16 04 2024

Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել. «Հրապարակ»

Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։ Բացումն անձամբ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթ օրը «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։

ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ 1 ժամ տեւած դասախոսության գլխավոր ասելիքն այն էր, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ կազմակերպեց, որն ավելի սրեց պահանջատիրության հարցը: 

Ողջ դասախոսության ընթացքում Փաշինյանը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, կա՛մ «Մեծ եղեռն», կա՛մ «դժբախտություն», ինչում հայերը մեղադրում էին ԱՄՆ նախագահներին, որոնք ապրիլի 24-ի ուղերձներում խուսափում էին «ցեղասպանություն» ասելուց: Դասախոսությունից 1 օր անց արդեն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը շարունակեց Փաշինյանին՝ բացահայտ կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը եւ կոչ անելով ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

«Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Հանկարծ ավելի կամ պակաս է լինում` 1,5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր ասածը պարզաբանել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հող է նախապատրաստում՝ մի քանի օր անց ցեղասպանության տարելիցի օրն աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով, հավանաբար, կուրանա հայոց պատմության այս մի էջը նույնպես՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ