01 08 2018

Ինչո՞ւ է թիրախավորվում Ռոբերտ Քոչարյանը. «Հայոց աշխարհ»

Ինչո՞ւ է թիրախավորվում Ռոբերտ Քոչարյանը. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շուրջ վերջին օրերին մեզանում ծավալված ակտիվ քննարկումները բացահայտում են ներկայումս գոյություն ունեցող քաղաքական, սահմանադրական ու արժեքային իրողությունների համատեքստում նոր իշխանավորների ձեռնարկած քայլի իրավական ու քաղաքական ողջ խոցելիությունը։

Քննադատական հայտարարություն անողներն ու ելույթ ունեցողները Երրորդ Հանրապետության պատմության մեջ իրենց ներդրումն ունեցած ուժեր ու գործիչներ են։ Նրանք նոր իշխանությունների քայլին տալիս են տարբեր բացատրություններ ու գնահատականներ՝ վենդետայից սկսած մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններում ոմանց չեզոքացնելու ցանկություն։

Բայց այս ամենը հիմնվում է նոր իշխանավորների վարքագծում ներքաղաքական տրամաբանություն փնտրելու փորձերի վրա, որոնք անմիջապես նրանց խոսքի ու գործի միջև աղաղակող հակասություններ են բացահայտում։ Դա գալիս է խորացնելու այն ոչ անհիմն կասկածը, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված հետապնդումների հետևում իրականում արտաքին լուրջ տիկնիկավարներ են թաքնված։

Որպեսզի հասկանանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված՝ սահմանադրական կարգը տապալելու անհեթեթ մեղադրանքի միջոցով հետապնդվող իրական նպատակները, պետք է հստակեցնել, թե ինչո՞վ է «գրավիչ» նրա կերպարը նոր իշխանավորների կրկնուսույցների համար։

Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու իրական շարժառիթները թաքնված են այն իրողության մեջ, որ նրա կերպարը խորհրդանշում է միմյանց հետ սերտորեն կապված երկու անհերքելի քաղաքական իրողություն՝

1. Արցախյան պատերազմում մեր ժողովրդի հաղթանակի շնորհիվ ձևավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

2. Այդ պատերազմի ու հաղթանակի աշխարհաքաղաքական թիկունքն ապահոված հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը։

Ինչ թերություններ ու խոցելի կողմեր էլ փորձենք հայտնաբերել Ռ.Քոչարյան անհատի մեջ՝ ոչ ոք չի կարող հերքել, որ այս երկու հիմնարար իրողությունների յուրահատուկ խորհրդանիշն է նա։ Ուստի, մեր կարծիքով, նրան ներկայացված մեղադրանքի բուն նպատակը ոչ թե սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի ապացուցումն է, այլ այն իսկապես հիմնովին վերացնելու և մեր երկրում կառավարման բոլորովին այլ համակարգ հաստատելու ձգտումը, որի իրականացման խորքային խոչընդոտը ազգի նախորդ հաղթանակների խորհրդանիշ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն է որպես հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը ցեմենտող առանցքային օղակ։

Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսները ժամանակային առումով համընկնելու են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության փորձերի հետ, դժվար չէ եզրակացնել, որ իրենց պլան-պրոսպեկտը Հայաստանի նոր իշխանությունների առաջ դրած ազդեցիկ արևմտյան շրջանակները ակնկալում են Հայաստանի ներքաղաքական կյանքից ղարաբաղյան գործոնի, ղարաբաղցիների և նրանցով խորհրդանշվող Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ համակարգի վերջնական ու անվերադարձ դուսմղումը։

Որովհետև գլոբալ խնդիրները, որոնք կապված են Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման հետ, պահանջում են հետխորհրդային լեգիտիմության վրա հիմնվող սահմանադրական կարգի փոխարինում մի այնպիսի քաոսային իրավիճակով, երբ իր արժեքային ուղենիշերը կորցրած հասարակությունը կարող է համակերպվել հայ ժողովրդի վերջին ձեռքբերումները բոլորովին այլ նվաճումներով փոխարինելու իրողության հետ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե ներքին բարեփոխումների կամ արտաքին փոխզիջումների, այլ հասարակության տոտալ զոմբիացման գործընթացի սկզբնավորման մասին է։

Ի դեպ, հենց դրա համար է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու փորձարկվում կատակերգակ դերասան Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) կերպարը։ Սրանով Հայաստանի մայրաքաղաքի հասարակությունը դրվում է հետևյալ դժվարին երկընտրանքի առաջ՝ ո՞րն է ճշմարիտը՝ Նիկոլի խո՞սքը, թե՞ օբյեկտիվ իրականությունից բխող հանրային պահանջմունքը։

Եթե Նիկոլի խոսքը բարձր դասվի Կարգին Հայկոյի միջոցով լիովին հերքվող հանրային պահանջմունքից, որը կատակերգակ դերասանի փոխարեն պահանջում է Երևանը ղեկավարելու գործին պատրաստ փորձառու կառավարչի ներկայություն, ապա մեր հասարակության զոմբիացման տվյալ հանգրվանում Նիկոլի խոսքը կբարձրացվի Հռոմի պապի անսխալականության մակարդակին։

Սա խիստ անհրաժեշտ նախաքայլ է հաջորդ հանգրվանին անցնելու և սահմանադրական կարգը Նիկոլի որոշումներով փոխարինելու համար, որովհետև միայն այդ կերպ է հնարավոր շրջանցել այն իրողությունը, որ Սահմանադրական դատարանը արդեն տվել է 2008-ի նախագահական ընտրությունների վերջնական գնահատականը, որը պարտադիր է պետության բոլոր ինստիտուտների, այդ թվում՝ ներկա կառավարության ու նրա ղեկավարի համար։

Ուրեմն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի թիկունքին դժվար չէ նկատել Հայաստանի ներքաղաքական դիմակայությունը սրելու, երկիրը հստակորեն երկու քաղաքական ճամբարների պառակտելու և նրա արտաքին դիմադրողականությունը թուլացնելու քաղաքական հիմնանպատակը։

Դա անհրաժեշտ է այն քաղաքական ճամբարը ջախջախելու համար, որը շարունակում է առաջնորդվել ազգային շահի գերակայության վրա հիմնված սահմանադրական նորմերով, ուստի դիմադրելու է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին և ապա՝ կատակերգակներին առաջադրելու ու նրանց միջոցով ազգային արժեքներն ու սրբություններն աստիճանաբար ոտնահարելու փորձերին (հիշենք ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի վերաբերյալ ոմն Կ.Փաշոյանի եղկելի խոսքերը)։

Զուգահեռաբար ներկայումս պայմաններ են ստեղծվում նաև տարածաշրջանում մի այնպիսի նոր երկխոսային միջավայրի ձևավորման համար, ուր կողք կողքի կնստեն մեր համասեռամոլներն ու կատակերգակներն ու նրանց թուրք և ադրբեջանցի գործընկերները և իրենց հուզող ընդհանուր պրոբլեմները կքննարկեն որպես հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքային հարցեր։

Մասնավորապես թուրքական թերթերում արդեն սկսվել է Թուրքիայի հետ երկխոսության վերաբերյալ Ն.Փաշինյանի վերջին հայտարարության ակտիվ քննարկումը, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն էլ սպասում են Ռոբերտ Քոչարյանի հետ հաշվեհարդարի հաջորդ հանգրվանին։

Այդ նպատակով ասպարեզում կրկին հայտնվել է խավիարային դիվանագիտության մերկացման շնորհիվ ԵԽ ԽՎ շենք մուտք գործելու իրավունքից զրկված Ս.Սեիդովը, որը մեղադրում է եվրոպական կառույցներին երկակի չափանիշների կիրառման միջոցով՝ 2008 թվականի հայաստանյան նախագահական ընտրությունների և Մարտի 1-ի արդյունքները ճանաչելու մեջ։

Կարծում ենք, Հայաստանի երկրորդ նախագահի թիրախավորումը արտաքուստ միայն քողարկվելով նրա կառավարման տարիներին տեղի ունեցածի օբյեկտիվ քննության միջոցով սահմանադրական կարգի վերականգնման կարգախոսի տակ, իրականում հետապնդում է մեր երկրի անվտանգության արտաքին ու ներքին հիմնասյուները խարխլելու հեռահար նպատակներ։

Ժամանակ է պետք, որպեսզի անցնի ներքաղաքական մանր հաշիվներով թելադրված ընթացիկ թոհուբոհը, և այս ամենը հստակ դառնա նաև մեր հասարակության համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ