09 10 2024

ՍԴ-ն ու Վճռաբեկն իրենցով են արել. «Հրապարակ»

ՍԴ-ն ու Վճռաբեկն իրենցով են արել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը դատավոր է նշանակվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո, սակայն նրանցից միայն երկուսն են նախկինում դատավոր աշխատել՝ Երվանդ Խունդկարյանը եւ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Եվ միայն Հրայր Թովմասյանն ուղղակի առնչություն ունի ՀՀ Սահմանադրությանը, քանի որ դրա հեղինակներից է եւ ՀՀ ամենահայտնի սահմանադրագետներից է համարվում։ ՍԴ մյուս բոլոր անդամները ոչ մի օր դատավոր չեն եղել եւ հեռավոր առնչություն անգամ չունեն ՀՀ Սահմանադրության հետ։ Հովակիմ Հովակիմյանը ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից է ՍԴ գնացել։


Էդգար Շաթիրյանը նախկին կյանքում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի փորձագետ էր, ավելի վաղ` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Արթուր Վաղարշյանը ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչն էր, Դավիթ Խաչատուրյանն էլ երկար տարիներ գրանտներով աշխատող փորձագետ է եղել, Սորոսի գրասենյակի խորհրդի նախագահը։ Նրանք դատավոր չեն եղել, բայց մի մեծ առավելություն ունեին, օրինակ, 20 տարվա դատավորի ստաժ ունեցող Դավիթ Բալայանի համեմատ, որն առաջադրվել էր ՍԴ անդամության թեկնածու, բայց ԱԺ-ն նրան չընտրեց ՍԴ դատավոր, որովհետեւ նա Կիմ Բալայանի որդին է եւ բավականին անկախ դատավորի համբավ ունի։ ՍԴ ընտրյալ դատավորները Դավիթ Բալայանի համեմատ մի առավելություն ունեն` նվիրված են նոր իշխանությանը եւ պատրաստ են ցանկացած որոշում կայացնել, որը կարող է հակասել Սահմանադրությանը, բայց ո՛չ Նիկոլ Փաշինյանի կամքին։ 

Բարձր դատարանը հավատարիմներով լցնելուց հետո ՀՀ իշխանությունն անցավ երկրորդ կարեւորագույն ատյանին՝ Վճռաբեկ դատարանին։ Բոլոր իշխանությունների ժամանակ այս երկու ատյաններ` ՍԴ եւ Վճռաբեկ դատարան, ամենաիշխանահաճո անձինք են գործուղվել, քանի որ այս երկուսն  են վերջնական որոշումներ կայացնողները։ 

Իսկ 2020 թվականին փոփոխված ՀՀ դատական օրենսգրքով դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջներում փոփոխություն կատարվեց։ Իջեցվեց թեկնածուի տարիքը՝ 28-ից մինչեւ 25 տարեկան։ Դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար նախկինում պահանջվում էր 5 տարվա աշխատանքային փորձ, որը փոխարինվեց 3 տարվա պահանջով: Վերաքննիչ դատարանի համար սահմանված՝ վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարվա փորձառությունը փոխարինվեց վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 6 տարվա փորձով։ Վճռաբեկի դեպքում սահմանվեց իրավագետի աստիճան ունենալու, վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բուհում դասավանդած լինելու կամ գիտական աշխատանք կատարելու պայմանը, եւ վճռաբեկի դատավոր կարող է նշանակվել ստորին ատյաններում չաշխատած անձը, որն այս պայմաններին բավարարում է։

Արդյունքում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։ Ի դեպ, հենց նա էր ԱԺ-ում բարձրացրել դատավորների ստաժի իջեցման անհրաժեշտության հարցը։ Մինչեւ 2018 թվականը նա փաստաբան էր, «Դավթյան եւ գործընկերներ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրենը, Փաստաբանական պալատի նախագահի տեղակալն էր, իսկ 14.01.2019-03.07.2022 թթ․ եղել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր։ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատն էլ «մաքրեցին» առավել անկառավարելիներից։ Տարբեր պատճառներով անցյալ տարիներին դադարեցվեցին Վճռաբեկ քաղաքացիական դատարանի դատավորներ Սուրեն Անտոնյանի, Արտակ Բարսեղյանի, Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։  

Իսկ ովքե՞ր են գնացել վճռաբեկի քաղաքացիական պալատ` նրանց փոխարեն։ Հիմնականում՝ յուրայիններ։ 2020-2023 թթ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, ԲԴԽ-ից հեռացված Նաիրա Հովսեփյանը, որը վարչապետի կնոջ ընկերուհին է, դատավոր Էդգար Սեդրակյանը, որը դատավոր Գրիգորի Վարդանյանի հայրն է եւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության պետ Լեյլա Խեչումյանի ամուսինը։ Եվ այլեւս անիմաստ է անգամ առաջին եւ երկրորդ ատյանի դատավորներին փոխելը եթե վերջնական որոշում կայացնող ատյանը` վճռաբեկն ու ՍԴ-ն, կամակատարներից է կազմված, ինչ ուզում են, թող կայացնեն ստորին ատյաններում, վերջում, միեւնույն է` իշխանության ուզածն է լինելու:
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0eeec8e70b0d6a66021984488b9262da?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0LsOGw9rRTCmhtsmXf2NGSMYcr_eFPqvmk85HDt4N3pck7e2yb_JhKU7Q_aem_L35pHm9p_Lb_4WZdCSP03g

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ