27 09 2018

Ռուսաստանը հետևում է ՀՀ իշխանություններին․ «168 ժամ»

Ռուսաստանը հետևում է ՀՀ իշխանություններին․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ «Թեև ոչ ամբողջական բովանդակային հանդիպումների տեսքով, բայց ակտիվ շփումներ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ընթանում են ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո: Սա թույլ է տալիս ղեկավարներին առաջացած խնդիրները քննարկել առաջին ձեռքից, ծանոթանալ դիրքորոշումներին և ընդհանուր առմամբ համագործակցել ավելի արդյունավետ:

Բնականաբար, ներկայումս կան խնդիրներ, որոնք պայմանավորված են միմյանց հետ աշխատելու փորձի բացակայությամբ, ՀՀ իշխանության եկած անձանց կառավարման փորձի բացակայությամբ, որը խնդիրներ է առաջ բերում, և մի շարք այլ հանգամանքներով: Բայց տեսանելի է, որ այս հանդիպումներն առիթ են դառնում քննարկումների համար, երկու երկրների կարևորությունը միմյանց համար շատ ավելի մեծ է, քան նշածս խնդիրները: Ինչպես Փաշինյանի այցը Մոսկվա, այնպես էլ, կարծում եմ` Պուտինի առաջիկա այցը Հայաստան ևս կդառնա սուր անկյունները հարթելու լավ հնարավորություն»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարելիք պաշտոնական այցի արդյունավետությանն ու օրակարգին:

Իր հերթին՝ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարն ասել է, որ դեռևս շարունակվում է հարմարվողականության փուլը, Ռուսաստանը շարունակում է ճանաչել ՀՀ նոր իշխանություններին, հետևում է այս օրերին Միացյալ Նահանգներում ՀՀ վարչապետի ելույթներին, հանդիպումներին, արևմտյան շփումներին, որը ևս կարևոր կլինի՝ հասկանալու հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների լուծման հնարավորությունը:

«Կարծում եմ` ժամանակ է հարկավոր, որպեսզի ամեն բան պարզվի, փոխադարձ վստահություն ձևավորվի, քանի որ ներկայումս առաջացած բոլոր խնդիրների պատճառը վստահության բացակայությունն է երկկողմ հարաբերություններում»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ