«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվի ՀՀ տարածքից. նրանք կշարունակեն իրենց գործառույթներն իրականացնել հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին: Այսպիսով՝ մայիսի 8-ին՝ Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ ՔՊ-ականները հպարտորեն հայտարարում էին, որ սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից՝ սա ներկայացնելով իբրև մեծ ձեռքբերում, էլի խաբում էին:
«Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը և դուրս կգան այդ կետերից». – հանդիպումից հետո շտապել էր «ավետել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
ՔՊ-ականներն այնպիսի մեծ ոգևորություն և աղմուկ էին բարձրացրել, որ տպավորություն էր ստեղծվել, թե հաջողվել է ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինի հայտնված ադրբեջանական զորքերին հետ շպրտել մեր հողից:
Պարզվում է, սակայն, սա իշխանականների հերթական ականջահաճո և ուռճացված հայտարարությունն է: Ռուս սահմանապահները, թեև մի քանի շրջաններից դուրս են բերվելու, բայց նրանք շարունակելու են մնալ Թուրքիայի և Իրանի հետ (Մեղրի) Հայաստանի սահմանին:
Սա հաստատել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը՝ հայտարարելով, որ. «Կրկին հայկական կողմի խնդրանքով՝ մեր սահմանապահները կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Նրանք կմնան այնտեղ և կշարունակեն կատարել իրենց գործառույթները»:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հ1-ի եթերում ևս հաստատել է, որ ռուս սահմանապահներն ամբողջությամբ դուրս չեն բերվելու ՀՀ տարածքից, ինչպես ՔՊ-ականներն են դա ներկայացնում. ««Զվարթնոց» օդանավակայան, 17 կետեր, Սիսիանի և Գորիսի բազաներ. այդտեղ բանավոր պայմանավորվածություններ են, և խնդրել ենք՝ այդտեղից ռուս սահմանապահները դուրս գան. ինչ վերաբերում է Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանին, դրանք պայմանագրային են, մենք դա այս պահին չենք քննարկում». – ասել էր Գրիգորյանը: Ստացվում է՝ ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերով: Աբսուրդ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը