29 01 2025

Ավինյանը ոլորտը բարեփոխում է տապալումներով և թանկ գնով․ «Ժողովուրդ»

Ավինյանը ոլորտը բարեփոխում է տապալումներով և թանկ գնով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ամբողջ ուժով պատրաստվում է փետրվարի 1-ին մեկնարկող տրանսպորտի նոր համակարգի դեմ պայքարի ալիքին:

Փաստը մնում է փաստ, որ բողոքող, բոյկոտող և չվճարող քաղաքացիների ձայնը տեղ է հասել և քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անհայտ է, թե որերորդ անգամ, փոփոխության ենթարկեց տրանսպորտի վճարման նոր համակարգի պայմանները:

Հիշեցնենք որ նախկինում այս իշխանությունը, տրանսպորտի գնի դեմ պայքարելով, ընդդիմության դերն էր խաղում, իսկ այժմ ընդդիմությունից իշխանություն դարձածները տրանսպորտի գինը կրկնակի թանկացնում են ու ծաղրում պայքարողներին։

Օրինակ՝ Տիգրան Ավինյանի նախընտրական ելույթներում, երբ խոսվում էր տրանսպորտի բարելավման մասին, չէր ասվում, որ 100 դրամանոց գազելին փոխարինման եկած չինական մեքենաները պետք է աշխատեն թանկ փաթեթով։

Նույն ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում չեն դադարում զանգերը և բողոքները տրանսպորտի սակագնի բարձրացման, օգտագործման դժվարությունների մասին։

ՔՊ-ի քաղաքապետը ձախողել է տրանսպորտի նոր սակագնի ներդրման նախագիծը։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին չի հաջողվում տրանսպորտային կոլապսից դուրս բերել համայն հայության մայրաքաղաքը: Մի կողմից բարեփոխման անվան տակ թանկացնում են ուղեվարձը, մյուս կողմից չեն կարողանում պատշաճ կազմակերպել տրանսպորտի աշխատանքը:

Երեւանի քաղաքացիների դժգոհությունները ի մի բերելով` առանձնացրել ենք հետեւյալ խնդիրները.

  1. Ավտոբուսների վարորդները անջատում են մեքենայի GPS համակարգը, և չի երևում օնլայն քարտեզը։ Արդյունքում` քաղաքացիները մնում են կանգառներում սպասելով։
    2. Ուղևորները շարունակում են դժգոհել, որ երբ տերմինալներից փորձում են կտրոն գնել, սարքը գումարը քաշում է, իսկ կտրոններն այդպես էլ չի տալիս:
  2. Միասնական տոմսային համակարգի 1 կտրոնը նախատեսված է 90 րոպեում սպառելու համար, և անհնար է այդքան սեղմ ժամանակում երթեւեկություն կազմակերպել: Իսկ մնացած փաթեթները մատչելի չեն Երևան եկող մարզային բնակչության համար։
  3. Կտրոնների վավերականությունը 4 օրով է, որը ուղղակի թալան են համարում երեւանցիները։ Մարդիկ գուցե հիվանդանում են և գնված տոմսերը չեն օգտագործում: Ստացվում է` վճարում են, տոմս գնում և 4 օր անց՝ դեն նետում դրանք:
  4. Իսկ ամենաբարդ խնդիրը վարորդների սակավ թիվն է, որի հետևանքով ավտոբուսները երթուղի դուրս չեն գալիս, մարդիկ մնում են կանգառներում։

Ահա այն արձանագրությունները, որոնք փաստում են Ավինյանի ձախողման և քաղաքի ոչ ճիշտ պլանավորման մասին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ