07 03 2024

Դատավորները ներքին խմբում հայհոյել են իշխանությանը․ «Ժողովուրդ»

Դատավորները ներքին խմբում հայհոյել են իշխանությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատավորները մնացել են անպաշտպան, բոլոր կողմերից «կրակում» ու ճնշում են, որի հետեւանքով շատերը, չդիմանալով իրավիճակին, դիմում են գրում, հեռանում: Երեկ, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ Արշակ Վարդանյանը, սեփական դիմումի համաձայն, ավարտեց դատավորի կարիերան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Ավելին՝ լուրեր կան, որ, բացի ազատումից, նրա նկատմամբ այլ գործընթացներ կսկսվեն: Ի՞նչ է կատարվում դատական համակարգում. ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ