«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ամռանը մեկ ամիս մնաց, իսկ գյուղմթերքների շուկայում այդպես էլ գնանկման միտում չնկատվեց: Հակառակը, գներն օրեցօր աճում են՝ քաղաքաբնակներիս ստիպելով կրճատել վիտամինների պահանջարկը լրացնելու հնարավորությունները, հրաժարվել պահածո, չիր պատրաստելու սովորությունից:
«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը հիմնական պատճառը համարում է նոր իշխանությունների սխալ կառավարումը, ինչն էլ ոլորտում նման վիճակ է ստեղծել: Խնդիրն, իհարկե, նոր չէ, բայց կառավարութունը չի կարողանում այն կանխել և կարծես թե նման մտադրություն էլ չունի՝ դատելով իրականացրած կամ ավելի ճիշտ՝ չիրականացրած քայլերից:
Հրաչ Բերբերյանը հավաստիացնում է՝ տևական և նորմայից բարձր շոգ եղանակը և ոռոգման ջրի պակասը զգալիորեն կրճատել են գյուղմթերքի ծավալը, ինչն էլ հանգեցրել է գների բարձրացման. «Գյուղմթերքների արտադրողականությունը պակասել է, դա է պատճառը, որ գյուղացիները ավելի թանկ գնով են այն իրացնում, որպեսզի կարողանան իրենց վարկերը փակել, մյուս տարվա համար սերմեր, պարարտանյութ գնել և իրենց ապրուստը հոգալ: Չկարծեք, թե նրանք քմահաճույքի համար են բարձր գին ասում:
Այս տարի, օրինակ, ծիրանի կայուն քանակությամբ բերք ունեցանք,ևւ մրգի գինը մատչելի էր ազգաբնակչության համար: Բայց նույնը չի կարելի ասել մյուս մրգերի, հատապտուղների և առհասարակ բանջարեղենի մասին:
Այս ամենի պատճառը գյուղացուն ոռոգման ջրից զրկելն է, և բիզնես ոլորտը գյուղատնտեսությունից գերակա համարելը: Ջրի անկանոն մատակարարումը Արարատյան դաշտում, հատկապես Շիրակի գոտում, անմխիթար վիճակ է ստեղծել այն աստիճան, որ ֆերմերները խուճապի մեջ են, թե ինչպես են կարողանալու այդ փոքրաքանակ մթերքով պարտքերը մարել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը