01 06 2024

Ամերիկացիների համար ցանկալի չէր լինի, որ ռուսները աղետի գոտում հայտնվեն․ «Փաստ»

Ամերիկացիների համար ցանկալի չէր լինի, որ ռուսները աղետի գոտում հայտնվեն․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է առաջացել։ ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք համայնքներ հայտարարվել են «աղետի գոտի»: «Փաստ» թերթի տեղեկություններով, աղետի առաջին իսկ ժամերին տարբեր պաշտոնական խողովակներով Հայաստանին օգնության առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, նախ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ հայկական կողմից դիմելու դեպքում ՌԴ ԶՈՒ միջոցները և ուժերը 102-րդ ռազմաբազայից անհապաղ կուղարկվեն տարերային աղետի գոտիներ:

Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանը մերժել է այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում: Մեր տեղեկություններով, Ռուսաստանում ՀՀ դեսպանը, ՀՀ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելով, ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ինքը գլուխ կհանի և Ռուսաստանի օգնության կարիքը չի զգում:

Ռուսական որոշ փորձագետներ երեկ արդեն կարծիք էին հայտնում, որ նման մերժումը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ, այլև այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաներից առնվազն մեկը գտնվում է աղետի գոտում և զգալի վնասներ է կրել: Ուստի, ըստ փորձագետների, ամերիկացիների համար ցանկալի չէր լինի, որ ռուսները այդ հատվածում հայտնվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ