05 09 2018

«Ժողովուրդ» բառը փաղաքշանք կամ հաճոյախոսություն չէ․ «Առավոտ»

«Ժողովուրդ» բառը փաղաքշանք կամ հաճոյախոսություն չէ․ «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող դերասան Հայկ Մարությանը չունի քաղաքական փորձ եւ այդ պատճառով իր հայտնի ելույթում թույլ է տվել անզգույշ արտահայտություններ: Դա ինձ համար այնքան էլ մեծ խնդիր չէր լինի, եթե նրա ավելի մեծ քաղաքական «ստաժ» ունեցող թիմակիցները փորձեին շտկել դերասանի ասածները:

Բայց քանի որ դա տեղի չունեցավ, ենթադրելի է, որ Հայկն ուղղակի պարզ ու անկեղծ արտահայտում է այն, ինչ մտածում են իր քաղաքական թիմի անդամները, սակայն երբեմն զգուշանում են բարձրաձայն ասել: Տրամաբանությունը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. «Մենք («Քաղաքացիական պայմանագիրը», «Իմ քայլը» դաշինքը, Փաշինյանի զինակիցները) եւ միայն մենք ենք մարմնավորում ժողովրդին: Եվ այդ պատճառով մենք սպիտակ ուժեր ենք, լավն ենք, քաղցր ենք, անթերի ենք, եւ, հետեւաբար, մեր, այսինքն՝ ժողովրդի դեմ խաղ չկա: Կան նաեւ «ոչ մենք», այսինքն՝ «ոչ ժողովուրդ», եւ քանի որ «նրանք» ժողովուրդ չեն, նրանք սեւ ուժեր են, ժողովրդին դեմ են եւ պետք է քաղաքականապես ոչնչացվեն»:

Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում դա կարելի է հասկանալ այսպես. կա «մենք»-ը՝ «Իմ քայլը» դաշինքը, որին պետք է քվեարկել, եւ կա «ոչ մենք»-ը՝ «Լույս» դաշինքը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ այլն, որոնց քվեարկել պետք չի: Սպիտակ ուժերը «մենք» ենք, սեւը՝ «ոչ մենք»: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են «մենք»-ի շրջանակներից դուրս եւ չեն ցանկանում, որ «մենք» հաղթենք, թալանչի են, ավազակ են, ժողովրդի արյունը խմող են եւ ընտրակեղծարար:

Ինձ թվում է՝ այստեղ կա մեթոդաբանական սխալ: «Ժողովուրդ» հասկացողությունը հնարավոր չէ սահմանափակել որեւէ՝ թեկուզ շատ մեծ խմբով: Այս պահին, այո, ժողովրդի մեծամասնությունը համակրում է Նիկոլ Փաշինյանին եւ որոշ վերապահումներով՝ նրա թիմին: Բայց նախ՝ այս վիճակը, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքական իրավիճակ, ժամանակավոր է:

Իսկ երկրորդ՝ ժողովուրդ են նաեւ նրանք, ովքեր ներկայիս վարչապետին չեն համակրում: «Ժողովուրդ» բառը փաղաքշանք կամ հաճոյախոսություն չի: Ժողովուրդ են այլ կուսակցությունների համակիրները, ժողովուրդ են նաեւ ՀՀԿ-ականները եւ քոչարյանականները, ժողովուրդն են նրանք, ովքեր քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ժողովուրդ են նաեւ հանցագործները կամ նրանք, ովքեր կասկածվում են հանցագործության մեջ:

«Ժողովրդի կողքին» («ժողովրդի հետ») եւ «ժողովրդին դեմ» արտահայտություններն ինձ համար իմաստազուրկ են: Կան պետության օրենքները հարգողներ, եւ կան օրենքներ խախտողներ, որոնք պետք է պատժվեն՝ մնացած որակումները խիստ կամայական են: Ինչպես սեւն ու սպիտակը: …Գեորգի Դանիելիայի «Կին-ձա-ձա» կինոկատակերգությունում մի հեռավոր մոլորակում մարդիկ հատուկ գործիք ունեն՝ «վիզատոր», որի միջոցով իմանում էին՝ «ով ինչ գույնի է»: Բայց այնտեղ մարդիկ բաժանվում էին «կանաչների» եւ «նարնջագույների»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ