21 08 2024

Հերթական պաշտոնյան, ով բնակարան է ձեռք բերել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

Հերթական պաշտոնյան, ով բնակարան է ձեռք բերել հեղափոխությունից հետո․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի ապրիլի 13-ից: Նա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին:

Փոխնախարարը պաշոնապես հայտարարագրել է, որ 2022 թվականին գնման եղանակով ձեռք է բերել բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:

Քրիստինե Ղալեչյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա չունի տրանսպորտային միջոց: ՏԿԵՆ-ի տեղակալի բանկային հաշիվների մնացորդներից մեկը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 66.180 դրամ: Մյուսը 285.345 դրամ է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 398 հազար դրամ: Ղալեչյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 800 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրության գումարն է:

Հիշեցնենք, որ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն էր ղեկավարում. նա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է, եւ, ըստ տարբեր տեղեկությունների, նախարարությունում այնքան էլ ընդունված կերպար չէ: Ավելին՝ հաճախ կոնֆլիկտներ է ունենում իր տարբեր աշխատակիցների հետ, որոնք նախարարին բողոքում են տեղակալի պահվածքից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ