«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր երկրի արվեստի, մշակույթի, գրականության ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչներ այս օրհասական ժամանակներում իրենց այնպես են «պահում» կամ դրսևորում, որ կողմնակի դիտորդին կարող է թվալ, թե նրանք ոչ մի կապ ու առնչություն չունեն Հայաստանի, հայ ժողովրդի, երկրի ու հասարակության հետ, այն ամենի հետ, ինչ կատարվում է: Հասկանալի է, որ ասվածն անխտիր բոլորին չի վերաբերում, բայց, ցավոք, կարող է վերաբերել շատերին: Չէինք ցանկանա առանձին 1 օրինակի վրա կենտրոնանալ, մանավանդ, որ օրինակների պակասություն չկա:
Ըստ որում, թե՛ «անվանի հայտնիների» շարքից, թե՛ ոչ այնքան հայտնի կամ նոր-նոր հայտնիության ուղի հարթողների շարքում: Բայց օրինակները, ցավոք, հաճախ խոսում են օրինաչափությունների մասին: Խնդրեմ, օրերս տեղի է ունեցել «Երևան պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի» համերգը, որին ներկա են գտնվել նաև Նիկոլ Փաշինյանն ու օրվա իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իսկ համերգը վարել է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, որը նաև պարգևատրվել է «Արգիշտի 1-ին» հուշամեդալով: Հարցը մեդալը չէ: Թոփչյանը նաև Նիկոլ Փաշինյանին դիմել է «մեծարգո պարոն վարչապետ»-ով: Ոլորտին ծանոթ մարդիկ հարկավ տեղյակ են, որ նույն Թոփչյանը իրեն «նախկինների» ժամանակ էլ վատ չի զգացել, չգնահատված չի եղել, ի դեպ, շատ մեղմ ասած:
Գուցե դրանից հետո մի հարցի կարողանաք պատասխանել՝ Հայաստան աշխարհը միայն «Եռաբլուրվածների՞նն» է, ձեր սիրտը չի՞ ցավում մեր երկրի, մեր հայրենիքի համար, որ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն տանում է կործանման: Լավ, արդեն քանի տարի, հատկապես աղետաբեր պատերազմից հետո որևէ անգամ նույն պարոն Թոփչյանի, նման այլ մտավորականների ծպտունը դուրս եկե՞լ է, ասե՞լ են՝ այս ի՞նչ եք անում իմ երկրի հետ: Իսկ գուցե նրանց խոսքը, միավորված այլ՝ իրական մտավորականների խոսքին, իրապես հայրենասեր ու հայրենատեր մարդկանց խոսքին, ինչ-որ բան փոխե՞ր: Թե բա՝ «մեդալ», թե բա՝ «մեծարգո»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը