«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոստիկանական մեքենաները քչացել են, երթևեկության վերաբերյալ բողոքները` հակառակը: «Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նկատում է` գաղտնիք չէ, բոլորս էլ երթևեկում ենք և տեսնում, որ ՃՈ մեքենաները բավականին քչացել են, շրջիկ ծառայություններ գրեթե չեն իրականացնում:
«Այդուհանդերձ, վերջին մի քանի օրերի ընթացքում` ոստիկանապետի հետ վերջին հանդիպումից հետո, կարծես, մի փոքր շատացել են: Քաղաքացիների կողմից բողոքները շատ են այն մասով, որ երթևեկությունը բարձիթողի վիճակում է: Շատ վարորդներ փորձում են օգտվել առիթից, բայց հետզհետե երթևեկության վերականգնման միտումներ կան: Եթե ոստիկանությունը ավելի շատ հսկողություն իրականացնի, շատ շուտով մի քիչ ավելի կարգապահ կլինի երթևեկությունը: Քաղաքացիները հիմնականում բողոքում են, որ ոչ ոք օրենքին համապատասխան չի երթևեկում, խախտումները շատ են: Օրինակ` հանդիպակաց են երթևեկում, գծերին չեն նայում, չթույլատրված վայրերում են շրջադարձ, հետադարձ և կանգառ կատարում:
Այսինքն` կարգազանց վարորդները փորձել են օգտվել այն առիթից, որ ոստիկանները ավելի մեղմ են գտնվել, հաճախ պատժիչ միջոցներ չեն կիրառվել ու սահմանափակվել են զուտ նախազգուշացումներով»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց Տ. Քեյանը:
Խնդիրը, որ մի կողմից կան մեղմացումներ, բայց մյուս կողմից էլ` կարգազանց վարորդներ, Տիգրան Քեյանի խոսքով` երկկողմանի է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը