«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհաստատեց համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր։ Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները նույնաբովանդակ հաղորդագրություններով հավաստիացրին, որ փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, կառուցողական բանակցություններ են ընթանում։
Կանոնակարգում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես, Ալմա-Աթայի հռչակագրին պետք է հղում անել սահմանը գծելիս: Ադրբեջանի պահանջած տավուշյան չորս գյուղերը վերադարձնելուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991-ին ընդունված այդ փաստաթղթով:
Ինչո՞ւ չստացվեց, ըստ սահմանված ժամանակացույցի, կանոնակարգը համաձայնեցնել․ այդ հարցին շուրջ մեկ շաբաթ է՝ ՀՀ պաշտոնյաները հրաժարվում են պաշտոնական պարզաբանում տալ։ ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ տարածքային մեծ հավակնություններ ունի։
Ստացվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանին միակողմանի զիջում պարտադրեց, իսկ առաջիկայում թերեւս նոր իրավական հիմքեր կմոգոնեն, որ այլ վայրերում էլ զիջումներ կորզեն ՀՀ իշխանություններից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը