09 10 2018

Ձևավորվում են արհեստական օրակարգեր․ «Հայոց աշխարհ»

Ձևավորվում են արհեստական օրակարգեր․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Կառավարության գործունեության գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի տնտեսական քաղաքականությունը, բայց քաղաքական տուրբուլենտության (ցնցումների) մեջ մտած մեր երկրի կառավարության դեպքում այս աքսիոմատիկ ճշմարտությունը պարզապես չի գործում: Նրա ղեկավարը զբաղված է արհեստական օրակարգեր ստեղծելով, պատասխանատվությունն իրենից հեռացնելով, սեփական անճարակության հետեւանքներն այլոց վրա բարդելով:   

Դա միանգամայն արդարացված մոտեցում է՝ հեղափոխական էյֆորիան, «լավ բանի» սպասումները հնարավորինս երկարաձգելու եւ պատասխանատվությունից խուսափելու համար: ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու Նիկոլ Փաշինյանի որոշումը հենց այս համատեքստում էր: Ընդ որում՝ այդ մասին ուղղակիորեն հայտարարվեց. մինչեւ ԱԺ ընտրություններ չլինեն՝ Հայաստանում ներդրումներ եւ տնտեսական զարգացում չեն լինի:   

Ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարման հինգ ամիսները ոչ միայն աչքի չեն ընկել տնտեսական հաջողություններով, այլեւ արձանագրել են նկատելի հետընթաց: Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը այդ 5 ամիսների ընթացքում նվազել է շուրջ 3 տոկոսով՝ հունվար-մարտին եղած 10,6 տոկոսից իջնելով մինչեւ 7,7 տոկոսի: Ընդ որում՝ տնտեսության իրական հատվածի ճյուղերից գյուղատնտեսության մեջ արձանագրվել է անկում՝ 1 տոկոս, այն դեպքում, երբ սեզոնը բարենպաստ էր եւ բերքառատ:  

Տնտեսության մյուս կարեւորագույն ճյուղում՝ արդյունաբերությունում, առաջին երեք ամիսներին աճը եղել էր 8,2 տոկոս, հունվար-օգոստոսին այն արդեն 4,4 տոկոս է: Ավելին՝ օգոստոսին հուլիսի համեմատ արդեն անկում էր գրանցվել 2,6 տոկոսով: Աճի տեմպի նվազումն առավել աղետալի է շինարարության ոլորտում՝ տարվա առաջին եռամսյակում այստեղ 23 տոկոս աճ էր, մինչդեռ 9 ամիսների արդյունքով աճը դարձել է ընդամենը 8,5 տոկոս:   

Տնտեսական նման ցուցանիշների առկայության պարագայում ակնկալել սոցիալական փոփոխություններ, ինչի մասին խոստացել էր «թավշյա» հեղափոխության վարչապետը, բնականաբար անիմաստ է: Այդ մասին ուղղակիորեն հայտարարեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ շեշտելով նաեւ, որ սխալ կլինի այդ նպատակով պարտք վերցնելը:   

Հայտարարվող հարկահավաքման ավելացման մասին հայտարարություններն էլ ավելի շուտ տպավարություն ստեղծելու համար են, քանի որ յուրաքանչյուր տարի նախորդ տարվա համեմատ որոշակի չափով ավելի հարկեր են հավաքվում, եւ այս տարի նույնպես գործ ունենք համանման գործընթացի հետ, բայց ոչ ավելին:  

Այսպես թե այնպես, աշխատավարձերի աճ 2019-ին չի լինելու: Նույնը կարելի է ասել թոշակների մասին: Այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը գործի է դնում իր գլխավոր զենքը՝ խոստումներ տալ, հետագայում դրանց չիրականանալը ուրիշի վրա բարդելու համար: Նա նշում է, որ այս բյուջեում դեռ փոփոխություններ պետք է լինեն, որ պետք է լինեն թոշակների եւ աշխատավարձերի բարձրացում եւ այլն:   

Մյուս կողմից էլ նվազագույն կենսաթոշակի բարձրացումը՝ 18 հազար դրամից 25 հազար դրամի թյուրիմացության մեջ է գցում մեր տարեց քաղաքացիներին: Նրանք լսում են միայն կենսաթոշակի բարձրացում եւ կարծում են, թե դա վերաբերում է բոլոր կենսաթոշակառուներին: Մինչդեռ խոսքը միայն այն կենսաթոշակառուների մասին է, որոնք ընդհանրապես չունեն աշխատանքային ստաժ եւ պետությունից ստանում են վերոնշյալ 18 հազար դրամը, որը կոչվում է ծերության նպաստ: Նրանք կենսաթոշակառուների չնչին մասն են:  

Գազի եւ էլեկտրական էներգիայի գների իջեցման խոստումը եւս մնում է առկախ: Այն, մեղմ ասած, իրատեսական չէ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե գազի գինը քննարկելու է Ռուսաստանի նախագահի հետ, կամ նրա ստեղծած աշխատանքային խմբի անդամը հայտարարի, թե հնարավոր է գազի գնի իջեցում 10 տոկոսով, հոսանքի գնի իջեցում 10 դրամով:   

Այս խոստումները եւս բազմաթիվ մյուսների նման կմնան օդում կախված հայտարարություն, որի մասին, եթե հիշեցնեն էլ, ապա կառավարության ներկայացուցիչները կասեն, որ դա հնարավոր չեղավ, քանի որ ԱԺ ընտրություններ տեղի ունեցան: Ճիշտ այնպես, ինչպես սփյուռքի մանկամիտ նախարարն է հայտարարում, որ մինչ ԱԺ նոր ընտրություններ չլինեն, սփյուռքահայերը Հայաստանում տներ չեն գնի:   Այսինքն՝ շրջանը փակվում է. ԱԺ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը ոչ միայն քաղաքական անսահմանափակ իշխանության հասնելու քայլ է, այլեւ հերթական անգամ չիրականացված խոստումներից փախչելու փորձ: Գուցե այս անգամ էլ հաջողվի, իսկ ԱԺ ընտրություններից հետո էլ հայտարարվի, թե դեռ նոր են եղել ընտրությունները, եւ չնայած արդեն կես տարուց էլ ավելի է, ինչ նոր իշխանություն կա, բայց հիմա էլ պետք է սպասենք մինչեւ նոր ընտրություններից հետո ձեւավորված նոր, բայց իրականում հին կառավարությունը «աշխատի»:  

Առայժմ սա աշխատող տարբերակ է, բայց գալու է պահը, երբ մարդիկ սկսեն մտածել, թե այդ ի՞նչ «լավ բան» է խոստացել Փաշինյանն իրենց, ի՞նչ է, ի վերջո, դա եւ ինչո՞ւ չի լինում: Այդ ժամանակ արդեն ավելի ու ավելի կդժվարանա հերթական արհեստական օրակարգով ժողովրդին շեղելը, եւ կգա իրական պատասխանատվության պահը:   

Խնդիրը միայն այն է, թե երբ եւ որքան շուտ կամ ուշ դա տեղի կունենա։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ