25 09 2018

Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ․ «Հայոց աշխարհ»

Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Կարծում ենք, Երևանի ավագանու ընտրությունները առանձնակի մեկնաբանությունների կարիք հազիվ թե ունեն։ Դրանք ոչ այնքան ընտրություններ էին, որքան շախմատային խաղ ինքդ քո հետ. արեցիր քայլ սպիտակներով, շրջեցիր տախտակն ու քայլ արեցիր սեւերով։ Որ գույնն էլ շահի, հաղթողը միշտ մեկն է. նա, ով փոխեփոխ խաղում է մերթ մեկով, մերթ մյուսով։

Մեզ՝ ամֆիթատրոնում նստածներիս, հենց սկզբից էլ պարզ էր, թե ինչով կավարտվի հին հռոմեական այս սյուժեն. կհայտնվի շանթարձակ Զեւսը ու... բոլորին։ Այդպես էլ եղավ։ Կարգին Հայկոն ստացավ այնքան տոկոս, որքան Հռոմի պապն իր Վատիկանում չէր հավաքի։  

Կարելի էր, իհարկե, հարցնել հօգուտ «Իմ քայլի» քվեարկած երեւանցիներին, թե ինչով էին նրանք մտածում՝ սկուտեղի վրա մատուցելով իրենց քաղաքը կատակերգակին։ Սակայն ի՞նչ օգուտ նման հարցից։  

Չէ՞ որ մենք ապրում ենք կապած աչքերով։ Թե ով է կապել մեր աչքերը եւ երբ է դա եղել, արդեն չենք հիշում. մեզ դա հետաքրքիր չէ։   Կապած աչքերով հեռուստացույց ենք դիտում. այդպես հարմար է, մի տեսակ ավելի լավ է երեւում։ Կապած աչքերով մեքենա ենք վարում, քայլում փողոցներում, կարդում ու գրում։ Ուտում ենք կապած աչքերով. այդպես ավելի համեղ է։   Բայց երբ մեզ ասում են, որ ապրում ենք կապած աչքերով, մեզ դա դուր չի գալիս։  

Սիրում ենք ճամփա ցույց տվողներին։ Նրանք մեր ուղեվարներն են։ Գնում ենք նրանց հետեւից. դա հաճելի է։ Ճամփա ցույց տվողների հետ մտածելու կարիք չկա, նրանք մեր փոխարեն ամեն ինչ կմտածեն։  

Ճանապարհ ցույց տվողները նույնպես ապրում են կապած աչքերով։ Ապագան նրանց չի երեւում։ Եվ մեր աչքերն էլ նրանք կապում են, որովհետեւ հենց իրենց համար կապած աչքերով ավելի հանգիստ է։  

Կան, ճիշտ է, մարդիկ, որոնք չեն ուզում, որ իրենց աչքերը կապած լինեն, բայց այդպիսիք մեզանում փոքրամասնություն են, «սեւ ուժեր», ու պետք չէ ուշադրություն դարձնել նրանց վրա։  

Ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը, բնականաբար, անվերապահ կընդունեն քվեարկության արդյունքները։ Այդ նախկինում էին բողոքում, անհամաձայնություն հայտնում, այսինքն՝ պահում իրենց անգիտակից քաղաքացիների պես։ Այժմ, փա՜ռք Աստծո, քաղաքական ուժերը հասունացել են։  

Փաշինյանի հետ բոլորի հարաբերությունները դասավորվում են շեքսպիրյան «Համլետից» երկխոսության ոգով։  

Համլետ  

-Տեսնո՞ւմ եք այն ամպը, ասես ուղտ լինի։  

Պոլոնիուս  

-Աստված վկա, տեսնում եմ, իրոք որ, իսկը ուղտ։  

Համլետ  

-Ինձ թվում է՝ կզաքիսի է նման։  

Պոլոնիուս  

-Ճիշտ է, մեջքը կզաքիսի է։  

Համլետ  

-Կամ կետաձկան։  

Պոլոնիուս  

-Իսկը կետաձուկ։  

Այնպես որ՝ ապագա Շեքսպիրներն ու Մոլիերները կարող են բավական բան քաղել իրենց համար՝ հետեւելով հայրենի ներքաղաքական առօրյային։   

Ներքաղաքական կյանքը մեզանում սրընթաց նմանվում է առողջարանի, ուր ուղարկում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապողներին։ Այսուհետ այնտեղ ամեն ինչ կլինի «բուժող բժշկի» նշանակումների համաձայն։ Ոչ մի կծու, ոչ մի աղի, ոչ մի ճարպեղեն։ Կոնկրետ հաճույքի զգացողությունը լիովին ճնշված է վերացական օգտակարության գիտակցությամբ։ Քաղաքական կերակրատեսակները, որ կառաջարկի իշխանությունը բոլորին, կլինեն անհամ ու պատրաստված ստանդարտ բաղադրատոմսով. Փաշինյանի հանդեպ հավատի եւ անվերապահ աջակցության դյուրամարս շիլա։  

Եվ արդեն ոչ ոք չի նսեմանա հորդորելու աստիճան. «Մի գդալ՝ հայրիկի խաթեր։ Մի գդալ՝ մայրիկի»։ Բոլորը լիովին կգիտակցեն իրենց նշանակված քաղաքական սննդակարգի օգտավետությունը եւ առանց որեւէ հարկադրանքի կբացեն բերանը՝ հաճույքով կուլ տալով այն, ինչը դեռ ոչ այնքան վաղուց փսխելու ռեֆլեքս էր առաջացնում շատերի շրջանում։   

Անորոշ է մնում միայն մի հարց. ինչպե՞ս են վարվելու նախկին իշխանության հետ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ