«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Երբ նա կոչ արեց կալանավորին ծափերով ողջունել, գործընկերները տարակուսել են ՔՊ-ում: Ինչի՞ մասին է խոսքը. փետրվարի 2-ին Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականությունը՝ բիզնեսի համար» համաժողովին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթի ընթացքում հիշեց Էկոնոմիկայի նախարարության կոռուպցիայի գործով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին գովերգող հայտարարություններով: Հակոբ Արշակյանը ներկայացրեց Հովհաննիսյանի՝ վերջերս հրատարակված «Վերելք» գիրքն ու առաջարկեց ներկաներին ծափահարել նրան:
Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննիսյանը փետրվարի 1-ին 2 ամսով կալանավորվել էր, քանի որ Էկոնոմիկայի նախարարության ութ պաշտոնյաներ կասկածվում են, իրավապահների ձևակերպմամբ, առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով։ Ստացվում է՝ մի կողմից իրավապահները Աշոտ Հովհաննիսյանին կալանավորելու որոշում են կայացնում, իրավական գործընթաց են սկսում նրա նկատմամբ, իսկ, մյուս կողմից, ԱԺ փոխխոսնակն իր ելույթում գովերգում է կոռուպցիայի համար մեղադրվող նույն պաշտոնյային՝ այսպիսով ծաղրելով նաև իրավապահներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հակոբ Արշակյանի այս ելույթը մեծ աղմուկ է բարձրացրել ՔՊ-ում, ԱԺ փոխնախագահը նկատողություն է ստացել իր թիմակիցների կողմից, որոնք Արշակյանի այս արարքը տարակուսելի են համարել: Բացի այդ, ԱԺ պաշտոնական կայքում էլ Հակոբ Արշակյանի ելույթի այդ հատվածը խմբագրված է, չկան ծափողջույնները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին: Վերջինս ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը