01 08 2018

Հայաստանը կալանքի որոշում կայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, ինչը նոնսենս է. Վլադիմիր Եվսեև. «168 ժամ»

Հայաստանը կալանքի որոշում կայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, ինչը նոնսենս է. Վլադիմիր Եվսեև. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում Լավրովի հայտարարությամբ չի սկսվել: Եվսեևի խոսքով, նրանք չեն ցանկանում հասկանալ, որ կան կանոններ, որոնց պայմաններում գործում է ՀԱՊԿ-ը:

«Չգիտես, թե ինչու, Երևանում այնպիսի զգացողություն է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հատուկ Հայաստանի համար է պատրաստվել, որն իրականությանը չի համապատասխանում: Սա ռոտացիայի սկզբունքով փոխանցվող պաշտոն է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը պետք է տեղի ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների աջակցությամբ:

Ռուսաստանը մեծ ջանքեր ներդրեց, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, այդ ճանապարհին Ռուսաստանը մեծ հակազդեցության հանդիպեց: Ռուսաստանը կարողացավ հասնել նրան, որ ՀԱՊԿ մյուս անդամները սատարեն նրա թեկնածությունը, բայց Յուրի Խաչատուրովի շուրջ իրավական զարգացումներից հետո Ռուսաստանը հայտնվեց մի իրավիճակում, երբ Հայաստանն իրեն պահեց ոչ ընդունված կանոնների համաձայն` ո՛չ ֆորմալ, և ոչ էլ` ո՛չ ֆորմալ:

Հայաստանը կալանքի որոշում կայացրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, ինչը նոնսենս է: Եթե պատկերացնենք, որ Հայաստանը թեկուզ հիմնավոր դժգոհություններ ունի Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ապա ՀՀ-ն ամենաքիչը պետք է Ռուսաստանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռներ, նա կարող էր ետ կանչել իր քարտուղարին:

Ինչո՞ւ էր պետք նման շտապողականություն: Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր նման որոշում են կայացրել, չեն ուսումնասիրել ՀԱՊԿ կանոնադրությունը, փաստաթղթերը, և այլն:

Այստեղ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին է, հայ-ռուսական ռազմավարական և մտերիմ հարաբերությունները ենթադրում են, որ կարելի էր նույն բանը մի փոքր այլ կերպ անել:

Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը Ռուսաստանը չի արձագանքում, դա ՀՀ ներքին գործն է, սակայն, երբ ՀՀ-ն ձերբակալում է մարդու, ով ղեկավարում է նման կառույց, դա չի կարող չանհանգստացնել: Այսինքն` Եվրասիական բարձրագույն տնտեսական հանձնաժողովում ևս կա հայ պաշտոնյա, վաղն էլ կարող է նրան մեղադրեն կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության մեջ, ստացվի, որ ԵԱՏՄ-ն է կոռումպացված:

Արդյունքը Լավրովի հայտարարությունն էր, որն ուղերձ էր, որ կա չհասկացվածություն ռուսական կողմի մոտ: Ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանի աշխատակազմում որոշ պատասխանատու անձինք չունեն համապատասխան կոմպետենտություն»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նա նաև նշեց, որ հասկանում է` Փաշինյանը երկրի ներսում լուրջ խնդիրներ ունի, բայց նրա աշխատակազմը պրոֆեսիոնալ չի գործում, որը խորացնում է հայ-ռուսական հարաբերությունների լարվածությունը»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին՝ հայտնելով, որ Հայաստանի իրադարձությունները հակասում են նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու հայտարարություններին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ