22 08 2024

ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է․ «Հրապարակ»

ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արևմտամետ ուժերից ձևավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է: Չնայած անցած շաբաթ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ օգոստոսի կեսերին սկսում են, սակայն հարթակն օրերս հայտարարեց, որ գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի կեսերին։ Թեև նախաձեռնող խումբն արդեն ձևավորվել է և կազմից լիազոր ներկայացուցիչ է ընտրել արդարադատության նախկին նախարար, Երևանի ավագանու, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, ով հանդես է գալու ԿԸՀ-ում, իսկ  ստորագրահավաքից հետո՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ներկայացնելով նախագիծը։ Տեղեկություն կա, որ հարթակում այս օրերին բուռն քննարկումներ են գնում ընդհանրապես ստորագրահավաքի նպատակահարմարության վերաբերյալ:

Պատմեցին, որ թեպետ հակառուսների քանակը Հայաստանում վերջին շրջանում աճել է, սակայն այն պատկերը չունի, որը ցուցադրում են տեղեկատվական հարթակներում: Այսինքն՝ չնայած արևմտամետները դրսից մեծ ֆինանսական աջակցության շնորհիվ փորձում են համապատասխան քարոզչությամբ «փակել» տեղեկատվական դաշտը, բայց իրականում, պատկերավոր ասած՝ «գետնի վրա» արևմտամետների թիվն այդքան մեծ չէ: Եվ եթե անգամ ստորագրահավաքի առաջին փուլը հաղթահարեն, ապա երկրորդ փուլում փաստի առաջ կարող են կանգնել։ Նշենք, որ առաջին փուլում պահանջվում է 50 հազար ստորագրություն, որպեսզի, համաձայն Սահմանադրության, հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն` նախագիծը մեխանիկորեն  հանրաքվեի դնելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ