29 09 2018

Մուտքերն «աննախադեպ» են, բայց բյուջեն թերակատարվում է․ «Հայոց աշխարհ»

Մուտքերն «աննախադեպ» են, բայց բյուջեն թերակատարվում է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Իշխանափոխությունից հետո կառավարությունը պատերազմ հայտարարեց կոռուպցիային եւ ստվերային տնտեսությանը։ Թվում է, թե դա կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների էական ավելացմանը՝ նկատի ունենալով Հայաստանում ստվերային տնտեսության մեծ ծավալները։   

Սակայն պարզվում է՝ այդպես չէ։ Չնայած պետական բյուջեի մուտքերի հայտարարվող աննախադեպ բարձր կատարողականին, այնուհանդերձ կառավարությանը չի հաջողվել ամբողջովին ապահովել բյուջեի առաջին կիսամյակի ճշգրտված պլանը։ Խոսքը՝ ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի թերակատարման մասին է։   

Հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ տնտեսական աճը, ինչը առաջին կիսամյակում եղել է 8,3 տոկոս, կառավարությունը ճշգրտումներ է կատարել պետական բյուջեում։ Ըստ այդմ, բյուջեի եկամուտներն ավելացել են 48 միլիարդով՝ 1,308 տրիլիոնից հասնելով 1,352 տիլիոնի։    Ճշգրտվել է նաեւ առաջին կիսամյակի պլանը՝ ավելանալով 25 միլիարդով։ Ի սկզբանե նախատեսված 602 միլիարդի փոխարեն ամրագրվել է 627 մլրդ դրամ։   

Արձանագրվող բարձր տնտեսական աճի եւ ստվերային տնտեսության դեմ հայտարարված անողոք պայքարի պայմաններում թվում է, թե չպիտի բարդ լիներ այս ցուցանիշների ապահովումը։ Նամանավանդ իշխանափոխությունից հետո բացվեցին բազմաթիվ գործեր՝ աղաղակող չարաշահումների հետ կապված, որոնց հետեւանքով պետական բյուջեին հասցված վնասները գնահատվում էին տասնյակ միլիարդավոր դրամներ։ Սակայն անգամ այդ պայմաններում, համաձայն ֆինանսների նախարարության հրապարակած ցուցանիշների, կառավարությանը չի հաջողվել կատարել բյուջի ճշգրտված պլանը։   

Բյուջեի փաստացի եկամուտներն առաջին կիսամյակում եղել են 606 մլրդ դրամ։ Թեեւ այն 4 միլիարդով գերազանցել է ի սկզբանե նախատեսված ցուցանիշը, այնուհանդերձ զգալիորեն պակաս է ճշգրտված պլանից։   

Բյուջեի եկամտային մասի թերակատարումը ճշգրտված պլանի նկատմամբ եղել է 3,4 տոկոս։ Պակաս է ստացվել ավելի քան 21 մլրդ դրամ։    Լուրջ թերակատարում է արձանագրվել պաշտոնական դրամաշնորհների գծով։ Ընդ որում, ինչպես բյուջեով նախատեսվածի, այնպես էլ ճշգրտված պլանի նկատմամբ։ Առաջին կիսամյակում այս հատվածից ակնկալվում էր ստանալ 16 մլրդ դրամ։ Հետագայում կառավարությունն այն ճշգրտել է՝ հասցնելով 17,2 միլիարդի։   

Սակայն առաջին կիսամյակի փաստացի կատարողականը կազմել է ընդամենը 3,7 մլրդ դրամ։ Թերակատարումը գերազանցում է 78 տոկոսը։ Նախատեսվածի համեմատ պակաս է ստացվել 13,5 մլրդ դրամ։   

Թե ինչո՞վ է պայմանավորված պաշտոնական դրամաշնորհների նման ցածր կատարողականը, դժվար է միանշանակ ասել։ Ամեն դեպքում, ենթադրվում է, որ դրա վրա ուղղակի ազդեցություն են գործել ներքաղաքական գործընթացները։   

Հիշեցնենք, որ պաշտոնական դրամաշնորհներն այն գումարներն են, որոնք ստացվում են հիմնականում արտաքին դոնորներից։ Իշխանափոխությունից հետո կառավարությունն արտաքին գործընկերների հետ հարաբերություններում ակնհայտորեն պասիվություն է ցուցաբերել։  

Չնայած բյուջեի մնացորդային հաշվին կուտակված զգալի ազատ միջոցներին, այնուհանդերձ առաջին կիսամյակում թերակատարվել է նաեւ պետական բյուջեի ներքին եկամուտների կատարողականը։ Խոսքը բյուջե հաշվեգրված գումարների մասին է, որոնք ձեւավորվում են գոյացող պարտավորությունների հաշվին։   

Թերակատարումը վերաբերում է ինչպես նախատեսված, այնպես էլ ճշգրտված պլանին։ Թեեւ այս դեպքում տարբերությունը շատ մեծ չէ։ Նախատեսվածի համեմատ բյուջեի եկամուտներն ու պետական տուրքերը պակաս են ստացվել գրեթե 2 մլրդ դրամով, ճշգրտված պլանի համեմատ՝ 6,7 միլարդով։ Թերակատարումը կազմել է 1,1 տոկոս։   

Բարձր կատարողական է ապահովվել այլ եկամուտների գծով, չնայած այս դեպքում եւս ճշգրտված պլանը չի հաջողվել ամբողջապես ապահովել։ Ի սկզբանե առաջին կիսամյակում նախատեսված է եղել այլ եկամուտների գծով հավաքել 11,7 մլրդ դրամ։ Հետագայում այն ճշգրտվել եւ հասցվել է 30,8 միլիարդի։ Փաստացի հաջողվել է ապահովել 29,8 մլրդ դրամի եկամուտ։   

Բյուջեի թերակատարումը շատ ավելի մեծ է ծախսերի մասով։ Դրանք անհամեմատ պակաս են եղել ինչպես նախատեսվածից, այնպես էլ ճշգրտված պլանից։   

Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին բյուջեի ծախսերը եղել են 610 մլրդ դրամ (նախատեսված էր 706 միլիարդ), ինչը հետագայում ճշգրտվել է՝ հասնելով 738 միլիարդի։ Ճշգրտված պլանի համեմատ այն թերակատարվել է ավելի քան 17 տոկոսով (տարբերությունը՝ 128 մլրդ դրամ)։ Բացառությամբ մեկ-երկուսի, ծախսերը պակաս են կատարվել գրեթե բոլոր ոլորտներում։   

Անկախ նրանից, թե դա ինչով է պայմանավորվել՝ ակնհայտ է, որ իրականացվել է, այսպես կոչված, կրճատողական կամ սեղմող բյուջետային քաղաքականություն։ Թե դա ինչ բացասական ազդեցություն է ունենում տնտեսական գործընթացների վրա, հատկապես հարկային խիստ վարչարարության եւ ստվերային տնտեսության դեմ ագրեսիվ պայքարի պայմաններում, դժվար չէ պատկերացնել։   

Ծախսերի թերակատարման վրա ուղղակի ազդեցություն է ունեցել մի շարք ոլորտներում նախատեսված ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքը։ Խոսքը վերաբերում է հատկապես վարկային միջոցներին։ Պատահական չէ, որ արտաքին հատվածից բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով նախատեսված միջոցների կատարողականը բավականաչափ ցածր է։ Նաեւ դրա հետեւանք է Հայաստանի պետական պարտքի ցուցանիշների նշմարվող բարելավումը։   

Թե ինչ փոփոխություններ կկրի պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի կառուցվածքը մինչեւ տարեվերջ, ցույց կտա ժամանակը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ