«Հրապարակ»-ը գրում է․ «Չորս ամիս է՝ գեներալ Մանվել Գրիգորյանը կալանավորված է, սակայն նախաքննության մարմինը դեռ նրան մեղադրանք չի առաջադրել: Ճիշտ է՝ նրան պատկանող տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք, «տուշոնկա-սգուշչոնկաներ», ավտոմեքենաների պարկ, գազանանոց, սակայն այդ տարածք մեծ թվով մարդիկ են ելումուտ արել, և քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հանցավոր արարքների հեղինակը հենց գեներալն է, այլ ոչ թե նրա թիկնազորի պետը (որը փախուստի մեջ է), կինը, աշխատողները, հարազատները:
Ինքը՝ գեներալը, ցուցմունք չի տալիս, պաշտպանական տակտիկան է՝ բռնել եք, ապացուցեք մեղքը: Անգամ «տուշոնկաների» մասով չեն կարողանում հաստատել, որ դրանք բերվել են Մ. Գրիգորյանի հրահանգով, և նա տեղյակ է եղել: Մենք տեղեկացանք, որ գեներալին առաջարկվել է «Մարտի 1-ի» գործով ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ, գոնե ասել, որ այն ժամանակ, երբ ինքն անցել էր Տեր-Պետրոսյանի կողմը և ՀՀ նախագահի կողմից ազատվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, իր նկատմամբ ճնշումներ են եղել, բնականաբար, խոստանում են թեթևացնել իր մեղքը, սակայն գեներալը հրաժարվում է:
Ի դեպ, դատաբժշկական, փորձաքննությունն ավարտվել է, «Արմենիա» ԲԿ-ի մասնագետները գտել են, որ գեներալի մոտ 16 հիվանդություն կա, և թոքի վրա նոր գոյացություն, բայց զգույշ են գրել, հայտնի չէ՝ բնույթը չարորակ է, թե ոչ: Կալանավայրում նա որոշ բուժում է ընդունում, բայց դեղամիջոց կա, որը Ֆրանսիայից են բերում հարազատները, և քանի որ այն Հայաստանում գրանցված չէ, թույլ չեն տալիս փոխանցել նրան: Սահմանափակում կա ոչ միայն այցելությունների մասով, այլև հեռախոսով խոսելու: Նաև սահմանափակ քանակի սնունդ են ընդունում: Մի խոսքով՝ գեներալը ոչ թե նախնական կալանքի տակ է, այլ արդեն պատիժ է կրում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը