«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «գործի» քննությունը, կարելի է ասել, ինչ-որ չափով հրապարակային է ընթանում, առնվազն փաստաբաններ ՀՔԾ հարթության վրա:
Ճիշտ է, առայժմ բուն «գործի» համակողմանի հանգամանքները չէ՛, որ քննարկվում են, այլ՝ ուղեկից դրվագները կամ փաստերը: Իսկ բուն «գործի» հանգամանքները նախաքննության գաղտնիք են համարվում եւ չափաբաժին առ չափաբաժին են հրապարակվում եւ միակողմանի՝ ինչպես կբարեհաճի քննությունը վարող Հատուկ քննչական ծառայությունը եւ այդ հաստատության պետը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, առաջարկում էր հանել «նախաքննության գաղտնիքը» եւ հրապարակայնացնել ՀՔԾ մեղադրանքներն ու հիմնավորումները, որպեսզի հասարակությունն էլ համոզվի, որ իրեն ներկայացված մեղադրանքի տակ բան չկա, այլ կերպ ասած՝ փուչ է:
Վերջին օրերին էլ քննարկման առարկա է դարձել հարցը, թե ինչ իրավունքով է քննությունն իրականացնող մարմինը իր մոտ պահել Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը՝ նախկին նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխությունից հետո:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը նախօրեի ասուլիսում, հիշեցնենք, հայտարարել էր, որ այդպիսով ՀՔԾ-ն խախտել է քաղաքացու սահմանադրական իրավունքը: ՀՔԾ-ն արձագանքել էր, թե նման բան չկա, իսկ փաստաբանի ասածն էլ կա՛մ ՍԴ համապատասխան որոշմանը ծանոթ չլինելու հետեւանք է, կա՛մ հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում:
Երեկ արդեն փաստաբանների պատասխան «հարվածի» հերթն էր: Ու հարկ է նկատել, որ անկախ այլեւայլ նրբերանգներից, այդ թվում՝ հուզական ընկալումներից, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խումբը առայժմ խայտառակ խոշոր հաշվով հաղթում է ՀՔԾ պետին: Ի վերջո, հենց այնպես չէ, որ փաստաբանների խմբում միավորվել են մեր երկրի՝ այս ասպարեզի լավագույն ներկայացուցիչները: Փաստաբանների պատասխանը, որ ավելի շուտ՝ ՀՔԾ պետի կամ քննությունն անմիջականորեն իրականացնողների համար մասնագիտական «լիկբեզի» տպավորություն է թողնում, փոքր-ինչ ծավալուն է ու, միգուցե, խիստ մասնագիտորեն շարադրված, սակայն, կարծում ենք, դրանից բովանդակությունը չի տուժել:
Ներկայացնելով ՍԴ դիտարկվող որոշման հիմնական դրույթները, որքանով դրանք վերաբերում են քննարկվող հարցին, փաստաբանները մասնավորապես ընդգծել են. «Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ անձնագիրը կասկածյալից կամ մեղադրյալից կարող է վերցվել բացառապես խափանման միջոցի կիրառման դեպքում» (որոշման 7-րդ կետի նախավերջին պարբերություն):
«Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել նաեւ շեշտել, որ խափանման միջոցի վերացման պահին անձի անձնագիրը ենթակա է անհապաղ վերադարձման: Ձեւավորված պրակտիկան, երբ անձի անձնագիրը պահվում է իրավասու մարմնի մոտ «ստորագորություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու դեպքում, խախտում է սահմանադրությամբ երաշխավորված` անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Այս առնչությամբ Ազգային ժողովը եւս իր գրավոր բացատրության մեջ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ձեւավորված իրավակիրառ պրակտիկան այնքանով, որքանով չի ապահովում խափանման միջոցի վերացման դեպքում անձնագրերի անմիջապես վերադարձ դրանց տերերին, հակասում է սահմանադրության պահանջներին»: (որոշման 7-րդ կետի վերջին պարբերություն):
Սահմանադրական դատարանը որոշել է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը» եւ «Կասկածյալի եւ մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ եւ վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես» դրույթները համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակության շրջանակներում, համաձայն որի` հետաքննության կամ նախաքննության մարմինը կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես կարող է վերցնել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց (ստորագրություն չհեռանալու մասին կամ կալանք) կիրառելու մասին որոշման առկայության պայմաններում: (որոշման եզրափակիչ մասի 1-ին կետ)»:
Վերջում, ամփոփելով դիտարկված հանգամանքները, Ռ.Քոչարյանի փաստաբանները նշել են. «Ընդունում ենք, որ արված հայտարարությունը ձեւական առումով չի համապատասխանում Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, այսինքն՝ օրենքի նորմը ինքնին չի ճանաչվել սահմանադրությանը հակասող, եթե դրան չի տրվում այլ մեկնաբանություն, քան նշվել է Սահմանադրական դատարանի կողմից»:
Միեւնույն ժամանակ, վերանայելով փաստաբանի ելույթն ամբողջությամբ՝ պարզ է, որ օրենքի նշված դրույթի՝ սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիրքորոշումը հայտնվել է հենց նշված նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով:
Շնորհակալություն ենք հայտնում Հատուկ քննչական ծառայությանը, որ հրապարակային հայտարարությամբ ընդունել են Սահմանադրական դատարանի որոշմանը քաջատեղյակ լինելը, ինչն ապագայում կբացառի ոչ իրավաչափ գործողություններ կատարելը՝ մասնագիտական անփութությամբ պատճառաբանելու հնարավորությունը:
Նշված որոշման լույսի ներքո, ըստ երկրորդ նախագահի փաստաբանների, Վերաքննիչ քրեական դատարանի օգոստոսի 13-ի որոշումից հետո մինչեւ սեպտեմբերի 5-ը, երբ ՀՔԾ-ն նոր խափանման միջոց ընտրեց, Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը չէր կարող իրավաչափ կերպով պահվել ՀՔԾ-ում։ Այն, ինչ պահանջվում էր հիմնավորել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը