«Հրապարակ» թերթը գրում է. ««Սիներջի» ընկերության աշխատակիցների կալանքը փոխվեց դատախազի նախաձեռնությամբ, սակայն մեզ ասացին, որ դա չի նշանակում, թե ՔՊ խմբակցության միջնորդությունը մերժվել է` այլ մնացել է առանց քննության:
Բայց այս ձեւակերպումը ՔՊ-ում, մեր տեղեկություններով, ծանր են տարել, քանի որ սրանով դատախազությունն արհամարհել է ԱԺ-ին եւ հասկացրել, որ իրենց կարծիքն առոչինչ է: Եվ շեշտել են, որ կանանց խափանման միջոցը փոխել են, որովհետեւ նրանք ցուցմունք են տվել:
ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք նաեւ, որ իշխանական պատգամավորներն ի սկզբանե երկմտել են՝ միջնորդել միայն կանա՞նց հարցով, որոնց խնամքին մանկահասակ երեխաներ կան, թե՞ նաեւ տնօրենի` Աշոտ Հովհաննիսյանի համար, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի պնդմամբ ներառվել է նաեւ տնօրենի անունը, այն հիմնավորմամբ, որ չի կարելի հեղինակավոր ընկերությանը նման հարված հասցնել՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը։
Որոշ պատգամավորներ կարծում են, թե սա է պատճառը, որ իրենց միջնորդությունը թողել են առանց քննության։ ՔՊ-ում խոսում են նաեւ՝ որ եթե այս գործը չհիմնավորվի, Փաշինյանը պարտավոր է աշխատանքից ազատել Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, ում համար այս գործն ավարտին հասցնելը դարձել է կյանքի-մահվան խնդիր: Նա ոչ միայն կեղծ գործ է հարուցել, այլեւ Փաշինյանին հավատացրել, որ երկաթե ապացույցներ ունի «դարի հանցագործության» հետ կապված, դրա համար է Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամի համար կալանքի սանկցիա պահանջել։
Դատախազությունից երեկ նաեւ պահանջել էին, որ 2 պատգամավոր նորից միջնորդություն ներկայացնեն` որոշվել է, որ երաշխավոր կկանգնեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը