«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Առայժմ շատ են հարցականները․․․Եթե հետադարձ հայացք նետենք անցնող ամառվա իրադարձություններին, ապա հիմնականների շարքում, ինչ խոսք, հարկ է առանձնացնել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն:
Ճիշտ է, այն բանից հետո, երբ «Երկիր մեդիա»-ին տված երկրորդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց ակտիվ քաղաքական գործունեության վերադառնալու մասին, որեւէ այլ ուշագրավ զարգացում այդ առումով դեռ չի նկատվել: Բայց դրանից արագ հետեւություններ, իհարկե, չարժե անել: Ամեն ինչ, ինչպես սիրում են ասել շատերը, դեռ առջեւում է կամ նոր է սկսվում: Առայժմ ավելի շատ են հարցականները: Բայց նախքան դրանց անդրադառնալը, կարծում ենք, արժե, թեկուզ հպանցիկ, վերհիշել երկրորդ նախագահի ակտիվացմանն առնչվող հանգամանքները:
Որոշակի առումով կարելի է ասել, որ Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձրին: Եվ վերադարձրին հենց այն ուժերն ու շրջանակները, որոնց հաջողվեց ապրիլ-մայիսին նախաձեռնած ցույցերի միջոցով, այսպես ասած, «թավշյա» տարբերակով գալ իշխանության:
Դժվար չէ հասկանալ, որ «Մարտի 1»-ի, ըստ էության, վերաբացված գործի քննության շրջանակներում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը, ապա նաեւ՝ կալանավորելը միաժամանակ նշանակում է նրա վերադարձ՝ քաղաքական ակտիվ գործունեության: Մանավանդ նման՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնելը: Մեղադրանք, որն, ինչպես նույն հարցազրույցում նկատեց նախկին նախագահը, իր փաստաբանները Վերաքննիչ ատյանում ջախջախեցին, չթողեցին քարը՝ քարի վրա:
Հաջորդած զարգացումներն էլ պակաս ուշագրավ չէին: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորման որոշումը բողոքարկեցին: Ապա Վերաքննիչ դատարանը բավարարեց նախկին նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված բողոքը. Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվեց:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 14-ին, նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ «Էրեբունի» հյուրանոցի սրահներից մեկում: Սակայն գործադիր իշխանության կողմնակիցներն ու իշխանական ակտիվիստները, այդ թվում, ըստ տարածված տեղեկությունների, վարչապետին ուղղակիորեն առնչվող անձինք (խոսվեց, օրինակ, վարորդի մասին), ինչպես նաեւ Լ.Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի մշտական ու առավել ագրեսիվ տրամադրված կողմնակիցները, չհաշված Վարդգես Գասպարիին, Ռոբերտ Քոչարյանի հասցեին վիրավորական բացականչություններով ու վանկարկումներով, համատեղ ուժերով «գրավեցին» ասուլիսի սրահը, փաստորեն անհնարին դարձնելով կամ տապալելով այն:
Ինչ խոսք, յուրաքանչյուր քաղաքացի կամ մարդկանց խումբ իրավունք ունի բողոքի ակցիաներ անցկացնել, հայտնել իր դժգոհությունը կամ բողոքը: Բայց տեղի ունեցածը արդեն դուրս էր պարզ բողոքի ակցիայի սահմաններից: Դա նաեւ բացահայտ ճնշում եւ ոտնձգություն է խոսքի ազատության, տեղեկություններ ստանալու եւ տարածելու սահմանադրական իրավունքների նկատմամբ: Ու երկրի ընդհանուր վարկանիշի համար շատ վատ է, որ այդ ամենը կատարվել է անմիջականորեն գործադիր իշխանությանն առնչվող զանազան անձանց մասնակցությամբ:
Վարկանիշը՝ դեռ մի կողմ: Ընդհանուր անհանդուրժողական մթնոլորտի, ներհասարակական տրամադրությունների բեւեռացման տեսանկյունից են նման դրսեւորումներն անընդունելի: Ի լրումն, դա կարող է մեկնաբանվել նաեւ որպես կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ ծավալված քաղաքական հետապնդման լրացուցիչ դրսեւորում:
Ինչպես հայտնի է, իշխանությունը, այս պարագայում՝ դատախազությունը, որոշեց բողոքարկել Վերաքննիչ ատյանի որոշումը, այսինքն՝ նախկին նախագահին կալանավորել-չկալանավորելու հարցը դեռ դատական շարունակություն է ունենալու:
Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն ընդհանրապես տարօրինակ արձագանքեց, հայտարարելով, թե Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է: Եթե նման բան ասեր թերի միջնակարգ կրթությամբ որեւէ հայրենակից, ապա դա կարելի էր վերագրել նրա ընկալումներին ու հույզերին: Բայց երբ Վերաքննիչ ատյանի որոշման մասին նման հայտարարություն է անում Հատուկ քննչական ծառայության ղեկավարը, ապա անհնար է չտարակուսել եւ չմտահոգվել:
Տպավորությունն այնպիսին է, որ ՀՔԾ-ն, կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, ջանքեր չի խնայում, որ իշխանության եկած շրջանակների կողմից առնվազն 10 տարի շրջանառած քարոզչական ու քաղաքականացված մեղադրանքները համապատասխանեցնի Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածին:
Ինչ վերաբերում է քաղաքական հանգամանքներին, կոնկրետ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված, ապա վերը նշված հարցականներից մեկն այն է, թե նախկին նախագահը ակտիվացման ինչ ձեւաչափ կնախընտրի: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը անկուսակցական է: Նշանակո՞ւմ է դա, որ նա եւ իր կողմնակիցները կփորձեն նոր կուսակցություն ձեւավորել, թե՞ կհամագործակցեն գոյություն ունեցող կուսակցություններից որեւէ մեկի հետ: Թեպետ, որոշակի առումով դա ավելի շատ տեխնիկական խնդիր է:
Ավելի հետաքրքիր է հարցը, թե ինչ գաղափարական-քաղաքական ուղղվածություն կունենա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական «ռեստարտը», կամ, ասենք, շեշտը դրվելու է իր պաշտոնավարման շրջանում արձանագրված սոցիալ-տնտեսական առաջխաղացմա՞ն վրա, թե՞ հիմնական է դիտվելու նոր մոտեցումներ, ծրագրեր առաջադրելը: Կամ, արդյոք նախատեսվո՞ւմ է մասնակցել առաջիկայում դեռեւս սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Էլի հարցեր կան ու դեռ կծագեն, անշուշտ:
Առայժմ կարելի է նկատել, որ գործող իշխանությունը, առաջին հերթին, հասկանալի է, Նիկոլ Փաշինյանը, որոշակիորեն խթանելով Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ակտիվ քաղաքական գործունեության, ի դեմս նրա բավական ծանրակշիռ մրցակից է ստանում, ցանկանո՞ւմ էին իրենք նման զարգացում, թե՞ չէին ցանկանում:
Առայժմ, իհարկե, հանրային լայն աջակցությունը իշխանության ներկայացուցիչներին թույլ է տալիս ինչ-որ տեղ քամահրանքով արձագանքել: Բայց հանրային աջակցությունն ինքնին խախուտ բան է: Այսօր լայն է, իսկ վաղը, երբ ինչպես նախկին նախագահը ակնարկեց՝ սառնարանները դատարկությամբ դիմավորեն դռնակը բացողներին, կարող է այդ աջակցությունը նաեւ գոլորշիանալ:
Դատելով նրանից, որ իշխանության կողմնակիցները առավելապես աչքի են ընկնում անձնավորված թշնամանքի, ատելության քարոզով, կամայական մեկնաբանություններով, նրանք, հնարավոր է, իսկապես անհանգստացած են քաղաքական դաշտում նման մրցակցության հեռանկարից:
Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, որ իշխանավորներն արագորեն սկսեցին լուրեր տարածել, թե Ռոբերտ Քոչարյանը, այսպես ասած, գնել է համարյա թե եղած ամբողջ լրատվական դաշտը, չգիտեմ, բազմաթիվ կայքեր, հեռուստաընկերություններ, լրատվամիջոցներ, մի խոսքով: Է՛լ ավելի հետաքրիր է, որ հիշատակված ու չհիշատակված այդ լրատվամիջոցները, հաջորդած այս մոտ երկշաբաթյա ժամանակահատվածում որեւէ կերպ չդրսեւորվեցին որպես, այսպես ասենք, կոնկրետ գործչի կողմից «գնված» քարոզչամիջոցներ:
Մեծ հաշվով, պարզ է, որ «գնման» մասին կեղծ լուրերի տարածմամբ իշխանությունները պարզապես ցանկանում էին մի կողմից վարկաբեկել, մյուս կողմից՝ միառժամանակ լռեցնել կոնկրետ իրենց տոտալ վերահսկողության տակ չգտնվող ու անցանկալի լրատվամիջոցները: Դե, չէ՞ որ իշխանության են եկել խոսքի ազատության, ժողովրդավարության կողմնակիցներ: Ինչպես ցույց է տալիս դեպքերի ընթացքը, նման անձինք խոսքի ազատության ամենից համոզված հակառակորդներ են: Բայց դա արդեն այլ անդրադարձի նյութ է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը