08 09 2018

Փաշինյանի՝ Փարիզ այցի պատճառը «Վեոլիա ջուր»-ն է․ «168 ժամ»

Փաշինյանի՝ Փարիզ այցի պատճառը «Վեոլիա ջուր»-ն է․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։

«Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր:

«168 ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին իսկապես Փարիզ հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձևավորվել։ Իրականում հրատապ ու անսպասելի այս այցը պայմանավորված է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են հասկանալ՝ ի՞նչ նպատակներ են հետապնդում ՀՀ նոր իշխանությունները ֆրանսիական խոշոր այդ ընկերության հանդեպ նման քայլեր ձեռնարկելով, եւ այն էլ՝ գագաթաժողովից եւ Ֆրանսիայի նախագահի ՀՀ այցից առաջ։

Հիշեցնենք, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության համաձայն՝ «Վեոլիա ջուրը» կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ եւս 7 պաշտոնատար անձանց համար Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ տոմսեր է գնել, ինչից հետո ջրի սակագինը բարձրացվել է 11,414 դրամով՝ 180-ից հասնելով 191 դրամի։

«Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն օրեր առաջ հրավիրած ասուլիսում ոստիկանության առաջադրած մեղադրանքների հետ կապված պարզաբանումներ էր ներկայացրել  եւ հայտարարել, որ իրենց դեմ արշավ են իրականացնում այն մատակարարները, որոնք մրցույթում չեն հաղթել ու չեն համագործակցել իրենց հետ, ինչպես նաեւ այն աշխատակիցները, որոնց հեռացրել են ընկերությունից:

ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ իր հերթին՝ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե համամիտ չէ «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ, որ ոստիկանության մեղադրանքը շինծու է, անհիմն։

Նման այցի պատճառ կարող էր հանդիսանալ նաեւ այն, որ գուցե ֆրանսիական կողմին նաեւ անհանգստացրել է այն տեղեկատվությունը, որ կապված է հայկական զորքի՝ ռուսական զորքի կազմում Սիրիայում տեղաբաշխման հետ, որովհետեւ հայտնի է, որ Ֆրանսիան, ինչպես եվրոպական այլ երկրներ, հակադիր շահեր, մոտեցումներ ունի Սիրիայում, քան Ռուսաստանինն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ