15 06 2024

Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքով» ասեց, որ ոչինչ էլ իր «ջեբը չեն գցել»․ «Փաստ»

Փաշինյանի «ինքնախոստովանական ցուցմունքով» ասեց, որ ոչինչ էլ իր «ջեբը չեն գցել»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:

Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել..., ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ...»:

Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել՝ կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:

Հետո՝ 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:

Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի՝ ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:

Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև՝ իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր՝ «անջատում՝ հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:

Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:

Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ