտապես կանգնելու մասին հայտարարած խոշոր գործիչներից մեկը ԱԺ շենքում է եղել, բայց քվեարկության չի մասնակցել, որովհետեւ... մարզահագուստով էր:   

Չենք հորինում: Իր իսկ ներկայացուցիչն է հայտարարել:    Ու ընդհանրապես, ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ երեկվա լրահոսը, մեր մեջ ասած՝ չհորինած քաղաքական անեկդոտաշար էր, եթե չասենք՝ պամֆլետ, ինչին դեռ կանդրադառնանք:   

Սաբոտաժի մասին: ՀՀԿ-ն, ի՞նչ է, հայտարարել է, թե կողմ է այդ արագակար նախագծին ու դե՞մ է քվեարկել: Ամենեւին: Ինչպես գնահատել են, այնպես էլ վարվել են: Այսինքն՝ խորհրդարանական ընդդիմությունը, որ, մեկ անգամ էլ ընդգծենք, փաստացի փոքրամասնություն է դարձել գործող ԱԺ-ում, իրեն դրսեւորել է որպես դասական ընդդիմություն, որպես քաղաքական ու կազմակերպված ուժ:   

Մի կարեւոր նրբերանգ էլ կա այս ամենի մեջ: Գործող իշխանությունը, առաջին հերթին ի դեմս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանական ուժերի հետ կարեւոր հարցերը քննարկելու, ինչպես ասվում է՝ քաղաքակիրթ երկխոսության ճանապարհով լուծումներ գտնելու փոխարեն, մշտապես առաջնորդվել է իրավիճակը լարելու, հանրային տրամադրությունները վերաբորբոքելու, սադրիչ ու վիրավորական հայտարարություններ անելու եւ փողոց հանած իր կողմնակիցներով մյուսներին ու ամեն ինչ լռեցնելու գործելակերպով:  

Պատահական չէ, որ ինչ հարց էլ լինի, առանց երկար-բարակ անելու, միանգամից նա հայտարարում է՝ կողմնակիցներիս կոչ կանեմ, որ ելնեն փողոց: Ու այդպես էլ վարվում է, թե բա՝ «ժողովո՜ւրդ, հեղափոխությունը վտանգված է... ժողովո՜ւրդ իշխանությունն ուզում են քեզանից խլել...»:   Ու չնայած այդ ամենի պարզունակությանը, հնարքն աշխատում է: Փաշինյանն այդպես, հնարավոր է, իր այսրոպեական խնդիրը լուծում է, բայց դնում է հետագայում ավելի մեծ խնդիրների առջեւ կանգնելու հիմքերը:   

Չհորինված պամֆլետի մասին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թեկնածու է առաջադրում: Եվ այդ թեկնածուն հայտարարում է, որ Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ:   

«Ելքը» վարչապետի թեկնածու է առաջադրում Նիկոլ Փաշինյանին ու կոչ է անում՝ չընտրել նրան: Բայց անեկդոտը դա չէ, քանզի քաղաքական անցուդարձին գերինտելեկտուալ «դըմփ-դըմփ-հո՜ւ»-ի մակարդակով չհետեւողներին հասկանալի է, թե՝ խոսքն ինչի մասին է, որքան էլ որ առաջին հայացքից ծիծաղելի է իրավիճակն ինքնին:   

Անեկդոտն այն է, որ «Ելքի» այդ որոշման ու կոչի մասին լուրի ներքո հայտնվում են տասնյակ «մեկնաբանողներ», որ սկսում են ինչ ասես ասել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հասցեին, ընդհանուր այն տոնայնությամբ, թե՝ «ո՜նց թե՝ Փաշինյանին չընտրեն» (սա ամենամեղմ արտահայտություններից է): Չնայած, տվյալ դեպքում ինչ-որ առումով արդարացի է, որ այդ կարգի մեկնաբանություններ հենց ՔՊ-ական նկատելի գործիչներից մեկին են հասցեագրվում:   

Արդարացի է, որովհետեւ դա իրենց գցած մոլախոտային «սերմերի» արգասիքն է, այն «սերմերի», որ հրահրում եւ ուղղորդում էին (եւ են) հայհոյախոսությունները, պիտակավորումներն ու անձնական վիրավորանքները՝ բոլորի դեմ, ովքեր իրենց պարզունակ կարծիքին չեն: Ինչ որ ցանես, այն էլ՝ կհնձես: Ու դեռ կհնձեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ