04 11 2022

Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել․ Ստեփան Դանիելյան

Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուր կարող է մեզ տանել այս ներազգային ատելությունը, որի համար ֆեյքերի ագարակներ են ստեղծվել
------------------------------
Կանցան, Բար Կանցան, հրեական երկրորդ տաճարի ավերումն ու հայկական ՛՛տաճարի՛ կործանումը
--------------------------------------------------------------------------
Ատելության մթնոլորտի հետևանքների մասին կա հրեական պատմություն, որը ներկայացված բաբելոնյան Թալմուդի Հիթին պատումում, հետո դա ներկայացվել է Միդրաշում: Միդրաշը բանավոր Թալմուդի բարոյախրատական նշանակություն ունեցող դասերն են, որոնց վրա կրթվում են երիտասարդ հրեաները:
------------------------------------
Կանցած ուներ մոտ ընկեր ու մեկ թշնամի՝ Բար Կանցան: Կանցան, լինելով հարուստ մարդ, խնջույք է կազմակերպում, որին որոշում է հրավիրել Երեսուղամի իմաստուններին ու հոգևորականներին: Կանցայի ծառան սխալմամբ Կանցայի մոտիկ ընկերոջ փոխարեն խնջույքի հրավերը տալիս է Կանցայի թշնամուն՝ Բար Կանցային:
Երբ Բար Կանցան գալիս է խնջույքին, Կանցան պահանջում է, որ նա հեռանա: Չցանկանալով բոլոր հյուրերի ներկայությամբ վռնդված ու նվաստացված լինել, Բար Կանցան Կանցային խնդրում է, որ իրեն թույլ տա մասնակցել ու խոստանում է, որ խնջույքի ժամանակ կմնա լուռ:
Կանցան չի համաձայնվում, որից հետո Բար Կանցան առաջարկում է, որ խնջույքի ծախսերի կեսն իր վրա կվերցնի, եթե իրեն թույլ տալ մասնակցել խնջույքին, Կանցան մնում է անդրդվելի, որից հետո Բար Կանցան առաջարկում է իր վրա վերցնել խնջույքի ողջ ծախսերը, միայն իրեն նման ձևով չվռդեն խնջույքից: Կանցան չի համաձայնվում ու բռնելով Բար Կանցայի թևից, ուժով նրան վռնդում է իր տանից:
Բար Կանցան այդ նվաստացման համար ավելի շատ վիրավորվում է խնջույքի մասնակից հրեա իմաստուններից, որոնք լուռ հետևում էին այդ միջադեպին ու չեն փորձում միջամտել այդ անարդարությանն ու որոշում է վրեժ լուծել:
Գնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ ու ասում, որ հրեաները չեն հարգում հռոմեացիներին ու որպես փորձություն առաջարկում է Երուսաղեմի տաճարում զոհաբերության համար Հռոմից ցուլ ուղարկել: Հռոմեական ցուլն ընդունելով ու տաճարում զոհաբերություն մատուցելով, հրեաները ցուցադրում էին իրենք հպատակությունը Հռոմին:
Ճանապարհին Բար Կանցան վնասում է ցուլին, իմանալով, որ ըստ հրեական օրենքների կարող է զահաբերվել միայն առողջ ու առանց ֆիզիկական արատների ցուլը:
Հրեաները հրաժարվում են կայսրին փառաբանելու համար այդ արատով ցուլի զոհաբորությունը տաճարում կատարել ու մ.թ. 66 թվականին ապստամբում են Հռոմի դեմ, պատճառը հանուն կայսրի Տաճարում զոհաբերություն մատուցելուց հրաժարվելն էր:
Արդյունքում, մեր թվարկության 70-ին հռոմեական զորքերը պաշարում են Երուսաղեմն ու դիտում են, թե միմյանց նկատմամբ թշնամությամբ լցված հրեաները ինչպես են խմբերի բաժանված միմյանց կոտորում՝ փարիսեցիները սուդուկիացիներին, զելոտները բոլորին և այլն: Հետո, հռոմեացիներն ավիրում են երկրորդ տաճարը, հարյուր հազարավոր մարդիկ են զոհվում ու գերության տարվում,, հարյուր հազարավոր հրեաներ տարագրվում են Իսրայելից:
Մինչև այժմ հրեաները չեն կարողանում վերականգնել Տաճարը, որի տեղը հիմա ժայռի մզկիթն է: Ըստ հրեական օրենքների տաճարը կարող է վերականգնվել միայն նույն տեղում, որից հետո պետք է Մոշիախը՝ մեսիան, վերադառնա այս աշխարհ:
Թումանյանի ՛՛Մի կաթիլ մեղրը՛՛ այս տրամաբանության մեջ է գրվել, սակայն հեքիաթի հիմքում մի թյուրիմացության պատմությունն է, այլ ոչ թե անարդարության ու դրա հետևանքների:
Հրեական Միդրաշի այս պատումը երկու բան է ցույց տալիս, որ թեկուզ փոքր անարդարությունը կարող է ահռելի հետևանքներ ունենալ, նաև փոխադարձ ատելությունը կարող է երկիր կործանել, ինչը մենք կարող ենք տեսնել Անիի կործանման դրվագում:
Անիում երեք հայկական, միմյանց հանդեպ թշնամական հատվածներ կային՝ վրացամետ, բյուզանդամետ ու իսլամամետ: Հիմքեր կան ենթադրելու, որ սելջուկներին հենց այդ հայկական հատվածներից մեկն է հրավիրել քաղաք մյուս երկու հատվածների դեմ:
Փաստորեն նույն բանն այսօրվա Հայաստանում է կատարվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ