09 07 2024

Այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ․ «Փաստ»

Այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում: Այսինքն, կա տեսակետ, որ չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։

Այդուամենայնիվ, քիչ չեն փորձագետները, որոնք վստահ են, որ չի կարելի բացառել որոշակի ռիսկերը: Մեզ հետ զրույցում Հայաստանի միջազգայնագետներից մեկը նշեց, որ առաջին ռիսկերը կարող են վերաբերել Իրանի ու ԱՄՆ-ի (հատկապես, որ այստեղ էլ աշնանը սպասվում են ընտրություններ, և նախագահի փոփոխությունը չի բացառվում) երկխոսության հնարավորություններին, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի վերանայմանը, որոնք կարող են էապես ստվերել Հայաստանի շահերը: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակի իր հակաարևմտյան «գիծը»: Մեր զրուցակցի խոսքերով, շատ ավելի ուշադիր պետք է լինել Իրան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում. այստեղ ևս երկխոսության որոշակի տրանսֆորմացիայի դեպքում (ընդ որում՝ ցանկացած տրանսֆորմացիայի) դարձյալ կարող են մեր երկրի շահերը ստորադասվել:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: «Ցավոք, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փաստացի Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական մանրադրամ, ինչի արդյունքում կա վտանգ՝ հայտնվելու աշխարհաքաղաքական բախման թատերաբեմում: Նրանք, փոխանակ ամրապնդելու Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ բարեկամ երկրի հետ զորավարժություններ անելու, վերջինիս հակառակորդ երկրի՝ ԱՄՆ-ի հետ են ուսումնական վարժանքներ կազմակերպում, ավելի են մխրճվում արևմտյան սարդոստայնում: Սա կարող է չափազանց վտանգավոր լինել»,-նշեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ