«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի, որ մենք, որպես կանոն, առանձին քպական պատգամավորների մեծամասամբ չենք անդրադառնում, քանզի առաջին հերթին նրանք բոլորն էլ «մի սանրի կտավ» են: Դե, գուցե մի քանի բացառություններով: Բայց նրանցից մեկը երեկ այնպիսի զավեշտալի արտահայտություն է արել, որ անհնար է դրան չանդրադառնալ: Քանի որ քպականների դեպքում առանձին անունները ոչինչ չեն նշանակում, ուղղակի ասենք՝ «նիկոլներից» մեկը երեկ ասել է, թե «փողոցով իշխանության չեն գալիս»: Հետո, որպեսզի շատ զավեշտալի վիճակում չհայտնվի, սույն քպականը ավելի զավեշտալի բաներ է ասել:
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն», «2018-ին ՀՀում ժողովուրդն է եկել իշխանության, 2018-ին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ»: Թե հեղափոխությունը, ինչ անուն էլ դնես դրան, ինչով փողոցով իշխանության գալ չէ, թողնենք քպականների «երևակայությանը»: Այ, թե ոնց է 2018-ին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրել, դա այլ թեմա է: Եթե խոսքը դեկտեմբերի ընտրությունների մասին է, ապա մինչ այդ եղել են ապրիլ-մայիսյան փողոցային իրադարձությունները, այսինքն, Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցով, ապա նոր կազմակերպել է ընտրություններ՝ լինելով իշխանություն:
Հետագա ընտրությունները ևս, ինչի մասին խոսում է նշյալ քպականը, կազմակերպվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում՝ կիրառելով տոտալ ռեսուրս, արձանագրելով մասնակցության ցածր տոկոս: Ընդ որում, 2018 թ. դեկտեմբերից հետո կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ստացած տոկոսները սրընթաց անկում են գրանցել, ընդ որում՝ 2021 թվականին նրանց փաստացի քվե է տվել բոլոր ընտրողների մոտ 25 տոկոսը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը