«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Բոլորը եւ ամեն ինչ այժմ ուղղված է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Հուսանք՝ այս անգամ մեր հասարակությունը գիտակցում է, որ խոսք է գնում երկրի իշխանությունների եւ ապագա 5 տարիների մեր կյանքի ուղենիշների ձեւավորման մասին։ Այնպես որ՝ իմիջիայլոց վերաբերմունքն ընտրության, քվեարկության, թեկնածուների նկատմամբ պետք է բացառվի։ Այսինքն, չի կարելի 2017 թվականի ընտրությունների նմանությամբ մատների արանքով նայել այս ընտրություններին։
Եթե հիշում եք՝ 700 հազարից ավելի քվե ստացավ Հանրապետականը, որին ընդամենը մեկ տարի անց ամբողջ հոգով ու սրտով սկսեցին մերժել նաեւ նրան քվե տված անձինք։ Այս օրերին բոլոր կուսակցություններում անհանգիստ վիճակ է՝ քննարկումներ, հաշվարկներ, կանխատեսումներ, բանակցություններ։ Եթե ոմանք քննարկում են՝ մասնակցել, թե ոչ ընտրություններին, ապա մյուսները մտմտում են՝ ում հետ մասնակցել, ինչպես։ Եթե Երեւանի ավագանու ընտրությունների օրինակով ունենանք 10 եւ ավելի մասնակից, որոնք չկարողանան մեկտեղել իրենց ուժերը, ապա արդյունքն էլ կնմանվի Երեւանի ընտրությունների արդյունքներին՝ 80 տոկոսանոց «գիգանտ» եւ 1 տոկոսանոց բազում լուսանցքայիններ։ Ճիշտ է՝ օրենսգրքում որոշել են ամրագրել 4 ուժի պայմանը, ինչն իրականում նոնսենս է՝ եթե դու անցողիկ շեմ ես ամրագրում, հետո ԱԺ անցկացնում այդ շեմը չհաղթահարած ուժերին։ Սակայն դեմոկրատիայի երեւութականություն ապահովելու այլ ձեւ չի երեւում։
Ուստի մրցակցությունը գնալու է հիմնականում 3 տեղի համար։ Սակայն խելամիտ միավորումներ ստեղծելու, գրագետ քարոզարշավ անցկացնելու դեպքում խորհրդարանում պատկերը կարող է էապես տարբերվել Երեւանի ավագանու պատկերից։ Կկարողանա՞ն քաղաքական ուժերը մի կողմ դնել ամբիցիաները եւ դաշինքներ ձեւավորել, ցույց կտա ապագան»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը