23 12 2023

Գերատեսչություններում արդեն սկսել են ամանորյա կորպորատիվները․ «Հրապարակ»

Գերատեսչություններում արդեն սկսել են ամանորյա կորպորատիվները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ գերատեսչություններում արդեն սկսել են ամանորյա կորպորատիվների պատրաստությունները, դրա համար պետբյուջեից արդեն գնումներ են կատարվում։ Այս առումով հատկապես ակտիվ են Երեւանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների աշխատակազմերը։ Փորձեցինք ճշտել, թե մյուս գերատեսչություններն ինչպես են նշելու Ամանորը։ ԱԺ-ից հայտնեցին, որ դեռ ձեւաչափը հստակ չէ, սակայն «անակնկալներ չեն լինի», կլինի նույնը, ինչ նախորդ տարիներին։

ՄԻՊ աշխատակազմից ասացին, որ պետբյուջեի հաշվին կորպորատիվ չի լինելու։ Ենթադրվում է, որ իրենց միջոցներով են անելու։ Նույնը նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին․ «ՀՀ պետբյուջեից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին հատկացված միջոցներից որեւէ ծախս նախատեսված չէ Ամանորը նշելու համար։ Այս ընթացքում եթե ներկայացուցչական որոշ ծախսեր կատարելու անհրաժեշտություն առաջանա, ապա դրանք կարվեն օրենքով սահմանված կարգով եւ կհրապարակվեն»։

ՍԴ-ից եւս պատասխանեցին՝ միջոցառում չեն պլանավորում, 2020-ից հետո կորպորատիվներ ՍԴ-ում չեն լինում, ԲԴԽ-ում եւս միջոցառում չեն անի։ ԱՆ-ից պատասխանեցին․ «Այս պահին արդարադատության նախարարությունը որեւէ կազմակերպության հետ պայմանագիր չունի կնքած, որով կնախատեսվի ամանորյա միջոցառում»։ Այսինքն, չի բացառվում՝ մոտ ապագայում կնքեն պայմանագիրն ու միջոցառումն անեն։ Այս առումով ամենագաղտնապահը դատախազությունն է, մեր հարցին գրավոր հարցում պահանջեցին։ Հավանաբար, ամանորյա կորպորատիվի մեջ վատ բան են տեսնում կամ գրավոր հարցում են ուզում, որ Ամանորից հետո պատասխանեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ