«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղը Մոսկվա մեկնելը- քիչ էր մնում ասեի՝ կանչվելը- պատմական վատ հիշողություններ կարող է արթնացնել մեր ժողովրդի պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձի մտքում: Արևելք-Արևմուտք պայքարի, այժմ ի դեմս Ռուսաստան-Մ. Նահանգներ սրված հակամարտության հետզհետե ավելի վտանգավոր դրսևորումները իրենց զգացնել են տալիս նաև մեր հողում և, մեկ անգամ ևս, մեզ դնում են կողմնորոշվելու երկընտրանքի, ավելի ճիշտ՝ միակ ընտրության առջև, ինչից պետք էինք խուսափած լինել ամեն գնով: Առաջին հերթինՙ զերծ պահելով արտաքին միջամտությունների դիմաց խոցելի լինելուց:
Պատկերավոր ասած՝ Մոսկվան չի հավատում արցունքների: Վարչապետ Փաշինյանը քանիցս հայտարարեց, վերջինը՝ Անգելա Մերկելի հետ տված ասուլիսում, որ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարի ի վնաս կամ ի հակակշիռ կողմերից մեկի, ու Երևանը միշտ հավատարիմ է մնալու իր ստանձնած պայմանագրային պարտավորություններին, ամենևին համոզիչ չի թվում Հյուսիսի մեր դաշնակցին: Վերջինս գործողությունների է սպասում համոզվելու համար, մինչդեռ մեր նոր իշխանությունները Մոսկվայի ակնկալիքներին դեմ գնալու ավելորդ ապացույցներն են հրամցնում ամեն պահ: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի եռյակ և գրեթե նույնաբովանդակ հրապարակային հայտարարությունները, վերջինը՝ անցած երկուշաբթի օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանի, ուշադրություն` առաջին կուրսեցիների հետ հանդիպման ընթացքում, հիշեցում և զգուշացում էր միաժամանակ ՀԱՊԿ-ի հեղինակությանը չվնասելու և նախորդ իշխանության նկատմամբ քաղաքական հետապնդումներ չիրականացնելու խոստումը դրժելու առնչությամբ, պարզորոշ ցույց է տալիս Ռուսաստանի ջղագրգիռ դժգոհությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերի առթիվ:
Սակայն չպետք է թվա, որ հրապարակային այդ դժգոհությունը անձնական սերտ հարաբերությունների- հիշենք` պաշտոնական հաղորդագրությամբ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի նշումը նախագահ Պուտինի կողմից- գնահատում է պարզապես, կամ ընկերոջ «թասիբին» կանգնելու գործողություն: Դա պատմաբաններին քաջ ծանոթ այսպես կոչված «արևելյան օրիենտացիան» պահպանելու մերօրյա պահանջ է, որը մեր երկիրը կրկին դնում է «կամ-կամ» դիլեմայի դեմ-հանդիման, վերջին տասնամյակում մեր ձեռք բերած «և-և»ի` քաղաքականապես մանևրելու ազատության փոխարեն: Դա ցույց է տալիս, որ Ռ. Քոչարյանի և նրա կողմնակիցների դեմ ծավալված գործողություններում Մոսկվան տեսնում է Հայաստանի ավանդական ռուսամետ քաղաքականության շեղում:
Մեզ հայտնի չէ, որ մեր վարչապետը նախորդ երկու հանդիպումներում ի՞նչ և ինչպիսի՞ հավաստիացումներ է տվել- եթե տվել է- նախագահ Պուտինին, սակայն հայտնի է, որ արևմտյան դիվանագետները վերջին շրջանում ավելի համառորեն ու մեղադրանքի ձևով շեշտում են, որ Հայաստանը, համենայնդեպս, ռուսական ազդեցության ոլորտում է գտնվում և դաշնակիցն է նրան: Դեռ վերջերս, մեր դիվանագետներից մեկի հետ մասնավոր զրույցում հարցրեցի, թե ի՞նչ է լինում նման մեղադրանքներին մեր պատասխանը: Պատասխանը, խոստովանեմ, գոհացրեց ինձ. «Իսկ ի՞նչ եք ուզում, թշնամի՞ դառնանք Ռուսաստանին»:
Անշուշտ` ոչ: Եվ այդ «ոչ»-ը հասկանալի, ըմբռնելի է յուրաքանչյուր հաշվենկատ ու ողջամիտ հայի, նույնիսկ օտար դիվանագետի համար: Բացի` Հայաստանում Մ. Նահանգները ներկայացնող մեծարգո դեսպան Ռիչարդ Միլզից, որն արդեն 4-րդ ամիսն է, որ անընդհատ ելույթներ է ունենում Մարտի 1-ի քրեական թղթածրարը ամբողջությամբ և մինչև վերջ քրքրելու վերաբերյալ, նույնիսկ փորձելով ազդել դատական գործընթացների վրա, ինչը, սրանից առաջ առիթ ունեցել եմ գրելու, իր հայրենիքում անթույլատրելի արարք է համարվում, դատական հետապնդման ենթակա: Գոնե Ռուսաստանի արտգործնախարարն իր հայտարարություններում երբեք չի մոռանում շեշտելու, որ Հայաստանում ծավալվող իրադարձությունները մեր երկրի «ներքին գործն» են, այսինքն` Լավրովը մեր «ներքին գործերին» խառնվում է իբր... առանց խառնվելու:
Մինչդեռ պրն Միլզը այդ նրբանկատությունն անգամ հանդես չի բերում և ձգտում է ռուս-ամերիկյան ներկայիս գերլարված հարաբերությունների, ավելի շուտ` հարաբերազուրկ հակամարտության փորձադաշտ դարձնել Հայաստանը բացահայտ կերպով, պարզապես գրգռելով ռուսական կողմին: Ըստ երևույթին նա շատ է ոգևորված մեր նոր կառավարության միջանցքներում վտվտացող սորոսականների առատությունից, այն սորոսականների, որոնց մենտոր Ջորջ Սորոսին դեռ ոչ վաղ անցյալում նախագահ Թրամփը հայտարարել էր «ահաբեկիչ»: Բացահայտորեն ձեռնոց նետելու պրն Միլզի գործողությունների շարքը օրերս հարստացավ ևս մեկով, երբ դեսպանը, իր պաշտոնը շփոթելով կոմիսարի պարտականությունների հետ, հայ գործարարներին խորհուրդ տվեց Իրանի հետ առևտրական հարաբերություններ սկսելուց առաջ կամ շարունակելու համար ներկայանալ դեսպանատուն, իբր ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ չընկնելու մտավախությամբ: Այնինչ Իրանը ոչ միայն մեր բարեկամ հարևանն է, այլև 26 տարուց ի վեր մեր սահմանը փակ պահող Թուրքիային հակակշռողը: Վաշինգտոնը եթե իրական ցանկություն ունենար, մեզ օգնելու, իր այդ դաշնակցին բացել կտար սահմանը:
***
Վաղը վարչապետ Փաշինյանին Մոսկվայում սպասում է շատ կարևոր, ես կասեի` ճակատագրական հանդիպում: Իրատեսությունը, խորամտությունն ու ճկունությունը նրան կբավականացնի՞ մեր երկիրը երկընտրանքային ներկա վիճակից դուրս բերելու համար: Սպասենք վերադարձից հետո իր գործերին, ո՛չ խոսքերին: Մինչ այդ լավ կլինի, եթե ինքն և ուրիշներ, մենք բոլորս, մեկ անգամ ևս թերթատենք մեր ժողովրդի վերջին 2000 տարվա պատմության էջերը:
Լուսանկարը՝ newmag.am-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը