«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «1917 թվականի հոկտեմբերի 25-ի երեկոյան ստանալով վիթխարի երկրի իշխանությունը, Վ.Ի.Լենինը, զգացմունքների վերելք ապրելով, խոստովանեց զինակցին. «Գիտեք, es schwindelt» (այսինքն՝ գլխապտույտ է առաջանում)։
Անհասկանալի է, թե ինչու գերմաներեն, բայց հասկանալի է, թե ինչու էր պտտվում։ Քաղաքական գործչի կյանքում, որի համար իշխանությունն ամեն ինչ է, այն վերցնելու պահը ոչ մի բանի հետ չհամեմատվող զգացողություն է։
Նույնպիսի զգացողություն էլ «Sai le vertige», ինչպես կարող էր ասել մեծ կայսրն արդեն ֆրանսերեն, ապրում էր 1815 թվականի մարտի 20-ի երեկոյան Փարիզ վերադարձած Նապոլեոնը, երբ հրճվանքից խենթացած ամբոխը ձեռքերի վրա տարավ նրան Տյուիլրի։
Բայց եթե Ուլյանովի ու Բոնապարտի դեպքում գլխապտույտը կարճ տևեց, ապա Փաշինյանը շարունակում է սույն էյֆորիկ վիճակում մնալ մինչ օրս։ Եվ որը միայն տարակուսանք է առաջացնում։
Թե ինչու էր պետք կալանավորել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին (ըստ որում՝ դիմելով էժանագին խաբեության, ինչն ինքնըստինքյան անթույլատրելի է) և առաջադրել այդչափ անհեթեթ մեղադրանքներ, միանգամայն անհասկանալի է։ Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այդ ի՞նչ աստիճան պիտի լինի «es schwindelt»-ը։
Իհարկե, շատ հաճախ պատահում է, որ իշխանափոխությունից հետո նույն երևույթներն ընկալվում ու մեկնաբանվում են բոլորովին այլ, նույնիսկ հակառակ տեսանկյունից։
Մի ուսանելի պատմություն կա, թե ինչպես անտառում խիստ նկատողություն հայտարարեցին ավանակին ու ընձուղտին։ Ավանակին՝ համառության, իսկ ընձուղտին՝ նրա համար, որ դուրս է ցցվում։ Բայց հետո անտառում փոխվեց իշխանությունը։ Ե՛վ ավանակին, ե՛ւ ընձուղտին շնորհակալագիր հանձնեցին։ Ավանակին՝ սկզբունքայնության, իսկ ընձուղտին՝ հեռատեսության համար։
Այո, իշխանությունը մեր անտառում փոխվել է, բայց մի՞թե պարտադիր է բանը հասցնել անհեթեթության, ինչին էլ ականատես ենք այսօր։
Ընդհանրապես պատմության մեծությունը միշտ էլ ավելի շատ կապվել է ոչ թե նրա հետ, թե ինչ է կառուցվել, ստեղծվել, ժառանգվել սերունդներին, այլ թե ինչ է ավերվել. Ֆրանսիական մեծ հեղափոխություն, Մեծ հոկտեմբերյան, Հիտլեր, Ստալին... Ավերման գործընթացը մեզանում այս երեք ամիսներին ընթանում է ռեկորդային տեմպերով, և հաջողություններն այստեղ ակնառու են։
Օրինակ, դատելով նրանից, որ դատարանը համաձայնություն տվեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, արդեն ոչնչացված է դատական համակարգը։ Այդ զբաղմունքը հեղափոխականները սիրում են ամենից առավել։ Օրինակ, 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Վ.Ի.Լենինի ստորագրությամբ Ժողտնտխորհի հրամանագրով Ռուսաստանում լուծարվեց դատական համակարգը և սահմանվեց «պրոլետարական արդարադատություն»։
Դատական գործառույթները փոխանցվեցին հեղափոխական տրիբունալներին՝ կազմված նախագահից ու վեց անդամից։ Նրանց լիազորությունները լայն էին, ինչպեսև այն պատիժների ցանկը, որոնք իրավունք ունեին սահմանել. դրամական տուգանքից մինչև արտաքսում երկրից և գնդակահարություն։
Ուշագրավ է, որ սկզբնական շրջանում առավել հաճախ կիրառվում էր ինքնատիպ մի պատիժ. բանտարկություն՝ մինչև համաշխարհային հեղափոխության հաղթանակը։ Փաստորեն ցմահ բանտարկություն էր։ Բացառված չէ, որ հայրենի հեղափոխական դատարանին անչափ հոգեհարազատ կլինեն նաև կանոնները, որոնցով ժամանակին առաջնորդվում էր սուրբ ինկվիզիցիան։
«Յուրաքանչյուր ոք ապաշխարում է և մեղավոր համարվում արածի համար։ Կամ՝ չի ապաշխարում, բայց, միևնույն է, մնում է մեղավոր՝ համաձայն ականատեսների բոլոր վկայությունների։ Եթե մարդը համաձայնում է իրեն մեղսագրվող ամեն ինչին, ապա նա ակնհայտորեն մեղավոր է։ Բայց եթե համաձայնում է մեղադրանքների միայն մի մասին, ապա նրան, միևնույն է, մեղավոր են ճանաչում ինչպես իր խոստովանած մեղքի, այնպես էլ նրա համար, որ միանգամայն ընդունակ է կատարել նաև մնացյալը։
Եթե, չնայած հետաքննությանը, դատապարտյալն առաջվա պես չի ընդունում իր մեղքը, ապա նա հայտարարվում է սատանայի զոհ։ Նման դեպքում նա արժանի չէ Աստծո ողորմածությանը, ինչպես նաև՝ Սուրբ Եկեղեցու կարեկցանքին ու ներմանը։ Նա դատապարտում է իրեն հավերժական տանջանքների։ Թող այրվի ուրեմն դժոխային կրակի մեջ»։
Իսկ արդար դատարանի փոխարեն հասարակությանն այսօր առաջարկվում են բուժման այլ մեթոդներ։ Օրինակ, այսպես կոչված՝ «նիկոլաթերապիան»։ Ճիշտ է, տվյալ պահին բժշկության մեջ այդօրինակ ուղղություն գոյություն չունի։ Ըստ փորձառու, վաստակավոր բժիշկների,«նիկոլաթերապիայով» զբաղվող որևէ մեկը, որը բանավոր կամ գրավոր հայտարարում է հիվանդին կամ նրա մերձավորներին, թե «նիկոլաթերապևտիկ» այս կամ այն գործողությունների կիրառման շնորհիվ տեղի կունենա առողջական վիճակի բարելավում, խարդախ է։ Համանման տեսակետի կողմնակից է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Սակայն դա հնացած մոտեցում է։ Հայրենի հեքիմները խոստանում են «նիկոլաթերապիայի» օգնությամբ բուժել ինչ ասես։ Եվ արի ու սրանց բացատրիր, որ հիվանդությունը նորով չի բուժվում։ Մեկ հիվանդության փոխարեն կլինեն երկուսը։
Հետաքրքիր է, դեռ ինչքա՞ն պիտի սրանք շարունակեն տեռորն ընդդեմ նախկին իշխանության ներկայացուցիչների։ Հանրահայտ մուլտֆիլմում փոստատար Պեչկինը, ստանալով նվերը, ասում է. «Շնորհակալությո՛ւն։ Այ, ինչո՞ւ էի ես վատը։ Որովհետև հեծանիվ չունեի։ Իսկ հիմա միանգամից կսկսեմ բարիանալ»։
Հեծանիվ, այսինքն՝ իշխանություն, փողոցային ակտիվիստներն արդեն ունեն։ Ուրեմն ինչո՞ւ ոչ մի կերպ չեն հանդարտվում։ Չե՞ն կարողանում դուրս գալ իրենց ամպլուայից։
Լավ հայտնի է, որ դերասանների համար չկա ավելի մեծ դժբախտություն, քան մշտակայուն ամպլուան։ Խաղաց դերասանը մի կինոնկարում, որը դարձավ պաշտամունքային և անչափ սիրվեց ժողովրդի կողմից. պիտի որ ուրախանա, բայց ո՛չ։ Ամպլուան այնպես է կպչում նրան, որ արդեն չես պոկի։
Հիանալի դերասան Ալեքսանդր Դեմյանենկոյի մահից հետո շատերն էին հիշում, թե ինչպես էր նա ատում իր Շուրիկին, ինչպես էր փորձում կոտրել կաղապարը, ձգտում խաղալ հերոսական լուրջ դերեր, բայց նրան նորից ու նորից առաջարկում էին էկրանի վրա մարմնավորել միայն շուրիկների։
Այնպես որ սրանք էլ մինչև կյանքի վերջը միայն կպայքարեն։ Ժամանակին տաղանդավոր գրող Յուրի Կովալը հորինեց «Պայքարի պայքարը պայքարի դեմ» արձանը։ Վախենամ, որ Փաշինյանի ջանքերով դա կարող է դառնալ հեղափոխական իշխանության գլխավոր ու միակ կարգախոսը։
Այո, այնուամենայնիվ զուր էին խորհրդային ժամանակներում մեր զինանշանի վրա վեհապանծորեն խաչաձևված մուրճ ու մանգաղ պատկերում։ Դրանք հաստատ մեր ազգային գործիքները չեն։ Առանձնակի իմաստ դժվար է գտնել նաև այսօրվա առյուծի ու արծվի մեջ. դրանք նույնպես չեն ընկալվում որպես ազգային խորհրդանիշ։
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց մեր զինանշանին պիտի փոցխ պատկերված լիներ. ահա՛ այն գործիքը, որը մենք ազգովի պաշտում ենք և պատրաստ ենք սայթաքել դրա վրա անվերջ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը